Հայաստանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ֆրանսիական Կանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ ձայնագրեց պիկոլոյի /փոքր ֆլեյտա/ վեց կոնցերտները։ Ըստ էության աշխարհում առաջին անգամ մեկ ձայնասկավառակում կներկայացվեն պիկոլոյի վեց կոնցերտ։
Այս վեցից երեքը համաշխարհային պրեմիերան էին, որոնց հեղինակներ էին վերջերս Ֆրանսիական ակադեմիայի անդամ դարձած, կոմպոզիտոր Ռեժիս Կամպուն, եւ երկու կին կոմպոզիտորներ՝ Ֆլորանծին Մյուլսան եւ Վերոնիկա Պոլցը։ Հաջորդ երեք ստեղծագործությունները ամերիկացի կոմպոզիտոր Լոուել Լիբերմանինն է, ֆրանսիացի Ժան Միշել Դամազինը եւ Յոախիմ Անդերսենինը։
Մեզ հետ զրույցում մաեստրո Մարտիրոսյանը նշեց. ,,Իմ առաջարկությամբ ընտրեցինք Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկը, քանի որ իրենք սովոր են նման ձայնագրությունների եւ շատ լավ են կատարում։ Ես իրենց հետ արդեն երկու անգամ Չեխիայում ելույթներ եմ ունեցել։ Մի անգամ այս նվագախումբը ղեկավարել եմ Օստրավայի փառատոնում եւ հաջորդ անգամ՝ Պրահայի Ռուդոլֆինումում ղեկավարել եմ Սկրյաբինի, Ստրավինսկու եւ Չայկովսկու ստեղծագործությունների համերգը»։
Պիկոլոյի ձայնագրությունների ժամանակ մենակատարը ֆրանսիացի հայտնի պիկոլիստ Ժան Լուի Բումադիյեն էր։ ,,Նա ճանաչված է իբրեւ աշխարհի լավագույն պիկոլիստ,,- ասաց մեր զրուցակիցը։
Որքա՞ն հաճախ են պիկոլիստները հանդես գալիս նվագախմբերում հարցիս, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. ,,Իհարկե, նվագախմբերում ֆլեյտիստները երբեմն նաեւ պիկոլո են նվագում։ Սիմֆոնիկ մեծ նվագախմբերում նրանց պահանջարկը մեծ է, միշտ լինում են պիկոլո նվագողներ, սակայն իբրեւ մենակատարի երաժշտական գործիք շատ քիչ էր օգտագործվում մինչեւ վերջերս։ Մեր ձայնագրություններում պիկոլիստ Ժան Լուի Բումադիյեն հանդես է գալիս իբրեւ մենակատար։ Օրինակ, Չայկովսկու եւ Բեթհովենի սիմֆոնիաներում արդեն իսկ պիկոլոներ գոյություն ունեին։ Պիկոլոն ծակող ձայն ունի։ Այն նվագախմբային տեմբրի մեջ կարեւոր դեր է կատարում։ Երբեն պիկոլիստը կարող է հանդես գալ նաեւ դաշնամուրի նվագակացությամբ։ Ի դեպ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ օպերայի նվագախումբը ունեն պիկոլիստներ»։
Հայ դիրիժորը նշեց, որ 2019-ի նոյեմբերի վերջին կրկին վերադառնալու է Չեխիա՝ այս անգամ Պրահայի ազգային սիմֆոնիկի հետ ձայնագրելու է Շումանի ստեղծագործությունները։
Ինչ վերաբերում է Հայաստանի կամերային նվագախմբին, ապա այն շարունակում է գործել, թեեւ ֆինանսական ծանր կացության պատճառով նույնիսկ հյուրախաղերի չեն կարողանում մեկնել։
ՕՐԵՐ
Լուսանկարը՝ Հ.Ա. Օրեր