Աթենքի ,,Ազատ օր,, օրաթերթը հունիսի 13-ին գուժեց մեր ավագ գործընկեր, Հունաստանի ,,Ազատ օր,, օրաթերթի երկար տարիների գլխավոր խմբագիր, ՀՅԴ Դաշնակացության Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ, Հունաստանի ,,Համազգային,,-ի նախկին ատենապետ հասարակական ու համայնքային հայտնի գործիչ Հովսեփ Բարազյանի մահը։ Վերջին շրջանում նա հիվանդանոցում էր՝ ուղեղի արյան կաթվածի հետեւանքով, թվում էր, թե դուրս կգա այդ փորձությունից, սակայն ճակատագիրն անողոք գտնվեց։
Սփյուռքում հայկական մամուլի հրատարակումը միշտ էլ եղել է նվիրում եւ առաքելություն։ Հովսեփ Բարազյանն այդ առաքյալներից մեկն էր, ով իր կյանքի 50 տարիները նվիրեց Դաշնակցության Հունաստանի շրջանի ,,Ազատ օր,, օրաթերթին՝ 40 տարի մնալով իբրեւ թերթի գլխավոր խմբագիր։
Մեր ծանոթությունը սկսվել էր դեռ 2003 թվականին, երբ գտնվում էի Աթենքում՝ ,,Հայաստան 2020,, ծրագրին մասնակցելու նպատակով։ Բնականաբար որոշեցի ծանոթանալ նաեւ համայնքային կառույցներին եւ առաջին հանդիպումս Հովսեփ Բարազյանի հետ էր՝ ,,Ազատ օր,, ի խմբագրությունում։ Մեր առաջին ծանոթությունից թվաց, թե տարիների մտերիմ բարեկամներ ենք, նրա ջերմությունն ու պատրաստակամությունը միանգամից գրավեց ինձ։ Ծանոթացրեց ՀՅԴ հովանու ներքո գործող բոլոր մշակութային ու մարզական կառույցներին, եկեղեցիներին, դպրոցներին , համայնքային ձեռնարկների օջախներին։ Նույնիսկ ինձ ուղեկցեց այդ ժամանակ արդեն գործող ,,Հայաստան,, կենտրոն, որի ղեկավարության եւ ՀՅԴ-ի հարաբերությունները ,,սառն,, էին, որտեղ երբեք չէր եղել եւ առիթ ստեղծվեց, որ այդ սառույցը փոքր ինչ հալվի՝ ,,Սիրելի Հակոբ, եթե դու չլինեիր , ես այստեղ այդպես էլ չէի գա,,- ասաց նա։
Հետագայում մեր կապը վերածվեց մամուլի փոխանակման, ամեն շաբաթ ստանում էի ,,Ազատ օր,,-ի համարները։ 1998-99 թվականներից սկսյալ թերթը հրատարկվում էր շաբաթական 6 անգամ։ Դա իրապես օրաթերթ էր, ուր բացի կուսակցական տեղեկատվությունից, լայն տեղ էր հատկացվում սփյուռքահայ գաղթօջախների լուրերին, միջազգային եւ տեղական լուրերին, Հայաստանից ու Արցախից ստացված տեղեկատվությանը, ինչպես նաեւ գիտահանրամատչելի ու վերլուծական հոդվածներին։ Հիշենք, որ այդ տարիներին համացանցային մամուլը դեռեւս լայն տարածում չուներ։ Նրա օրոք նաեւ սկսվեց հունարենով 2 ամիսը մեկ անգամ հրատարակվել ,,Արմենիկա,, հավելվածը, որն ,,Ազատ օր,,-ի կարեւոր հոդվածների հունարեն ամփոփումն էր։
Երբ ծանոթացնում էր խմբագրության աշխատանքին, համեստորեն խոստովանեց. ,, Ես կատարում եմ ամեն տեսակ աշխատանք. սկսած խմբագրական գրելուց՝ վերջացրած միջազգային լուրեր թարգմանելը, թերթի սրբագրումն ու հյուրերին սուրճ մատուցելը,,։
Խմբագրի պաշտոնը թողնելուց հետո էլ, նա վերջին տասը տարիներին շարունակում էր աշխատակցել, գրում էր հոդվածներ, ակտիվորեն մասնակցում էր համաեվրոպական եւ հայաստանյան լրագրողական հավաքներին, Հայ Դատին նվիրված խորհրդաժողովներին։ Մեր հանդիպումները շարունակվում էին տարբեր երկրներում։
Բարի ժպիտով, ավագ գործընկերոջ բանիմացությամբ նա միշտ հանդարտ տոնով իր կարծիքն էր հայտնում, կիսվում էր տարբեր հարցերի շուրջ իր փորձառությամբ։
Մեր վերջին հանդիպումը 2018-ին էր՝ Երեւանում, լրագրողների համահայկական հավաքի ժամանակ։ Չէի պատկերացնում, որ վերջին անգամ ենք հանդիպում։ Հայ մամուլի մի համեստ ու նվիրյալ սպասավոր եւս հանգավ։
Խորին ցավակցություններ նրա կողակցին՝ տիկին Մայտային, զավակներին եւ ,,Ազատ օր,,-ի ողջ ընտանիքին։
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա
15.06.2019
Լուսանկարը՝ Հ.Ասատրյանի, 2003թ. Աթենք