Չեխիայի Բռնո քաղաքում անցկացված ,,Անասնապահության ազգային ցուցահանդես,,-ում այս տարի մասնակցեց նաեւ Հայաստանից ժամանած հայ գյուղատնտեսների պատվիրակությունը։ Այցի կազմակերպիչներն էին Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունը եւ Հայաստանում Չեխիայի դեսպանությունը։
Ինչպես նշեց մեզ հետ զրույցում Չեխիայի գյուղնախարարության ԱՊՀ երկրների ավագ մասնագետ, այցի համակարգող Անի Հակոբյանը,արդեն չորս տարի է այս նախագիծը գործում է, եւ 2017 թվականին արդեն Հայաստանից մի պատվիրակություն եկել է Չեխիա սննդային արդյունաբերության ոլորտում համագործակցության նպատակով։ Այս ծրագրի նպատակն էր հայ գյուղատնտեսների ու չեխական հայտնի ընկերությունների միջեւ կապերի հաստատումը, ինչպես նաեւ այդ ոլորտում փորձի փոխանակումը։ ,, Եթե այս ծրագիրը հաջողվի, ապա հաջորդը կլինի տեխնոլոգիաների ոլորտը,,- ասաց մեզ հետ զրույցում Անի Հակոբյանը։
Պատվիրակության անդամների հետ մեր զրույցներից պարզվեց, որ բոլորը հիացած են այցի կազմակերպվածությունից եւ իրենց համար գործնական պայմաններ ապահովելու չեխական կողմի պատրաստակամությունից։ ,,Շնորհակալ ենք Չեխայի գյուղատնտեսության նախարարաության աշխատակիցներին, հատկապես Անի Հակոբյանին եւ Չեխիայի դեսպանության հավատարմատար Յան Պլեշտիգերին,- այս նախադասությունը կրկնեցին գրեթե մեր բոլոր զրուցակիցները։
Սպիտակի մսի արտադրության ֆերմայի տնօրեն Հակոբ Կարապետյանի ասելով, Չեխիայում ծանոթացել են մսատու ցեղի կենդանիների արժեքներին, նրանց գնելու հնարավորություններին։ ,,Շատ հետաքրքիր էր, շատ ցուցահանդեսներում ենք եղել, բայց այստեղ տպավորիչ էր իրենց մոտեցումը,իսկապես հիացած ենք։ Մենք նկատեցինք, որ Չեխիայում շատ արագ է զարգանում գյուղատնեսությունը։ Հետագայում պետք է համագործակցության եզրեր գտնենք եւ համագործակցենք,,- ասաց նա։
,,Հրաշք այգի,, գյուղտեխնիկայի ընկերության ներկայացուցիչ Արթուր Նազարյանն էլ նշեց, որ արդեն վերցրել է իրենց հետաքրքրող ընեկրությունների ցուցակը եւ տեղում քննարկելուց հետո, որոշում կկայացնեն։
,,Մեզ հիացրեց կազմակերպվածությունը՝ թե ցուցահանդեսի թե մեր խմբի ծրագրի։ Առաջին անգամ եմ Եվրոպայում եւ տպավորութույնը իդեալական էր,,- ասաց Արթուրը։
Վանաձորի Չինվան գործարանի գլխավոր տնօրեն Սամվել Նաջարյանի ասելով, քանի որ իրենք զբաղվում են գյուղատնեսական տեխնիկայի հավաքման եւ գործիքների արտադրությամբ, ապա իրեն հետաքրքրում էին մինչեւ 40 ձիաուժանոց տրակտորներն ու ձեռքի հնձիչները։ ,,Արդեն իսկ կապեր հաստատեցինք եւ համոզված եմ, որ մենք դեռ կվերադառնանք Չեխիա եւ կահամագործակցենք։
Վերջին 15 տարում այստեղ մեծ աճ է եղել։ Հայաստանում լավ ծանոթ են չեխական գյուղտեխնիկային։ Հատկապես հայտնի են չեխական որակյալ հնձիչները, եւ հույս ունենք Հայաստանում ոչ միայն դրանց արտադրությունը կազմակերպել, այլեւ վաճառքը։ Պետք է մեր շուկան վերականգնենք եւ մեր գյուղացիներին առաջարկենք տեղում արտադրվածը։ Նման փորձ ունենք արդեն Չինաստանի, Պարսկաստանի, Բելառուսի եւ Արգենտինայի հետ։ Մեր արտադրանքն առայժմ սպառվում է միայն Հայաստանում,,- ասաց Սամվել Նաջարյանը։
Ագրոհոլդինգ Արմենիա ընկերությունից Արմեն Խեչոյանը նշեց, որ իրեն շատ հետաքրքրեց ցուցահանդեսը, եւ այժմ մտածում են համատեղ աշխատանքի մասին։ Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնեսության ոլորտում, ինչպես նաեւ մսի վերամշակման ոլորտում։
,,Մեր այցի կազմակերպվածությունը շատ բարձր էր։ Անսպասելի էր։ Տպավորեց Չեխիայի զարգացվածությունը, եւ մենք այստեղ սովորելու շատ բան ունեք։ Պետք է մեր ֆերմերները եւ բիզնեսի ներկայացուցիչները գան եւ աշխարհի գյուղատնտեսական զարգացումներին ծանոթանան,,- ասաց Արմեն Խեչոյանը։
Նա կարեւորեց նաեւ մասնագետների վերապատրաստումը, ինչպես նաեւ Չեխիայից մասնագետներ հրավիրելու հնարավորությունը։ ,,Մենք Հայաստանում էլ կարող ենք 1000-1500 եվրո աշխատավարձ տալ, միայն թե մասնագետը գա եւ ուսուցանի տեղում,,- ասաց նա։
Ամասիայի շրջանի Բանդիվան կաթ ընկերությունից Աղասի Գեղամյանն նշեց, որ իրենք զբաղվում են կաթնամթերքով եւ պանրի արտադրությամբ, կաթնատու կովեր ունեն, ինչպես նաեւ զբաղվում են խոզաբուծությամբ։
,,Մենք Չեխիայից ուզում ենք ներմուծել Հոլշտեյնֆրիզ ցեղատեսակի կովեր։ Երեւանում կքննարկենք գները եւ ըստ այդմ կգնենք,,- ասաց նա։
Դիլիջանի ,,Դիլին,, ընկերության գլխավոր տնօրեն Աստղիկ Թամրազյանն էլ նշեց, որ տպավորված են տեսածով, եւ այժմ տեղում կքննարկեն կովերի արժեքը։
,,Ինձ զարմացրեց, որ Բռնոյի ցուցահանդեսում շատ երեխաներ կային։ Չեխերը փոքր հասակից երեխաներին սովորեցնում են։ Ես իբրեւ մանկավարժ շատ զարմացել էի,,- ասաց նա ։
Ցուցահանդեսից նաեւ դատարկ չի վերադարձել, արդեն իսկ կովերի համար անհրաժեշտ որոշ գործիքներ գնել է։
Հայաստանում Չեխիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն էլ ամփոփելով այցը , նշեց, որ արտաքին գործերի նախարարությունում առաջնահերթություններից մեկը համարվում է տնտեսական դիվանագիտությունը, եւ շատ հաճախ են գործարարների պատվիրակություններ բերում տարբեր երկրներից։
,,Այս անգամ հայաստանցի գործարարներին բերեցինք Բռնոյի մսատու անասունների եւ գյուղատնտեսական տեխնիկայի մեծ ցուցահանդեսին, որտեղ եկել էին էին նաեւ պատվիրակություններ այլ երկրներից։ Հայաստանի տարբեր շրջաններից հրավիրել էինք այն ֆերմերներին, ովքեր հետաքրքրված են մսատու կամ կաթնատու անասուններ ձեռք բերելու հարցում։ Նաեւ նպատակ ունեինք ծանոթացնել գյուղատնտեսական տեխնիկային։ Մենք ներկայացրել ենք նոր որակով տեխնիկա գնելու բոլոր հնարավորությունները։ Հուսամ, որ նրանք հավանեցին եւ ինչ որ բան ձեռք կբերեն։ Մասնակիցները գոհ են մնացել այս այցից, հիացած են հանդիպումներից։ Ու թեեւ սա միանգամյա ծրագիր էր, բայց մեր դեսպանությունը կապի մեջ կմնա բոլոր մասնակիցների հետ, որպեսզի աջակցի տնտեսական կապերի հաստատմանը։,,- ասաց պարոն Պլեշինգերը։
Նրա ասելով, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո մեծ հնարավորություն կա զարգացնելու ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հարաբերությունները։
,,Ի՞նչ այլ ծրագրեր ունի դեսպանությունը այս տարվա ընթացքում,,- մեր հարցին, հավատարմատարը պատասխանեց.
,,Հայաստանում Չեխիայի նոր դեսպանը շուտով կժամանի եւ իր առաջնահերթությունները կնշի։ Իսկ մեր մշտական ծրագրերը կշարունակվեն։ Նշեմ, որ նաեւ Չեխիայից են գալիս նման խմբեր։ Վերջերս Մեծամորի ատոմակայան այցելեց Չեխիայի էներգետիկ ընկերության՝ ՉԵԺ-ի պատվիրակությունը։ Նաեւ Չեխիայի սենատի եւ պատգամագորների պալատի ապատվիրակությունները եղան Հայաստանում։ Ունենք մարդու իրավունքների եւ զարգացման այլ ծրագրեր։ Արդեն Չեխիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության 20-ամյակին նվիրված մի համերգ կազմակերպեցինք Երեւանում, իսկ աշնանը մի այլ համերգ կլինի՝ չեխ եւ սլովակ օպերային 2 հայտնի երգիչների մասնակցությամբ։ Շարունակվում է նաեւ Պրահայի Վինոր եւ Կբելի թաղամասերի համագործակցությունը Սեւանի եւ Դիլիջանի հետ,,- մանրամասնեց պարոն Պլեշինգերը։
Տեղեկացանք նաեւ, որ այս տարի աշնանը Երեւան կայցելի Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Վոնդրաչեկը, իսկ Պրահայում սպասում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, բայց ժամկետները դեռեւս հայտնի չեն։
Հ.Ա. ՕՐԵՐ