,,Եղեռն» շարքից կցուցադրվի 20 կտավ
Հունիսի 18-ին, ժամը 12։00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում (վարչական մաս, գիտաժողովների սրահի հարևանությամբ) տեղի կունենա թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։
Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ: «Եղեռն» շարքը՝ 34 կտավ, Ժանսեմը ստեղծել է պատկառելի տարիքում 1998-2001 թթ., որոնք նույնքան խոսուն են, որքան Հայոց ցեղասպանության մասին պատմող որևէ ահասարսուռ պատմություն: Կտավների միջոցով Ժանսեմը վերարտադրել է այն տխուր պատմությունները, որոնք լսել էր դեռ մանկուց:
2002 թ. Հայաստան կատարած իր հերթական այցի ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ (2002 թ. հունիսի 21-ին) աշխարհահռչակ նկարիչն իր «Եղեռն» շարքը նվիրատվության կարգով հանձնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Թանգարան-ինստիտուտի համար Ժանսեմի կտավների ցուցադրության կազմակերպումը սկզբունքային հարց է: Ուրախ ենք, որ, ի դեմս ԱՐԱՐԱՏ թանգարանի, ունենք գործընկեր-աջակիցներ։ Վերջիններիս հետ՝ միջթանգարանային համագործակցության շրջանակներում, 2019 թ. հունիսի 18-ին այցելուների առջև կբացվի և՛ պատկերասրահը, և՛ Ժանսեմի կտավների մշտական ցուցադրությունը»,- նշում է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։
Նշենք, որ ՀՑԹԻ պատկերասրահը գործելու է երեքշաբթիից-շաբաթ, ժամը՝ 10։00-16։30:
Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը՝ 1000 դրամ:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել թանգարանի գրախանութից:
Ցուցադրության բացման օրը մուտքն անվճար է լինելու։