Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

,,Եկեղեցիների գիշեր,,  համաչեխական ակցիային միացավ 1640 եկեղեցի

 

Մայիսի 23-ի երեկոյան Չեխիայում անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Եկեղեցիների գիշեր,, ակցիան, որի շրջանակներում երեկոյան ժամերին բացվեցին Չեխիայի 1640 եկեղեցիների դռները եւ հազարավոր այցելուներ կարողացան հետեւել 7838 տարաբնույթ ծրագրերի, այդ թվում տեղեկատվական դասախոսությունների, համերգների ու շրջայցերի։ Միայն Պրահայի շրջանի 251 եկեղեցիներ այցելեցին 110 հազարից ավելի տեղացիներ ու զբոսաշրջիկներ։  

Սուրբ Հոգի եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու սարկավագ, դոկտոր Հայկ Ութիջյանի դասախոսությունը նվիրված էր հայ հոգեւոր-եկեղեցական երաժշտությանը։ Հմուտ բանախոսը նախ ներկայացնում էր շարականի պատմությունը, ապա այն կատարում։

Իր ազդեցիկ ձայնով նա կատարեց Վենետիկ Սուրբ Ղազար կղզու Հայր Ղեւոնդ Դայանի մշակմամբ ,,Հույս իմ, շարականը, ապա մի հատված Եղիա Տնտեսյանի շարականներից։ Այնուհետեւ կատարեց այս ուրբաթ օրվա շարականը, որ երգում են Հայ առաքելական եկեղեցիներում՝ ,,Տեսիլ փայլակնաձեւը,,։

 Ապա նրան ընկերակցեց դոկտոր Մարտինա Պիչմանովան եւ միասին կատարեցին Սուրբ Խաչի շարականի առաջին տունը եւ հատվածներ Կոմիտասի պատարագից։

Ելույթն  ավարտեցին ,,Ամեն եւ ընդ հոգւույդ քում,, եւ ,, Տեր Ողորմեայ,, կատարումներով։  Հետաքրքրական է, որ չնայած ուշ ժամին, եկեղեցին լեցուն էր հայկական հոգեւոր երաժշտության սիրահարներով, որոնք հիմնականում չեխեր եւ օտար զբոսաշրջիկներ էին։

Շնորհակալություն դոկ. Հայկ Ութիջյանին՝ օտարներին մեր հոգեւոր ժառանգությունը ներկայացնելու համար։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի