Կինոռեժիսոր Բորիս Ակոպովի (Հակոբովի) «Ցուլը» ֆիլմն արժանացել է ռուսաստանյան 30-րդ «Կինոտավր» կինոփառատոնի գլխավոր՝ Գրան պրի մրցանակին եւ դրամական պարգևի։ Այս մասին հայտարարել են Սոչիում՝ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ։
ՙ Սա երեւի իմ կյանքի ամենաերջանիկ օրն է։ Հրաշք է,երբ առաջին անգամ մասնակցում եմ ՙԿինոտավր՚ կինոփառատոնին եւ իմ առաջին ֆիլմն արժանանում է մրցանակի,- ասաց Բորիսը մրցանակն ստանալիս եւ շնորհակալություն հայտնեց իր ողջ թիմին՝ հիանալի աշխատանքի համար, ինչպես նաեւ հանդիսատեսին եւ ժյուրիին։ Ֆիլմի գլխավոր դերակատարաներն են ՝ Յուրի Բորիսովը եւ Ստասիա Միլոսլավսկայան։ Ֆիլմի պրոդյուսերներն են Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի ռեկտոր Վլադիմիր Մալիշևը և կինոպրոդյուսեր Ֆյոդոր Պոպովը։
Ֆիլմը մեկ այլ մրցանակի արժանացավ ՝ ՚Լավագույն օպերատոր՚ անվանակարգում։ Մրցանակը տրվեց ֆիլմի օպերատոր Գլեբ Ֆիլատովին։
Ֆիլմը պատմում է 1990-ականներին ռուսական քաղաքներից մեկում հանցավոր խմբավորման երիտասարդ առաջնորդ «Ցուլ» մականունով Անտոն Բիկովի մասին, որն իր ընտանիքը պահելու համար պատրաստ է ցանկացած միջոցի դիմել։ Հերթական ՙթաղային՚ հրաձգությունից հետո Անտոնը հայտնվում է ոստիկանության բաժանմունքում, որտեղից նրան դուրս է հանում մոսկովյան մի հեղինակություն՝ փոխարենը գլխավոր հերոսից պահանջելով փոքր, բայց վտանգավոր ծառայություն։
Բորիս Ակոպովի «Ցուլը» ֆիլմը մասնակցելու է նաեւ չեխական Կարլովի Վարիի միջազգային 54-րդ կինոփառատոնի ՚ Արեւմուտքից՝ Արեւելք՚ մրցութային ծրագրին՝ իբրեւ դեբյուտ։ Ցուցադրության օրերն են հուլիսի 1-ը, 2-ը եւ 4-ը։
ՙԿինոտավր՚՚ փառատոնում ՚Լավագույն ռեժիսոր՚ մրցանակը շնորհվեց Ալեքսանդր Լունգինին՝ ՙՄեծ պոեզիա՚ ֆիլմի համար։ Այս ֆիլմի գլխավոր դերակատար Ալեքսանդր Կուզնեցովն արժանացավ Յանկովսկու անվան ՙՏղամարդու լավագույն դերակատարում՚ մրցանակին։ ՙԿանացի լավագույն դերակատարում՚ մրցանակը շնորհվեց Օկսանա Կարասի ՙԵրկնքից բարձր՚ ֆիլմի գլխավոր դերակատարուհի Վիկտորիա Տոլստոգանովային։ Աննա Պարմասի ՙԱրի բաժանվենք՚ ֆիլմն արժանացավ ոչ միայն ՙԼավագույն դեբյուտ՚ մրցանակին, այլեւ Գրիգորի Գորինի անվան ՙԼավագույն սցենար՚ մրցանակին։ Միքայել Թարիվերդիեւի անվան օրիգինալ երաժշտական ձեւավորման մրցանակը տրվեց Վալերիա Գայ Գերմանիկի ֆիլմի կոմպոզիտոր Իգոր Վդովինին։
Փառատոնի շրջանակներում պարգեւատրվեցին նաեւ կարճամետրաժ ֆիլմերի հեղինակները, որոնք տարբեր անվանակարգերում արժանացան 7 մրցանակի։
ՕՐԵՐ
orer.eu