Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի 5-րդ անհատական ցուցահանդեսը բացվեց մայիսի 25-ին Հայաստանի  նկարիչների միությունում։

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի տնօրեն արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանն, ով հակիրճ ներկայացնելով սիրված նկարչուհուն հույս հայտնեց, որ մոտ ապագայում արվեստասեր հասարակությունն առիթ կունենա հանդիպելու նրա նորանոր աշխատանքների հետ,որոնք կներկայացվեն հերթական անհատական ցուցահանդեսի ընթացքում: Ելույթներով հանդես եկան նաև ճարտարապետ, մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի, Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն և Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը և մշակութային լրագրող, Անահիտ ցուցասրահի հիմնադիր տնօրեն Անահիտ Կորյունը:

Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ Մարիամ Գալստյանն, ով հույս հայտնեց,որ մոտ ապագայում հանդես է գալու նոր աշխատանքներով ու ցուցադրությամբ:

Ցուցահանդեսում  ներկայացված էին արվեստագետի ինքնադիմանկարները, խառը տեխնիկայով արված նկարները եւ «Հայացք ներսից» կոմպոզիցիաների շարքը:

Տեղեկանք. Մարիամ Գալստյանը ժամանակակից հայ նկարիչ է: Ծնվել է 1990թ.-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Նա սկսել է նկարել 2 տարեկանից: Մարիամ Գալստյանը փոքր հասակից մասնակցել է բազմաթիվ մրցույթ - ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռումինիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Հնդկաստանում:

2000-2008թթ.-ին նրա աշխատանքները արժանացել են մրցանակների ցուցադրվելով ՄԱԿ-ի, UNHCR-ի 50 ամյակին, Ռումինիայի օլիպիական խաղերին նվիրված մրցույթ-ցուցահանդեսներում, Հնդկաստանի Շանկարի անվան միջազգային մրցույթում:

2006-2012թթ. նա սովորել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում՝ ստանալով գրաֆիկայի մագիստրոսի աստիճան: 2017թ.-ից ՀՀ Նկարիչների Միության անդամ է:

Մարիամ Գալստյանի արվեստն ունի լայն ընդգրկում. դիմանկարներից, ինքնանկարներից, նատյուրմորտներից ու գրաֆիկական բնույթի տարբեր կոմպոզիցիաներից սկսած մինչև նոր ժանրի (մերկ մարմնի պատկերում) աշխատանքներ ու պարսական,  արաբական գրական երկու հայտնի հուշարձանների` Ֆիրդուսու «Շահնամեի» և արաբական «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի թեմաներով արված գործեր:

Նրա ստեղծագործությունների առանցքը մարդն է՝ իր ներաշխարհով, ապրումներով, պայքարով և անհատականությամբ:

Ցուցահանդեսի մասին խոսեցինք Մարիամի հետ,ով մեզ ներկայացրեց ցուցահանդեսի խորագրի նպատակը. <<Ինչու՞ հայացք ներսից: »Մոտ երեք տարի կլիներ չէի նկարում, օֆիսային աշխատանք էի ընտրել ինքս ինձ անգիտակցաբար ստելով, թե կկարողանամ  նկարել:

Շուտով հասկացա, որ մանկությունից տարիներով հոգումս սնած, գուրգուրած սերն առ արվեստը մի կողմ եմ թողել ու եկել նստել եմ չորս պատի մեջ: Հասկացա , որ դադարել եմ նկատել երբ է արև և երբ է գիշեր, դադարել եմ սիրել կյանքն ու ամեն օր ինձ ստիպում եմ սեղմվել ուրիշի կաղապարի չափսերին համապատասխանելու համար:

Մինչդեռ ես ազատություն եմ սիրում ու կրծքումս ամեն օր իմ սեփական սերն ու երազանքներն են պատեպատ խփվում, իսկ ես ամեն օր փորձում եմ խեղդել նրանց: Ամեն մարդ մի օր իր Ռուբիկոնն է տեսնում՝ անցնում է, թե ոչ իր որոշումն է:

Իմ առջև ընտրություն կար և ես որոշեցի հատել Ռուբիկոնս, տուրք չտալ վախերիս, թողնել ամեն բան ու աշխարհին նայել իմ ներքին բնությանը հավատարիմ մնալով, իմ սեփական հայացքով, իմ խենթությամբ ու անսահման սիրով, հավատարիմ մնալով կյանքիս ու գյուղիս, ուրախություններիս ու ցավերիս իմ սեփական ընկալմանը:

Այս նկարներում ես նայում եմ էությանս ներսից, առանց դիտողին հաճոյանալու փորձի, առանց չափանիշների՝ պարզ, հստակ, անկեղծ: Շատ նկարիչներ նկարում են այն ինչ տեսանելի է և առանց իրենց: Իմ նկարներում այն իրականությունն է, որը կարելի է տեսնել միայն իմ հայացքից ներս նայելով»,- պատմեց նա:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի