Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Արչի Հարություն Գալենց

2019 թ. փետրվարի 21-ին «Առավոտ» տեղեկատվական կայքը հաղորդեց Հայաստանի Առաջին Տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Շվեյցարիայում կատարած այցի և նրա հայտարարած անակնկալի մասին:

Անակնկալն այն հայտարարությունն էր, որ Հայաստանը կրկին կզարմացնի աշխարհը, այս անգամ՝հետհեղափոխական ձեռքբերումներով։ Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաբարգավաճ երկրներից մեկը եւ պետք է բացարձակապես համեմատելի լինի Շվեյցարիայի հետ։

https://www.aravoten.am/2019/02/21/233118/?fbclid=IwAR3QBrkeoD33nbtgopp3T_ZzsOm64WEt_wECC0hsZefC0Rywmb72jejFNSo)

Հայաստանի վարչապետի կինը՝ հստակ կերպով և ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելով, Նիկոլ Փաշինյանին աջակցել է ոչ միայն հեղափոխության օրերի ընթացքում, այլև այժմ ևս գլխավորում է բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ և ստանձնում է լուրջ ներկայացուցչական առաջադրանքներ։

Փետրվարի սկզբին՝ Բեռլինի «Քոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարկի տակ, պատգամավորների և գործարարների հետ հանդիպման ժամանակ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը՝ ոչ միայն հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության, այլ նաև մտավորականների, ֆիզիկոսների եւ այլ գիտնականների, ծաղկող ՏՏ ոլորտի երկիր է, եւ ի լրումն դրա՝ որպես Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցող երկիր կարող է մուտք գործել 160 միլիոն մարդուց բաղկացած մի շուկա։

Իսկ մտահոգություն հարուցած՝ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարության վերացման հարցին վարչապետը պատասխանեց, որ ցանկացած իշխանության մեխանիզմ նաեւ հակված է չափազանցված վերահսկողության, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեռնարկողների վրա:

Պետական ապարատի նվազեցման կողմնակիցները շեշտում են, որ վերակազմավորում դեռ չի նշանակում պատասխանատու բնագավառների անտեսում: Այն, որ Հայաստանը ցանկանում է արդյունավետության նոր չափանիշներներ (ստանդարտներ) ներմուծել եւ նոր մոդելներ է փնտրում, նկատելի է նաև մշակույթի բնագավառում: Մայիսի կեսին՝ 2019թ.-ի Վենետիկի Բիենալեյում, մենք կկարողանանք արդեն դատել, թե Հայաստանի տաղավարը, որն այս անգամ՝ ըստ էքսպոզիցիայի համադրող Սուսաննա Գյուլամիրյանի, այլևս Մխիթարյանների տարածքում տեղադրված չէ, արդյոք նոր որակներով տպավորություն կգործի, թե ոչ։ Ցուցահանդեսային տարածքները Վենետիկում՝ Բիենալեյի ժամանակ, շատ թանկ են։ Բայց ցուցահանդեսի ֆինանսավորումը ստանձնող կառավարության հանձնակատարուհին իր հստակ ցանկությունն է հայտնել՝ «Արվեստի Օլիմպիական Խաղերի» մեջ շատ ավելին ներդնելու, քան սովորաբար վճարվող 5000 դոլարը: Վենետիկի Բիենալեն՝ ժամանակակից արվեստի եւ ճարտարապետության աշխարհի ամենակարեւոր «ստեղծագործական ցուցահարթակն» է, և այն հատկապես կարեւոր է, քանի որ
այս պարբերաբար կրկնվող ցուցահանդեսի ժամանակ մարդ չի կարող թաքնվել պատմության և ավանդույթի ետևում, այլեւ ստիպված է շոշափել «իրավիճակ»-ը եւ ազգի մշակութային քաղաքականությունը: Հայաստանը մասնակցում է Բիենալեյին 1995 թվականից, իսկ 2015 թվականին ազգային տաղավարի համար ստացել է «Ոսկե առյուծ» բարձրագույն մրցանակը: 2017 թվականի շնորհանդեսից հետո, որը շատ անհանգստացնող միտումներ ի հայտ բերեց (տե՛ս՝ „Schall und Rauch“-ADK  (Հայ Գերմանական Թղթակցություն)), այժմ պատրաստվում է մի մեծ հարակից տեղակայում (ինստալացիա)՝ բաղկացած բազմաթիվ վիդեոպրոյեկցիաներից, որը քննադատաբար շոշափելու է «Թավշյա Հեղափոխությունը», նրա ընթացքը եւ ակնկալիքները:

Բիենալեն կարեւոր է ոչ միայն արտաքին աշխարհին ներկայանալով, այլև  մոբիլիզացնում է ազգային ռեսուրսները, քանի որ մշակույթը՝ կրոնի հետ միասին,  իրականում ազգային ինքնության հիմնական սյուներից մեկն է: Նման ծրագիրն  ազդեցություն ունի նաև երկրի ներսում։ Մշակութային դաշտի շուրջ ծավալված  բանավեճն այստեղ դեռեւս պայմանավորված է կառավարության ապարատի վերակազմավորմամբ: Ինչպես արդեն հիշատակվեց, մի նախարարության վերացում դեռ չի նշանակում, որ խնդիրների վրա ուշադրություն չի դարձվի։ Բայց  այն փաստը, որ Հուշարձանների Պահպանության Վարչությունը, որը 1970-ական  թվականներից հաջողությամբ կառավարվել է Մշակույթի Նախարարության  կողմից, իսկ այժմ գտնվում է քաղաքաշինության գրասենյակի ենթակայության  տակ, արդեն շատ մտահոգիչ է: Այստեղ շահերի բախումն անխուսափելի է, եւ  ենթադրվում է, որ որոշ հուշարձաններ, ինչպիսիք են՝ Երևանում 19-րդ դարից  մնացած քաղաքային վերջին առանձնատները, կարող են հզոր շինարար-գործարարների զոհը դառնալ։

https://hraparak.am/post/1498633590?fbclid=IwAR3ogNUFiKfGb9ytk9eAuWVtVqDsLhVkogsLr-cION0q7sXxy4ylyWaMnjo

Մեկ այլ թեմա, որը թեժ քննարկումների առիթ է տվել՝ նկարներ եւ  մշակութային այլ արժեքներ թանգարաններից ուղիղ դեպի դպրոցներ բերելու և այնտեղ ներկայացնելու առաջարկն է: Ծրագիրը պետք է կոչվի «Քո արվեստը» և  իրականացնի այն ամենն, ինչը ներկայիս վարչապետը հայտարարել է 2018 թվականի մայիսին ֆիլհարմոնիայում՝ Երեւանի մշակույթի գործիչների հետ իր  հանդիպմանը: Որպես հիշեցում ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ  շնորհակալություն է հայտնել բոլոր այն մտավորականներին, ովքեր փողոցներում  արդյունավետ կերպով մոբիլիզացրել էին բնակչությանը, եւ խոստացել է  բնակչությանն այժմ մտավորականության մակարդակին հասցնել: Եվ իրոք «Քո  արվեստը» ծրագրի գաղափարը պետք է որ ուղիղ Նիկոլ Փաշինյանից եկած լինի:   Հայաստանի մտավորականները սակայն ակնհայտորեն մտահոգված են:   Գեղանկարների տեղափոխման համար մեքենաների հատուկ տրամադրումը եւ  հատկապես արժեքավոր օբյեկտների դեպքում նույնիսկ անվտանգության  ծառայության ապահովումը դժվար թե նրանց հանգստացնի։
 https://168.am/2019/02/12/1079785.html?fbclid=IwAR24J4kvUsQvjEQsYOmmWw1WDrRnliDqWovHu6Ftyq1HvoaHAy4pKZZHRE

Չի կարելի մոռանալ, որ Հայաստանը, չնայած ԽՍՀՄ-ի 15 հանրապետություններից ամենափոքրն է եղել, իր Կերպարվեստի պատկերասրահում ունեցել է արվեստի գլուխգործոցների ԽՍՀՄ-ում երրորդ խոշորագույն հավաքածուն։ Նույնիսկ գավառական քաղաքների, ինչպիսիք են Դիլիջանն ու Վանաձորը, արվեստի քաղաքային կենտրոններում դեռեւս հիանալի հավաքածուներ կարելի է գտնել: Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն  Սարգսյանը հանրաճանաչության այս քարոզարշավն անվանել է «ապուշություն»։  Փարաջանովի թանգարանը Երեւանի ամենակենսունակ թանգարաններից մեկն է, որը ոչ միայն արդարացնում է սեփական ծախսերը, այլեւ աջակցում է միջազգային  աշխույժ մի ծրագրի` վերջերս ցուցահանդեսներով հանդես գալով Բեռլինում եւ Ստամբուլում:

https://www.panorama.am/am/news/2019/02/18/%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AF%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B6%D5%A5%D6%80/2073960?fbclid=IwAR3ZH5lQgW0HwvCSKzVDaqpR_tlGF0uOOHcUxN2WokowGV2V7f_6S FgrGg#.XGqKlJDu6O9.facebook

«Անհեթեթությու՜ն։ Թանգարանների գոյությունը հենց այն բանի համար է,  որ մարդիկ գնան գեղանկարների մոտ եւ դրանք տեսնեն, այլ ոչ թե՝  ընդհակառակը: Անիմաստ է, եւ ո՛չ պրոֆեսիոնալ», – իր կայքէջում վրդովվում է  Հայկ Հովհաննիսյանը, որը Գերմանիայում ղեկավարում է գեղանկարների վերականգնման (ռեստավրացիոն) մի շատ երևելի արվեստանոց եւ տարիներ  շարունակ ակտիվորեն աջակցում է հայկական նման հաստատություններին:   Ազգագրագետ Գայանե Շագոյանը հուսով է, որ վարչապետ Փաշինյանը կփոխի իր  կարծիքը եւ կհրաժարվի «թանգարանի առաքման ծառայության» ծրագրից: Մշակույթի նախարարությունը ենթակա է կրթության նախարարությանը, եւ «Քո  արվեստը» ծրագիրն, անկախ այն բանից, թե ինչ ձեւով է այն իրականացվում,  հստակ կրթական ծրագիր է: 

Այն չի համալրելու թանգարանային հավաքածուները, այն չի ծառայելու  օբյեկտների ուսումնասիրմանն, այլ թանգարանային իրերը միշտ վտանգի տակ է  դնելու, քանի որ, օրինակ՝ գեղանկարների համար ջերմաստիճանի եւ  խոնավության ցանկացած կտրուկ փոփոխություն, որը տեղափոխության  ժամանակ անխուսափելի է, պարզապես աղետալի է:

Ավելի անհանգստացնող է այն փաստը, որ Հայաստանի  Հանրապետությունում չկա թանգարանային օրենք: Իսկ թանգարանները, մի քանի  բացառությունները չհաշված, պետական են եւ բնականաբար պետական  հրահանգներով են առաջնորդվում: Դեռ նախորդ կառավարության օրոք՝  Հայաստանի Ազգային Գրադարանի տնօրենն արտասահմանյան մի ցուցահանդեսի համար «Ուրբաթագիրք»-ի առաջին հրատարակությունը՝ 1512 թ-ին հայերենով տպագրված առաջին գիրքը, որից աշխարհում միայն մի քանի օրինակ  է պահպանվել, ստիպված է եղել փաթաթել մի լաթի կտորի մեջ և տեղափոխել՝  բաճկոնի ներքին գրպանում դնելով: Թեեւ եղել է նախագահ Սարգսյանի գրավոր  հանձնարարականը, սակայն ապահովագրության կամ փոխադրման համար  որեւէ միջոց չի հատկացվել: «Գրարվեստ և պատկերների հմայք» („Schriftkunst und Bildzauber“) ցուցահանդեսում, որը կազմակերպված է եղել է գերմանական Հալլե  ան դեր Զալե քաղաքում՝ հայ գրքի տպագրության 500-ամյակի կապակցությամբ,  այս անգին ցուցանմուշը ցուցադրված է եղել որպես մասունք՝ թանգարանին վայել ապակյա ծածկույթի տակ, որպեսզի հետո հայրենիք վերադարձվի կրկին տնօրենի  գրպանում, որը ճանապարհին փորձել է հնարավորին չափ քիչ քրտնել։

Ինչպես գիտենք, հույսն ամենավերջում է մեռնում: «Մոսկվայի հայ ազգային  մշակույթի թանգարանի» կայքէջը փետրվարի 25-ին իր էջում գրել է Երեւանի  երկու թանգարանների մասին, որոնք շուրջ 40 տարի սպասում են վերանորոգման։  Խոսքը կոսմետիկ վերանորոգման մասին չէ, այլ՝ հիմքի պատերի, փայտյա  հատակի եւ որոշ ցուցանմուշների բորբոսման մասին:  

https://www.armmuseum.ru/news-blog/sargsian-kojoyan?fbclid=IwAR2GoEfz2nbAGmmZ6-k3XwyZncThYc05yQtjWuoQgfC1xg7zuyb-V9Tdgk

Խոսքը քաղաքի կենտրոնում գտնվող մի տան մասին է, որտեղ երկու կարեւոր  հիմնարկներ են իրար վրա տեղակայված։ Մեկը՝ Ստամբուլում ծնված  քանդակագործ Արա Սարգսյանի արվեստանոցն է, որը վերջին շրջանում սովորել  է Վիեննայում եւ սերտ կապեր է ունեցել Նեմեսիս խմբի հետ։ Մյուսը՝ Մյունխենում սովորած գեղանկարիչ եւ գծանկարիչ, ազգային գեղանկարչության հիմնադիր՝ Հակոբ Կոջոյանի թանգարանն է: Անհանգստացնող այս զեկույցի հուսադրելի  կողմը դեռեւս խորհրդատվական փուլում գտնվող օրենսդրական առաջարկի հիշատակումն է: Ըստ դրա թույլ է տրվելու, որպեսզի պետական  թանգարաններում սրճարաններ գործեն, որոնց ամբողջ հասույթն օգտագործվի  ցուցահանդեսների տարածքի վերանորոգման համար: Ակնհայտ է, որ  թանգարանների սննդի կետերը խոշոր եկամուտներ են բերում: Հայաստանում  գտնվող մի քանի թանգարանների, ինչպիսիք են օրինակ՝ Գյումրիի Ասլամազյան  քույրերի թանգարանը, կամ Երևանի վերոհիշյալ Փարաջանովի թանգարանն, իրոք  հաջողվում է որոշակի գումար վաստակել՝ այցելուներին վաճառքի համար  բացիկներ եւ այլ հուշանվերներ առաջարկելով։ Սակայն վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար դա, անշուշտ, բավարար չէ։ Վաճառքը տեղի է ունենում տնօրենի անձնական պատասխանատվությամբ: Իրավական  իրավիճակը կարգավորված չէ, իսկ սեփական նախաձեռնությամբ ռիսկի գործոնն ուժեղանում է:

Հստակ իրավական կարգավորման բացակայությունը մի քանի մասնավոր  թանգարանների կյանքը բոլորովին չի հեշտացնում: Իսկ Մշակույթի  նախարարության վերացումը ավելի մեծ քաոս է առաջացնելու:

Իսկ վեճի դեպքում դատական գործերը երկարաձգվելու են, քանի որ  օրենսդրության մեջ մշակութային արժեքների կարգավորման մասին որևէ  կոնկրետ բան չկա: Այս դեպքում կարելի է նշել Թամանյանի թանգարանը, որը  հիմնադրվել է 2001 թվականին եւ պետության ու մասնավոր անձանց հաջող համագործակցության փայլուն օրինակ է: Տարածքներ եւ աշխատատեղեր  տրամադրել էր պետությունը, իսկ թանգարանի բովանդակությունը՝  գծանկարների, լուսանկարների եւ  մոդելների տեսքով, տրամադրել էին  ճարտարապետի ժառանգները: Սակայն անցյալ տարի ընտանիքը ետ է վերցրել  ցուցանմուշները, եւ թանգարանը փակվել է, կամ ավելի շուտ պարտադրաբար  ձուլվել Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտին: Շատ ավելի  դրամատիկ է Երեւանի Կալենցի Թանգարանի ճակատագիրը, որը 2010 թվականին բացվել է որպես զուտ անձնական տուն-թանգարան եւ առաջին հերթին նվիրված է եղել իմ պապի՝ նկարիչ Հարություն Կալենցի կյանքին և ստեղծագործությանը:  2017 թվականի հոկտեմբերին, հորս՝ Կալենցի Թանգարանի հիմնադիր Սարո  Գալենցի մահից հետո ժառանգության շուրջ առաջացած դառը վեճը հիմնովին  բացահայտեց Հայաստանում իրավական համակարգի հիմնական  թերությունները: Սկսենք նրանից, որ արվեստի ստեղծագործությունները,  ձեռագրերը կամ հոգևոր այլ արժեքներ չեն կարող գրանցվել որպես  սեփականություն: Թանգարանը, որը Մշակույթի նախարարությունից վեց տարի շարունակ չորս աշխատատեղ է ստացել, երբեք եւ ոչ մի տեղ գրանցված չի եղել։ Նաև երբեք գոյություն չի ունեցել թանգարանի ցուցանմուշների ցանկ։ Նոտարը, որը զբաղվում էր ժառանգության իրավահաջորդության հարցով, սկզբում հրաժարվում էր փաստացի գոյություն ունեցող արվեստի գործերի ցանկ ստեղծելուց, քանի որ Հայաստանում դրա նախադեպը չի եղել: Իսկ երբ նա արդեն պատրաստ էր այդ աշխատանքն անել, որը կատարվելու էր իհարկե երեկոյան՝ իր գրասենյակային աշխատանքից հետո, նրան պարզապես թույլ չէին տալիս տուն մտնել:

Այս հարցը քննվեց երեք դատական ատյաններում, մինչեւ որ Վճռաբեկ դատարանն այս տարվա հունվարին որոշում կայացրեց, որ նոտարը գույքագրում  կատարելու իրավունք ունի: Համեմատության կարգով նշեմ, որ այլ երկրներում նման հարցերը կարգավորվում են ոստիկանության կողմից՝ ժառանգի դիմումի համաձայն, բնակարանի առջեւի մուտքի դուռը կնիքով կողպելով:

Սակայն Վճռաբեկ դատարանի որոշմամբ ոչինչ էլ վերջնականապես  չկարգավորվեց, քանի որ իշխանությունները ժառանգության հիմքով գրանցում են  միայն անշարժ գույք եւ մեքենաներ, բայց ո՛չ գրադարաններ կամ արվեստի  հավաքածուներ, էլ չեմ ասում՝ գեղանկարներ կամ՝ հեղինակային իրավունքն ընդհանրապես։ Նվիրատվության իրավունքը նույնպես մնում է չկարգավորված,  ինչը մարդկանց դրդում է քրեական արարքներ կատարել: Հայաստանում միայն  մեքենաների եւ անշարժ գույքի նվիրատվությունների համար է անհրաժեշտ  նոտարական վավերացում: Մնացած ամեն ինչ կարելի է վավերացնել, պատկերավոր ասած, անձեռոցիկի վրա՝ եռանկյունանշանով (ծիտիկ, ✓)։ Նման  նվիրատվությունը, միևնույն է՝ թե ինչ արժեքի, նվիրատուի մահից հետո է տեղի  ունեցել, թե ոչ, այլեւս հնարավոր չէ բացահայտել: Կոնկրետ Կալենցի թանգարանի դեպքում՝ հորս, որը ոչ մի կտակ էլ չէր թողել, մահից չորս ամիս անց, որպես  նվիրատվության պայմանագիր, հայտնվում է բազմաթիվ էջերից բաղկացած մի  ցուցակ, որպեսզի հենց դատավարության ժամանակ որպես փաստարկ գործածվի՝ խոչընդոտելով նոտարի մուտքը գույքագրում կատարելու համար: Թղթերի այս  ժողովածուն, որը ո՛չ նոտարի կողմից էր վավերացված, ո՛չ վկաների անուններն էր  նշում, կամ ո՛չ էլ առնվազն մի ձեռագիր տող էր պարունակում «նվերատու»-ից, որն իր մահից մեկ տարի առաջ տառացիորեն արվեստի բոլոր գործերն իբր նվիրած է  եղել հեռու արտերկրում ապրող իր ավագ եղբորը,– ներկայացված էր  ֆոտոպատճենի (քսերոքսի) տեսքով։ Այս ամենը գուցե հեռուստասերիալների  սցենար է հիշեցնում, բայց փաստաթղթերի կեղծման այս դեպքի քրեական  ոստիկանության հետաքննությունից հետո միայն, ամիսներ անց, օրիգինալ  տարբերակը տեսնելու հնարավորություն տրվեց: Սակայն փորձագետներին թույլ  չտրվեց նմուշ վերցնել՝ թղթի եւ թանաքի հնությունը հետազոտելու եւ  «նվիրատվության» ստեղծման ամսաթիվը պարզելու համար, քանի որ կասկածյալը, որպես փաստաթղթի սեփականատեր, հետազոտվող A4 թերթերից  չնչին քանակությամբ նմուշներ վերցնելու իր համաձայնությունը չէր տվել,  որպեսզի իբր թե «փաստաթղթի» պատմա-մշակութային արժեքը չվնասվի:   «Եռանկյունանշան»-ի (ծիտիկ, ✓)՝ որպես ենթադրյալ ստորագրության, գրաֆոլոգիական հետազոտությունը նշանի պարզության պատճառով մերժվեց` որպես անապացուցելի: Գործն, ի վերջո, ավելի քան կես տարվա քաշքշուքից եւ  երեք քննիչներին փոխելուց հետո՝ առանց որեւէ եզրակացության կարճվեց։ 

Իրավական միակ հնարավոր գործընթացը հետևյալն է. դատական գործ  հարուցել դատախազության դեմ և երեք ատյաններից պահանջել, որ կատարեն՝  փաստաթղթերի ապօրինի կեղծման ծանր հանցանքի կասկածանքով այս  հետաքննության իրենց պարտականությունները։ Նաեւ առանձնահատուկ  դատական նիստը, որը՝ «նվիրատվություն»-ը բազմաթիվ ձևական սխալների պատճառով, ինչպիսիք են՝ «ամբողջական արխիվ» խեղաթյուրված  արտահայտությունը, փաստաթղթի յուրաքանչյուր էջում ստորագրությունների բացակայությունը կամ նվիրված օբյեկտների տեղի ունեցած փաստացի  ընդունման բացակայությունը, պետք է չեղյալ հայտարարվեր, քանի դեռ ստորագրության իսկությունը չէր ապացուցվել, – մնաց առանց արդյունքի, քանի  որ հայկական օրենքում նվիրատվության համար հատուկ կարգ նախատեսված չէ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Բայց կարելի է բողոքարկել: Հայաստանը սահմանադրական պետություն է: Բեռլինի «Քոնրադ Ադենաուեր» հիմնադրամում՝  իր վերոհիշյալ հանդիպման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ  նշել է, որ նոր կառավարությունը «չէր ուզենա միջամտել դատարանների  աշխատանքին: Սակայն դատարանները, ինչպես երևում է, դեռ ակնկալում են վերևից հրահանգներ ստանալ։ Եվ եթե մենք չենք միջամտում, դեռ չի նշանակում,  որ մյուսներն էլ չեն միջամտի»: Ակնհայտ է, որ մենք այստեղ գործ ունենք ոչ միայն դատական իշխանության անկախության չափելի աստիճանի հետ, այլ նաև՝ այն  համոզմունքի, որ արդարադատությունը մի ծառայություն է, որը խնդիրներ է  կարգավորում, եւ եթե անհրաժեշտ է՝ նաև փաստեր օրինականացնում: Դա  կոչվում է բանավեճի մշակույթ (բանավեճի կուլտուրա), որը տարբեր ազգերի մոտ շատ տարբեր է դրսևորվում:

Այժմ՝ Թավշյա Հեղափոխության մոտեցող տարելիցին, ամբողջ շեշտադրումը կարելի է դնել կենսամակարդակի բարձրացման եւ տնտեսական զարթոնքի վրա, եւ ցանկացած մշակույթ՝ որպես եզրային երևույթ դիտարկել։ Բայց ինչպե՞ս են  ուզում մեր երկիր բազմաթիվ ներդրողներ բերել եւ արագ տեմպերով շվեյցարական  կենսամակարդակին հասնել, երբ արժեթղթերը, բաժնետոմսերը կամ հասույթը  կարգավորող այլ արժեքներ նույնիսկ մեքենայի արժեքի կարգավիճակ չունեն։  Ինչպե՞ս կարող են երաշխավորել իրավական անվտանգություն, երբ միայն անշարժ գույքն ունի պաշտպանության բարձր կարգավիճակ, եթե գույքային  սեփականության առք ու վաճառքի հիմնական մեխանիզմներն, ըստ երեւույթին, դեռ խորհրդային ժամանակաշրջանի մնացուկներ են։

Այս հոդվածն առաջին անգամ լույս է տեսել 2019 թվականին «Հայ-Գերմանական Թղթակցություն» (Armenisch-Deutsche Korrespondenz / ADK)  ամսագրի 182-րդ համարում։ Տե՛ս՝ Armenisch-Deutsche Korrespondenz, ADK, 2019/1,  Nr. 182, էջ՝ 52-54։ «Հայ-Գերմանական Թղթակցություն»-ը եռամսյա ամսագիր է,  որը հրապարակվում է Գերմանա-Հայկական Ընկերության կողմից։

 

Արչի Հարություն Գալենց

Գերմաներենից թարգմանեց՝ Ստեփան Գանտրալյանը

 

Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի