Լուսանկարում՝ Մանուել Բլանկոն նվագում Հարությունյանի ջութակի կոնցերտը
Ավարտին մոտեցավ Չեխիայի լավագույն միջազգային երաժշտական փառատոնը՝ ,,Պրահայի գարունը,,։ Այն արդեն 74-րդ անգամ անցկացվեց Պրահայի մայրաքաղաքում, եւ ինչպես միշտ բոլոր համերգներն անցան լեփ-լեցուն երկու գլխավոր դահլիճներում՝ Ռուդոլֆինումի՝ Դվորժակի անվան դահլիճում եւ Հանրային տան՝ Սմետանայի սյունազարդ դահլիճում։ Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը բազմազան էր եւ հարուստ։ Դասական ստեղծագործությունների կողքին կատարվեցին նաեւ ժամանակակից կոմպոզիտորների գործեր, որոնցից մի քանիսը համաշխարհային պրեմիերաներ էին։
Փառատոնի բացումը կատարեց գերմանական Բամբերգեր սիմֆոնիկը՝ հիանալի դիրիժոր Յակուբ Հրուշայի ղեկավարությամբ, եւ եզրափակեց՝ ֆրանսիական Տուլուզի Կապիտոլի ազգային նվագախումբը՝ հանրահայտ Տուգան Սոխիեւի ղեկավարությամբ։ Ինչպես ամեն տարի, փառատոնը սկսվեց Սմետանայի ,,Իմ հայրենիք,, անկրկնելի ստեղծագործությամբ, եւ փակվեց Դվորժակի Ջութակի կոնցերտով, որ հրաշալի կատարեց ֆրանսիացի հայտնի ջութակահար Ռենո Կապուչոնը։
Լուսանկարում՝ Էմանուել Ճգնավորյանը նվագում է Սիբելիուսի կոնցերտը
Այս տարվա փառատոնն ուներ նաեւ երկու հայկական թեմա։ Նախ ինչպես արդեն գրել էինք, հիանալի ելույթ ունեցավ տաղանդավոր երիտասարդ ջութակահար, վիեննաբնակ Էմանուել Ճգնավորյանը՝ կատարելով Սիբելիուսի ջութակի կոնցերտը եւ Կոմիտասի ,,Կռունկ,,ը։ Այնուհետեւ Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը բրիտանա- ավստրիալական հայտնի կին դիրիժոր Ջեսիկա Քոթիսի ղեկավարությամբ կատարեց Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի եւ նվագախմբի համար կոնցերտը։ Շեփորահարը իսպանացի երիտասարդ շնորհալի երաժիշտ Մանուել Բլանկոն էր։ Իրականում վերջին պահին Ջեսիկան փոխարինեց մեկ այլ անվանի կին դիրիժորի՝ մեքսիկացի Ալոնդրա դե լա Պարային, ով չկարողացավ գալ Պրահա ընտանեկան խնդիրների պատճառով։
Ջեսիկան լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ծրագիրն իր համար ընդունելի էր, հանրածանոթ են թե՛ Հարությունյանի գործը, թե՛ Շոստակովիչի եւ Ստրավինսկու ստեղծագործությունները։ Հետաքրքիր շարժունակությամբ ու ակտիվությամբ նա ղեկավարեց թե՛ Շեփորի կոնցերտը եւ թե՛ Ստրավինսկու ,,Պետրուշկան,,։
Լուսանկարում՝ Ուղղաթիռ վարող դիրիժորը՝ Ջեսիկա Քոթիսը ասուլիսի ժամանակ
Համերգից առաջ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք նախկինում նվագել է Հարությունյանի կոնցերտը եւ ի՞նչ կարծիք ունի այդ կոնցերտի վերաբերյալ Ջեսիկա Քոթիսը պատասխանեց.
,,Այո, ես դա նախկինում ղեկավարել եմ երկու անգամ։ Իմ կարծիքով, դա շատ գրավիչ գործ է եւ համարում եմ, որ դա շեփորի լավագույն կոնցերտներից մեկն է, մյուսը՝ Հայդնի շեփորի կենցերտն է։ Սրանք երկու ամենաուժեղ շեփորի սոլո կոնցերտներն են։ 16 րոպե տեւողությամբ այս ստեղծագործության մեջ Հարությունյանը կարողանում է ամեն ինչ դնել ՝ հրաշալի մեղեդայնություն, շեփորի մասը շատ վիրտուոզ է, եւ կան շատ ռիթմիկ մասեր։ Իրականում հոյակապ գործ է։ Ըստ էության դա գրվել է 1950 թվականին, բայց միաժամանակ շատ մոդեռն է, եւ միտված է ապագային։ Այն նաեւ շատ սիրված է հանդիսատեսի կողմից»։
Ի դեպ, Ջեսիկան շատ է սիրում ուղղաթիռ վարել։ Պատասխանելով մեր հարցին, նշեց, որ վերջին անգամ անցյալ տարվա դեկտեմբերին է ուղղաթիռի ղեկը բռնել, քանի որ շատ զբաղված է, եւ ամեն թռիչքից առաջ նաեւ նախապատրաստական ժամանակ է պետք։ Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա նրա կարծիքով՝ ,,իբրեւ դիրիժոր շատ մեծ առաքելություն ունենք դասական երաժշտությունը կենդանի պահելու հարցում,,։
,,Դիրիժորության մեջ սեռը կապ չունի, կին է, թե տղամարդ, կարեւորն այն է, թե մարմինն ինչքանով է ընդունակ կատարել այդ գործը,,- ասում է Ջեսիկան։
Լուսանկարում՝ Ջեսիկա Քոթիս
Փառատոնի շրջանակներում Հեկտոր Բեռլիոզի ստեղծագործությունները հնչեցին Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ ամերիկացի հայտնի դիրիժոր Ջոն Նելսոնի ղեկավարությամբ։ Հատկանշական իրադարձություն էր Հռոմի Սանտա Ցեցիլիայի ազգային ակադեմիայի նվագախմբի ելույթը՝ դիրիժոր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ, ով նաեւ Լոնդոնի Քովենթ Գարդենի երաժշտական ղեկավարն է։
Օպերային երգի սիրահարների համար իսկական տոնախմբություն էր չորս սերունդների օպերային աստղերի մասնակցությամբ համերգը, որին մասնակցեցին սոպրանո Գաբրիելա Բենաչկովան, սոպրանո Վերոնիկա Հոլբովան, մեցցո սոպրանո Էլիշկա Զայիցովան, ալտուհի Յանա Սիկորովան։ Նրանց ընկերակցեցին տենոր Կիրիլ Մատվեեւը, տենոր Սեոնգսյու Ռյուն, բարիտոն Ռոման Հոզան եւ բաս Պետր Միկուլաշը։ Իհարկե, բարձրակարգ էր Ազգային թատրոնի նվագախմբի ելույթը՝ Յարոսլավ Կիզլինկի ղեկավարությամբ։ Հայտնի արիաներից մեներգերն ու զուգերգերը հաջորդեցին միմյանց՝ մեծ բավականություն պատճառելով հանդիսատեսին։
Լուսանկարում՝ օպերային երգիչները համերգի ավարտին
Տպավորիչ էր նաեւ Չեխ ֆիլհարմոնիկի ելույթը՝ Բեն Գլասբերգի ղեկավարությամբ եւ գալարափող նվագող Ալեքսանդր Քոլարդի մասնակցությամբ։ Վիեննայում բնակվող չեխ կոմպոզիտոր Շիմոն Վոսիչեկի ստեղածագործությունը հնչեց առաջին անգամ, որին հետեւեց Մոցարտի գալարափողի եւ նվագախմբի կոնցերտը։
Փառատոնի հայտնություններից էին նաեւ լեհական ծագումով ամերիկացի դաշնակահար Յան Լիսեցկու եւ չեխ-արաբական ծագումով վիրտուոզ ջութակահար Միլան ալ Աշաբի ելույթները։
Այլ հրաշալի կատարումներ էլ եղան փառատոնի շրջանակներում, միայն թե անհնար է բոլորին անդրադառնալ։
Ինչպես արդեն գրել ենք, փառատոնին կից անցկացվեցին երաժշտական մրցույթներ` այս տարի հոբոյի եւ ֆլեյտայի, որոնց հաղթողներին հնարավորություն տրվեց հանդես գալ առանձին համերգային ծրագրով։
Իսկ փառատոնի փակումը կատարեցին շեփորահարները՝ հունիսի 4-ին Տուլուզի նվագախմբի ելույթից հետո Հանրային տան պատշգամբից ազդարարելով 24-օրյա երաժշտական հրավառության ավարտը։
Հ.Ասատրյան
Պրահա
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ ,,Պրահայի գարուն,, փառատոնի
Լուսանկարում՝ Ջեսիկա Քոթիս
Լուսանկարում՝ Անտոնիո Պապանոն եւ փառատոնի տնօրեն Ռոման Բելորը
Լուսանկարում՝ Տուգան Սոխիեւը
Լուսանկարում՝ սոպրանո Վերոնիկա Հոլոբովան եւ դիրիժոր Յարոսլավ Կիզլինկը
Լուսանկարում՝ Ռենո Կապուչոնը
Լուսանկարում՝ Յան Լիսիցկին
Լուսանկարում՝ Ջեսիկա Քոթիսը ասուլիս ժամանակ
Լուսանկարում՝ ջութակահար Միլան ալ Աշհաբը եւ դաշնակահար Ադամ Սկոումալը
Լուսանկարում՝ Գաբրիելա Բենաչկովան եւ Ռոման Հոզան
Լուսանկարում՝ Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճը փառատոնի օրերին
Լուսանկարում՝ Հանրային տան Սմետանայի դահլիճը
Փառատոնի փակման ելույթը՝ դիրիժոր Տուգան Սոխիեւը, ջութակահար Ռենո Կապուչոնը եւ Տուլուզի նվագախումբը