Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Պրահայի շաբաթօրյա դպրոցի տարեվերջյան  ավանդական հանդեսն այս անգամ նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին։ Չորս տարիքային խմբերում սովորող մոտ 40 աշակերտները ներկայացրեցին Թումանյանի գրական ժառանգության լավագույն նմուշները։

Ինչպես միշտ երեկոն բացվեց Հայաստանի օրհներգի կատարմամբ, իսկ այնուհետեւ Ծովինար Բեյբությանի ամենակրտսեր սաները ներկայացրեցին մեծ գրողի հեքիաթներից կազմված բեմադրություն, որն ընդունվեց ներկաների խանդավառ ծափահարություններով։ Գոհար Մելիքյանի աշակերտներն էլ ներկայացրեցին Թումանյանի կյանքն ու գործունեությունը, որին հետեւեց ՚Չարի վերջը՚ բեմադրությունը։

Նազիկ Օթարյանի սաներն էլ սիրով արտասանեցին թումանյանական քառյակներն ու բանաստեղծությունները, վերջում նաեւ անակնկալ մատուցելով դահլիճին՝ արտասանեցին հանելուկներ, որոնք գուշակեցին ներկա ծնողներն ու հյուրերը։

Վերջինը ավագ դասարանի սաների ելույթն էր։ Բայց մինչ նրանց ձայն տալը,նրանց ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն ասմունքեց Պարույր Սեւակի ՚Անլեռլի զանգակատան՚ սկիզբը, որն առնչվում է Հովհաննես Թումանյանին՝ իր խոսքը եզրափակելով մեծ պոետի մասին հայտնի հայ գրողների տված գնահատականներով։ Պատանիներն արտասանեցին ոչ միայն Թումանյանի բանաստեղծություններից, այլեւ վերջում երգեցին պոետի խոսքերով գրված ՚Ախ ինչ լավ են սարի վրա…՚ երգը, ու ներկայացրեցին ՚Բարեկանդանի՚ բեմադրությունը։

Երեխաների ելույթները ընդմիջվեցին նաեւ պարուսույց Անժելա Մելքոնյանի սաների պարով ու խմբավար Սոնա Ստեփանյանի բեմադրած հայ ազգային-ազգագրական երգերի փայլուն կատարումով, որին մասնակցեցին դպրոցի բոլոր սաները։

 

Ուսուցիչներին եւ երեխաներին  շնորհակալություն հայտնելով կատարած քրտնաջան աշխատանքի համար, շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը նշեց, որ խիստ ծանրաբեռնվածության պատճառով, սեպտեմբեր ամսից դպրոցի վարչական ղեկավարումը հանձնում է ուսուցչուհի Գոհար Մելքոնյանին, բայց կշարունակի ամեն կերպ աջակցել դպրոցին եւ նրա  ուսուցիչներին։

Այնուհետեւ ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

՚Ինձ թվաց, թե այս մի քանի ժամը մենք գտնվում ենք ոչ թե Պրահայում, այլ Հայաստանում։ Այն աշխատանքը, որ կատարում են դպրոցի ուսուցիչներն ու սաները, իորք արժանի է բարձր գնահատակնների։ Ես սիրում եմ ձեզ ու հպարտանում մեր մանուկներով, որ ներկայացրեցին հայ մշակույթն ու հայի ոգին,- ասաց դեսպանը եւ ծաղկեփնջերով շնորհավորեց ուսուցչուհիներին։

Դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանն էլ կրկին շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ աշխատանքի համար, տեղեկացրեց, որ սեպտեմբերին դպրոցի աշխատնքները կսկսվեն երկորդ շաբաթ օրվանից։

ORER.EU

 Լուսանկարները՝ Հ.Ասատրյանի, ՕՐԵՐ

ՕՐԵՐ