Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունիսի 14-ին Օդեսայի Հայկական մշակույթի կենտրոնում անցկացվեց Ուկրաինայի հայերի միության համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին կազմակերպության գործունեության կիսամյակի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք Ուկարինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 


Ավանդույթի համաձայն, համաժողովը Տերունական աղոթքով բացեց ՀԱԵ Ուկրաինայի և Լեհաստանի թեմերի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՈւՀՄ բազմամյա նախագահ Վիլեն Շատվորյանը, ով ձեռնարկի մասնակիցներին ներկայացրեց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին և Չերկասիի հայ համայնքի նորընտիր նախագահ Անդրանիկ Սարգսյանին: 


Այնուհետև մասնակիցներին դիմեց ՀՀ դեսպանը, ով ներկաներին հորդորեց համախմբվել ՈւՀՄ ղեկավարության շուրջ, ակտիվ մասնակցել Ուկրաինայում ընթացող քաղաքական գործընթացներին՝ կես-միլիոնանոց համայնքի առջև առաջ եկող մարտահրավերները հաղթահարելու և պատշաճ ձևով Ուկրաինայի հայության ու Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու նպատակով։ Դեսպան Սեյրանյանն անդրադարձավ հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակին և տեղեկացրեց վերջին զարգացումների մասին։

Հայ դիվանագետը կոչ արեց ուկրաինահայ գործարարներին ներդրումներ կատարել Մայր-Հայրենիքում, ինչպես նաև աջակցել հայաստանյան արտադրանքի արտահանմանն ուկրաինական շուկա։ Հաջորդիվ Տիգրան Սեյրանյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց դեսպանությունում տեղի ունեցող փոխոխությունների մասին և մասնակիցներին ներկայացրեց Օդեսայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանին։ Իր ելույթի ավարտին դեսպանը հաջողություն մաղթեց համաժողովի աշխատանքներին և վստահություն հայտնեց, որ Ուկրաինայում ՀՀ ներկայացուցչությունների ու ՈւՀՄ գործակցությունն արդյունավետ կլինի։


Դեսպանից հետո ելույթ ունեցավ Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը, ով ներկայացրեց համայնքի աշխատանքները, նշելով, որ Օդեսայի կիրակնօրյա դպրոցը վերջերս տոնել է իր 15-ամյակը։


Համագործակցության առաջարկներով հանդես եկավ Չեխիայից ժամանած «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի խմբագիր Աննա Կարապետյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին կրթության, կանանց, սպորտի և պատմամշակութային կոմիտեների, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության տարածքային ներկայացուցչությունների գործունեության մասին զեկույցները: Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախագահ Արթուր Սարգսյանը պատմեց 2019թ. երկրորդ եռամսյակում ՈւՀՄ երիտասարդական կազմակերպության գործունեության մասին: ՈւՀՄ նախագահը ներկայացրեց իր դիտողությունները և առաջարկությունները զեկույցների առնչությամբ։


Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը Միության ակտիվ անդամներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պարգևները: Այսպես, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը պարգևատրվել է նախարարության «Ոսկե մեդալ»-ով, իսկ Լվովի «Աղբյուր» կազմակերպության ղեկավար Ավետիս Սարաջանյանը` «Պողոս Նուբար» մեդալով:


Համաժողովի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել ՈւՀՄ հաջորդ կիսամյակի գործունեության ծրագիրը։

orer.eu