Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Մայիսի 29-ից  հունիսի 3-ը  Չեխիայի մայրաքաղաքում անցկացված  ,, Ազգերի սիրտ Պրահան,,  ազգությունների ու էթնիկ խմբերի  21-րդ միջազգային փառատոնում, որին մասնակցում էին 30-ից ավելի խմբեր ու անհատ կատարողներ, առաջին անգամ  ելույթ ունեցավ նաեւ հայկական խումբը։  Մեկ տարի առաջ ,,Ուրարտու,, հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ եւ ,,Չեխիայի հայ երիտասարդական միության,, նախաձեռնությամբ ստեղծված  ,,Կիլիկիա,, պարախումբ,,ը չորս բացառիկ ելույթներ ունեցավ՝ արժանանալով փառատոնի պատվավոր դիպլոմին։  Ավելին, պարախմբին տրվեց փառատոնի պատվավոր անդամի կարգավիճակ։

Իսկ փառատոնին մասնակցում էին իրոք պրոֆեսիոնալ խմբեր, որոնց կատարումները հիացնում էին  իրենց ինքնատիպությամբ ու գունեղությամբ։ Հատկապես աչքի էին ընկնում Սլովակիայի, Հունգարիայի եւ Ռումինիայի պարախմբերը։

Վացլավի եւ  Ստարոմեստսկա հրապարակներում, ինչպես նաեւ Վինոհրադի թատրոնի Գալա համերգին ներկայացվեցին հայկական ,,Քոչարի» , ,,Յարխուշտա», ,,Շորոր» եւ ,,Բերդ» պարերը։ Հայկական պարախմբի ելույթները ուղեկցվում էին ջերմ ծափողջյուններով ու բացականչություններով։  Զգացվում էր նաեւ կազմակերպիչների հատուկ վերաբերմունքը հայկական խմբի նկատմամբ, քանի որ ներկայացնելիս մանրամասն նշվում էր, որ կատարվում է հայ ժողովրդի հնադարյան մշակութային գանձարանի նմուշներից։ 

Զարմանալի է, որ ընդամենը մեկ տարի առաջ  ,,Արի պարի Քոչարի,, համահայկական ֆլեշմոբի համար ստեղծված նախաձեռնությունը վերածվեց  մշտական գործող պարախմբի։

Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Սարգսյանը վերհիշում է.

,, Ամեն ինչ սկսվեց ,,Քոչարի,, պարելու  անհրաժեշտությունից, երբ այն ժամանակ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ինձ խնդրեց աջակցել երիտասարդներին՝  բեմադրելու ,,Քոչարի,, պարը։ 2018-ի ապրիլին սկսեցինք պարապմունքները եւ  առաջին ելույթը ունեցանք Յիհլավայի խաչքարի մոտ՝ թավշյա հեղափոխության օրերին։  Ապա մայիսի վերջին  ելույթներ ունեցանք  Ստարոմեստսկա եւ Վացլավի հրապարակներում, նույնը կրկնեցինք  նաեւ Պրահայում։  Արդյունքներն այնքան ոգեւորիչ էին, որ երիտասարդները ցանկություն հայտնեցին շարունակել պարապմունքները եւ  արդեն մայիսի 28-ին հանդես եկանք Պրահայի կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակում։  Այնուհետեւ ելույթներ ունեցանք Չեխիայի դիվանագետների Սուրբծննդյան փառատոնում, որից հետո մեզ հրավիրեցին մասնակցելու  ,,Ազգերի սիրտ Պրահան» միջազգային հեղինակավոր փառատոնին, որին ամեն խումբ չի կարող մասնակցել։ Պահանջները բավականին խիստ են։ Կազմակերպիչները մեծ ուշադրություն են դարձնում որակի եւ մակարդակի վրա»։ 

Ալեքսանդր Սարգսյանի ասելով, այսօր պարախմբին անդամակցում են  9 տղա եւ 13 աղջիկ, սեպտեմբերից միգուցե նոր ընդունելություն հայտարարեն, որպեսզի ցանկացողները կարողանան միանալ պարախմբին։  Սակայն, ինչպես նշեց պարախմբի ղեկավարը, պետք է բարձրացնել փորձերի հաճախումների կարգապահությունը, այլապես  որեւէ  դրական արդյունքի չեն կարող հասնել։

Ավելացնենք, որ 18 երկրներից Պրահա ժամանած պրոֆեսիոնալ խմբերի շարքում ,,Կիլիկիան,, ոչ միայն աչքի ընկավ իր  պարային  ինքնատիպությամբ, այլեւ կատարողական ձիրքով ու ոգով։  Իրոք, մեկ տարում հսկայական աշխատանք է տարվել  եւ դրանում անգնահատելի են թե՛ ղեկավար Ալեքսանդր Սարգսյանի ջանքերը, թե՛ երիտասարդների, որոնք իրենց ուսումնական եւ աշխատանքային հոգսերի հորձանուտում կարողացել են ժամանակ տրամադրել հայկական մշակույթի ու  կատարողական արվեստի  պահպանմանն ու տարածմանը։

 

Հ.Ասատրյան, Պրահա

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Բերդ պարը Վինոհրադիի թատրոնում

 

Ստարոմեստսկա հրապարակում՝ համերգից հետո

 

Այլ համույթների ելույթներից