Մայիսի 23-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ստրասբուրգում կազմակերպեց Ֆրանսիայում բնակվող հեղինակ, լրագրող, Հայաստանի թավշյա հեղափոխության ականատես Սեդա Մավյանի՝ «Հայկական հեղափոխության ժամանակագրությունը» (Chronique de la révolution arménienne) ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Իր ելույթում նա Սեդա Մավյանի գիրքը համեմատեց հանրագիտարանի հետ՝ նշելով, որ այն կարող է ծառայել որպես նախորդ տարվա իրադարձությունների վերաբերյալ հետագա աշխատությունների, հոդվածների համար ժամանակագրական ամփոփ աղբյուր, քանի որ ներկայումս այն եզակի է իր տեսակի մեջ։
Սեդա Մավյանը, ներկայացնելով իր գիրքը, անդրադարձավ դրա ստեղծմանը, հեղափոխության ընթացքում շրջադարձային հանգրվաններին։ Նա նշեց, որ անգամ իր համար է հայկական հեղափոխության ֆենոմենի հանդեպ արտերկրում առկա հետաքրքրությունը տեսնելն անակնկալ եղել։ Հետևեց հարց ու պատասխան։
Շնորհանդեսի ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցչության անունից տրվեց ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի, ներառյալ՝ ԵԽԽՎ պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Տեղեկանք. Հեղինակ և գրող Սեդա Մավյանը Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի, ինչպես նաև՝ Փարիզի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պատմության բաժնի շրջանավարտ է։ Ֆրանսիայում լույս տեսնող հայկական «Nouvelles d'Arménie» ամսագրի երևանյան թղթակից է, մասնավորապես՝ քաղաքականության, մշակույթի և պատմության հարցերով։