Հունիսի 6-16-ը Պրահայի Ցուցահանդեսների պալատում (Prague Exhibition Grounds/Výstaviště Praha) կանցկացվի 14-րդ ﬕջազգային Քվադրինալեն, որի այս տարվա հիմնական թեման է՝ Երեւակայություն, վերափոխում եւ հիշողություն։ Պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 5-ի երեկոյան։
Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցում միջազգային թատերական արվեստին նվիրված այս հրաշալի ստուգատեսին։ Այս անգամ Հայաստանը կներկայացնի միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը՝ «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիայով: Հայաստանից նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիﬓադրամը՝ ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի աջակցությամբ: Ցուցադրության համադրողն է Լիա Մխիթարյանը, թատերանկարիչ-էքսպերտը՝ Լիլիթ Ստեփանյանը, արվեստի քննադատը՝ Վարդան Ջալոյանը, կոմպոզիտորը և շարժական համակարգի հեղինակը` Ռոլֆ Գելհարը։
Պրահայի Քվադրինալեն (Prague Quadrennial) հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն և իր ընդգրկումով ամենաճանաչված արվեստի միջազգային փառատոնը` ժամանակակից տարածական ձևավորումից, մինչև հագուստի, լուսային և ձայնային ձևավորում։ Զուր չէ, որ հունիսի 3-ին Չեխիայի մշակույթի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում Քվադրինալեի գլխավոր տնօրեն Պավլա Պետրովան այն համեմատեց Վենետիկի արվեստի Բիենալեի հետ։ Փառատոնի ծրագրերի ղեկավար Մարկետա Ֆանտովան էլ ներկայացրեց այն բոլոր 3 գլխավոր բաժինները, որոնցում պետք է անցկացվի Քվադրինալեն՝ երկրների եւ շրջանների ցուցահանդեսները, որոնցում հանդես կգա նաեւ Հայաստանը, Ուսանողական ցուցադրությունները եւ ներկայացումների ցուցադրությունը։
Կազմակերպիչների ասելով, Քվադրինալեի 11 օրերի ընթացքում աշխարհի 79 երկրներից ժամանած 800 արվեստագետներ կներկայացնեն 600-ից ավելի ներկայացումներ, կանցկացնեն աշխատաժողովներ եւ դասախոսություններ։
Քվադրինալեի հիմնական հովանավորներն են Չեխիայի մշակույթի նախարարությունը, Պրահայի քաղաքապետարանը Պրահա 7 թաղամասի թաղապետարանը։ Հիմնական մեդիա գործընկերներն են Չեխական հեռուստատեսությունն ու ռադիոն։
Արշակ Սարգսյանի «Ուտոպիական նորաձևություն» (Utopian Fashion) ժամանակակից ինստալյացիան մարդաբանական հետազոտություն է մարդ-հագուստ կապի մասին, ինչպես հագուստը կարող է ստեղծել հարություն (վերածնունդ)/ համայնք , այլ կերպ հագուստի միջոցով նայել մարդկության հեռավոր ապագան։ Հագուստը հանդիսանում է մի գործիք, որի միջոցով կանխատեսում ես մարդու ով լինելը կամ այն դերը, որ մարդը հանձն է առել վերցնել իր վրա, որն էլ շատ հաճախ սերտաճելով իր հետ` դառնում է մարդու էության անբաժան մի մասը։
Հագուստն այստեղ այլևս ոչ թե արտաքին հարդարանք է , այլ մարդու տեսակի «սրբապատկեր»։
Նշենք նաեւ, որ Քվադրինալեի կազմակերպիչներն ունեն իրենց գլխավոր ցուցադրությունները, որոնք ներկայացնում են Չեխիայի, Նիդերլանդների, Դանիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Իտալիայի, Հունգարիայի արվեստագետները։ Քվադրինալեն նաեւ կներկայացնի հատուկ ծրագրեր ուսանողների եւ երեխաների համար։
Լավագույն նախագծի հեղինակը կպարգեւատրվի ,,Ոսկե ձի,, մրցանակով, հատուկ մրցանակներ կտրվեն նաեւ բեմահարդարման նորարարությունների համար։
Հակոբ Ասատրյան
Պրահա