Ռոտերդամի ՄԿՓ-ի «Hivos Tiger» և Երևանի ՄԿՓ-ի խաղարկային ֆիլմերի «Ոսկե Ծիրան» մրցանակներին արժանացած «Ցանկալի Դուրգան» ֆիլմի ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի նոր`«Խենթի մահը» ֆիլմում հնչում է հայ հոգևոր ու աշխարհիկ երաժշտություն:
«Երբ կինոն վավերագրություն չէ, ապա երազ է»,- ասում էր Ինգմար Բերգմանը՝ համաշխարհային կինոյի ռահվիրաներից մեկը:
Իսկ եթե կինոն միաժամանակ երազ է և վավերագրությու՞ն…
Հենց դա է փորձել իրականացնել հնդիկ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանն իր նոր՝ «ԽԵՆԹԻ ՄԱՀԸ» ֆիլմով (https://vimeo.com/278150570?ref=fb-share&fbclid=IwAR0LuOChEyedFQsasE7B1I-te6dZlD5jdlQp_byWRl4zUCVcz4w7oPJs0AY ), որի երաժշտական ձևավորումն անելու պատիվն ունեցա անցյալ տարի:
«Վաղուց, շատ-շատ վաղուց, ասել է թե երեկ, պատահեց իմ երկրում մի պատմություն, և ինչպես ձվից ելած ճտին այլևս ձու չես կոչի, պատմությունն էլ՝ պատահելուց հետո այլևս պատմություն չես կոչի… »
Ասքի կամ հեքիաթի պես սկսվող այս ֆիլմում մտացածին և իրական վավերագիր կադրերը միահյուսվելով՝ ստեղծում են սարսափի, գեղեցիկի ու ֆանտաստիկի մի խառնուրդ: Ֆիլմը, որի վերնագիրը բնօրինակի մալայալամ լեզվով հնչում է «Ունմադիյուդե մառանամ», խենթ երազող Ունմադիի ու հենց իր՝ ռեժիսորի պատմությունն է՝ հիմնված այլաբանական ասք-ֆաբուլայի ու Հնդկաստանի այսօրվա իրականության վավերագրության վրա. ա՛յն Հնդկաստանի, որ չի երևում բոլիվուդյան ֆիլմերում ու հնդկական սերիալներում: Հեռախոսով ու սմարթֆոնով նկարված այդ կադրերը ներկայացնում են այն բռնությունները, որոնց ենթարկվում են կանայք, տղամարդիկ, միջկաստային ամուսնության արգելքը ոտնահարած ըմբոստ երիտասարդները, սիրահար զույգերը, Դալիթ կաստայի ներկայացուցիչները և այլք: Այս շարքի մեջ են նաև արվեստագետներն ու մտածողները. ինքը՝ Սասիդհարանը, ևս կրել է այդ ճնշումները, երբ 2017-ին՝ հնդկական կինոյում առաջին անգամ Ռոտերդամի ՄԿՓ-ի գլխավոր մրցանակը շահած « Ցանկալի Դուրգան» ֆիլմի ցուցադրությունն արգելվեց իր հայրենիքում: Ռեժիսորի խոստովանությամբ՝ « Խենթի մահը» ծնվել է հենց այդ շրջանի իր տրավմատիզմից, ուստիև շատ անձնական ֆիլմ է: Զարմանալի չէ, որ երաժշտության ընտրությանը ռեժիսորը մոտեցավ ծայրահեղ բծախնդրությամբ: Իր նախորդ ֆիլմերի կոմպոզիտորի երաժշտական ձևավորումից հրաժարվելով՝ նա խնդրեց ինձ վերագտնել ֆիլմի երաժշտական լեզուն, քանի որ Հայաստան այցելելով, Գեղարդում լինելով և այնտեղ նկարահանումներ անելով՝ ազդվել էր հայ հոգևոր երաժշտությունից: Մինչ ես, աշխատանքային տարբերակը դիտելով, ազդվեցի ֆիլմի համարձակ ու համամարդկային ասելիքից և ձայնային ձևավորման վարպետ Հարիկումար Մադհավան Նաիրի գտած անսպասելի լուծումից. տիբեթյան հնչող գավաթների անվերջ զրնգոցի ներքո փոփոխվող կադրեր…
Գեղարդավանքից մինչև Հիմալայներ, ժայռափոր եկեղեցու պատերի խաչերից մինչև հնդկական ծիսական արձաններ ու տաճարական հարթաքանդակներ՝ տեսախցիկի պտույտները կարծես հնդկական յուգաներն են՝ այն հսկայական դարաշրջանները, որոնք մեզ բաժանում են ժայռապատկերներից.
«Երազի վաղնջական ձևերը, որ խոսել ու երգել չգիտեին, մնացին մութ անձավների ներսում՝ ինչպես արյան բծեր…Վերաճառությունից ու մեկնություններից վեր և անսանձ՝ դրանք ծաղրեցին քաղաքակրթություններին:»,- էպիլոգում լսում ենք պատմիչ Մյուրալի Գոպիի թավշե ձայնը:
Ֆիլմում քաղաքական ուղերձը միախառնված է համամարդկայինին:
Սասիդհարանը ցավագին իրականությանը խառնել է երազի անիրական աշխարհը՝ ոչ միայն պատմելով երազողների մասին, այլև հենց երազը դարձնելով գրեթե շոշափելի իրողություն. գլխավոր հերոս Ունմադիի (Suni R S) սպանությունից հետո երազները միմյանց փոխանցելը մաքսանենգության պես մի բան է դառնում, քանի որ օրենքnվ արգելված է:
Պոետիզմի ու ըմբոստության խառնուրդից ֆիլմում նրբին մի ծաղր է ծնվում՝ հանդեպ քաղաքականությունն ու քաղաքակրթությունը. երբ մեռած Ունմադիի երազներն ահագնացող արագությամբ տարածվում են և մարդիկ սկսում են այստեղ-այնտեղ նրան նորից տեսնել, իշխանությունները որոշում են էքսհումացիա կազմակերպել: Գերեզմանը փորելիս հողի տակից ի հայտ է գալիս անվերջ ձգվող կինոժապավենը. վերադասի հարցին, թե դա ինչ է, ոստիկաններից մեկը պատասխանում է՝ «Երևի ինչ-որ մոլախոտ, պարո՛ն:» Մինչ դատարկ գերեզմանում մի գիրք է հայտնաբերվում՝ մալայալամ գրությամբ. «Հարություն առավ…»
Դիտելու ընթացքում ավելի ու ավելի հստակ դարձավ խենթ Ունմադիի ու Հիսուսի միջև ի հայտ եկող նմանությունը, և հայ հոգևոր երաժշտությունն ինչ-որ հանելուկով ձուլվեց Հիմալայներից բացվող բնապատկերին ու մուժի մեջ «թռչող» Ունմադիին: Ֆիլմը դիտելուց ու ռեժիսորի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա երաժշտական աներևույթ թիրախը խորապես հոգևոր է. երբեք չեմ մոռանա նրա խանդավառությունը, երբ Ունմադիի թռիչքի տեսարանը ձևավորեցի իմ ալբոմներից որևէ մեկում լույս չտեսած մի ձայնագրությամբ, որտեղ Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո» աղոթական երգի ամեն տողը համադրված է հայոց այբուբենի տառերի ու երաժշտական զանգերի ղողանջի հետ: Երկմտանքի նշույլ իսկ չկար. առանցքային տեսարաններից մեկի ձևավորումից բխեց նաև ողջ սաունդթրեքի սկզբունքը:
Բայցևայնպես, երգերն ընտրելիս զգուշավորություն կար՝ կրոնական բովանդակությունից զերծ մնալու առումով:
«ԽԵՆԹԻ ՄԱՀԸ» ԵՐԱԶՈՂ ՄԱՐԴՈՒ, ԷՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՀՈԳՈՎ ՊՈԵՏԻ ՄԱՍԻՆ Է. ԱՅՆ ՄԵԿԻ, ՈՎ ՈՐևԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՉԻ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ:
Եվ ինքը ռեժիսորն այդ մարդկանցից մեկն է.
«Եթե ֆիլմի որևէ կադրում Փարաջանովի ուրվականն եք գտել, դա պատահական չի կարող լինել:» ,- ասում է Սանալ Կումար Սասիդհարանը:
Գեղարդավանքի ժայռափոր երդիկ-օճորքից լույս է կաթում, և աշխարհը դառնում է մանկանն արդար քնի մեջ հայտնված երազ, որում մշտապես ներկա է ԽԵՆԹԸ …
Ֆիլմի հնդկաստանյան պրեմիերան կայացավ այս տարի՝ «Պանչաջանյամ» ՄԿՓ-ում, այնուհետև ֆիլմը ցուցադրվեց Չեննայի անկախ կինոյի փառատոնում, Կեռալայի մայրաքաղաք Տրիվանդրումի «Սուրյա» ԿՓ-ում, և վերջերս՝ Նյու Դելիի «Հաբիտատ» ԿՓ-ում: Հնդիկ կինոքննադատներն այն բնորոշել են որպես «եզակի կառուցվածքով հոյակապ քաղաքական ֆիլմ» (Lekshmi Narayanan), «հնդկական կինոյում գոյություն չունեցող ժանրի ֆիլմ» (Ravi Shanker N) և «վաղվան ու մյուս օրվան առավել համարժեք ֆիլմ» (Shikhar Verma):
Ֆիլմը Հնդկաստանի կինոթատրոններում ցուցադրելու համար ռեժիսորն այն պետք է գրաքննության մաղով անցկացնի, սակայն իր նախորդ՝ «Ցանկալի Դուրգան» ֆիլմի երկարատև դատական քաշքշուկից հետո մտադիր է կազմակերպել համացանցային բաշխում:
Հուսով եմ, որ հայ հանդիսատեսն էլ առիթ կունենա դիտելու այն: Իսկ մինչ այդ՝ ձեր դատին եմ հանձնում ֆիլմի սաունդթրեքից մի հատված-տեսահոլովակ.
https://web.facebook.com/lucineh.hovanissian/videos/2380630015291564/
Unmadiyude Maranam/ DEATH OF INSANE/ Խենթի մահը
Niv Art Movies, 2019, 82 ր., Հնդկաստան
Ռեժիսոր՝ Sanal Kumar Sasidharan
Օպերտոր՝ Prathap Joseph
Հնչյուն. ձևավորող՝ Harikumar Madhavan Nair
Դերերում՝ Suni R S, Rajshri Deshpande, և այլք
ՀՂՈՒՄՆԵՐ՝
www.deccanchronicle.com/entertainment/music/260518/the-armenian-indian-connect.html
www.azg.am/AM/culture/2019031502
Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան