Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հունիսի 15-ին` ժամը 19:30–ին, «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը: Միջոցառման կազմակերպմանն աջակցել են «Ազնավուր» կենտրոնը՝ Նիկոլա Ազնավուրի և Քրիստինա Սարգսյանի անմիջական միջնորդությամբ, «Արմենիա Վայն» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա «Մաեստրո Քոչարի ուղերձները» տեսաֆիլմի շնորհանդեսը. տեսաֆիլմում Ե. Քոչարի ուղերձները ներկայացնում են մեր քաղաքի մշակութային և քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձինք, մեր երկրում հավատարմագրված դեսպաններ, Քոչարի արվեստի երկրպագուներ:

Կներկայացվի նաև Երվանդ Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների մի ընտրանի, որ Վարպետն անվանել է «ՓՇՐԱՆՔՆԵՐ…»:

Քոչարն այն արվեստագետն է, ում ստեղծագործական ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է, արվեստագետ, ով Փարիզում (1923-1936 թթ.) եռանդուն մասնակցություն է ունեցել պատմական ավանգարդ արվեստի կերտման գործում և «Փարիզյան դպրոցի» միակ ներկայացուցիչն է Հայաստանում:

Նրա փարիզյան շրջանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին՝ այս տեսակետից կարևորագույն օղակ հանդիսանալով հայ-ֆրանսիական մշակութային փոխհարաբերություններում:

Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ 

 

orer.eu