Սենեկան ասում է. «Ինչպես առակները, կյանքը նույնպես գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ»: Դիպուկ է ասված: Իսկապես բովանդակությունն է կարևոր, որը մարդուն դարձնում է հետաքրքիր և պահանջված:
Ամիսներ առաջ էր՝ ապրիլի 16-ը, երկար նախապատրաստական աշխատանքներից հետո այդ օրը Կողբ գյուղի 2 դպրոցների աշակերտները մասնակցեցին Իջևան քաղաքում տեղի ունեցող ազգային Պոեզիայի և ասմունքի ընտրական մրցույթին: Ասմունքում էինք անգլերեն: Հաղթական մեկնարկը տրված էր: Մենք լավագույններից էինք և մայիսի 4-ին պետք է ելույթ ունենայինք Երևանում՝ Ամերիկյան համալսարանում: Կրկին հուզմունք, սպասում, ապրումններ:
Հաճելի էին այդ զգացումները, իսկ արդյունքները՝ ոգևորող:
«Լավագույն ուսուցիչ» անվանակարգում ես՝ Անի Երկնափեշյանս, հաղթեցի: Ընդմիջմանը ժյուրիի անդամներից մեկը ֆրանսերենով շնորհավորեց ինձ, պատասխանեցի ֆրանսերեն: Նա զարմացած հարցրեց.
-Դուք խոսու՞մ եք ֆրանսերեն:
Դրական պատասխանից հետո մենք զրույցի բռնվեցինք: Նա Հարավային Աֆրիկայում ապրող մեր հայրենակիցն էր՝ միջազգային ընկերության հիմնադիր, գործարար Դավիդ Դավթյանը, որը, սակայն, հանձնաժողովի կազմում ընդգրկված էր ոչ թե որպես գործարար, այլ լեզվաբան, ինչպես նաև դասախոս: Զրույցի ընթացքում անակնկալ որոշեցի պարոն Դավթյանին հրավիրել Կողբ գյուղ՝ մեր կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջոցառմանը մասնակցելու համար: Կարծում էի կմերժվեմ, սակայն անվստահությունս շուտով փարատվեց, երբ հրավերս ընդունվեց:
Մեր աշակերտները կարող էին ծանոթանալ կյանքի մեծ փորձ ունեցող անհատի հետ, ով նաև մեծ փորձառություն ունի բիզնեսի ոլորտում: Բարձունքի հասնելու և կայացած մարդ լինելու համար կամային հատկանիշներ էին անհրաժեշտ, որը բնորոշ է մեր հյուրին: Աշակերտները կլանված լսում էին նրա կյանքի պատմությունը:
Բագրատունյաց տոհմը 21-րդ դարում ներկայացնող Դավիդ Դավթյանը հայրենանվեր առաքելությամբ էր հայրենիքում, կապված է իր հող ու ջրին, իր Սոլակ գյուղին: Պատրաստ էր փոխանցելու իր փորձառությունը և բիզնես հմտությունները. կարդում է դասախոսություներ, անցկացնում վարպետության դասեր: Ներկաների համար հետաքրքիր էին նրա մտքերը, իսկ կենսագրության առանձին դրվագներ ուղղակի կյանքի դարբնոց էին:
Ապագա գործարարի համար դժվար էր դասարանում 45 րոպե նստել և մասնակցել դասաժամին: Չնայած դրան՝ մանկավարժների ընտանիքում ծնված Դավիթը գերազանց էր սովորում և անգամ ներկայացվեց ոսկե մեդալի, սակայն, ինչպես լինում է երբեմն, մեկ ուրիշն է հայտնվում և դառնում մեդալակիր: Առաջին հիասթափությունը այդպես ապրեց՝ երիտասարդության շեմին ոտքը դնելիս: Սակայն հաջողությունը նրան սպասում էր մեր հայրենիքի սահմաններից դուրս: Պարոն Դավթյանը աշակերտներին պատմեց եգիպտացորենի իր պատմությունը: Երկու պարկ եգիպտացորեն հավաքելով՝ որոշել էր վաճառել ու, պատկերացրեք, հնարամիտ պատանին հասել էր արդյունքի՝ սրամիտ անեկդոտներ պատմելով և գնորդ գրավելով:
Հետո հիշեց, թե ինչպես գրպանում 3 դոլար՝ հատեց Լեհաստանի սահմանը: Դժվարին օրերը շարունակվում էին, սակայն հույսը չէր կորցնում: Փարիզյան հիշողությունները նույնպես հուզիչ էին: Ծառայություն օտարերկրյա լեգեոնում, զինվորական կոչում, շքանշան, այնուհետև 5 տարի անց այս ամենը թողնելու դժվարին որոշումը: Ինչպես ինքն է նշում, դու պետք է փորձես կարողանալ քո տեղը գտնել կյանքում: Սա է կատարյալ երջանկության հասնելու բանալին:
Յոթ լեզվի տիրապետելը դժվար գործ է: Աշակերտներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հեշտ է օտար լեզու սովորել: Պարոն Դավթյանի օրինակը ապշեցնող էր: Լեհերեն սովորելու համար ընտրել էր իր սիրած գրքերից երկուսը՝ «Կնքահայրը» ու «Դարտանյանը և Երեք հրացանակիրները» , և սկսել էր ընթերցել:
Բիզնես ոլորտում կայացած մարդու հետ հաճելի կլիներ հանդիպել նաև տարածաշրջանի գործարարներին, ինչը նույն օրն իսկ երեկոյան դարձավ իրականություն: Բիզնես հանիդպումը անցավ հաճելի և արդյունավետ մթնոլորտում: Պարոն Դավթյանի համար կարևոր նշանակություն ունեն համայնքային բիզնեսի զարգացումն ու ընդլայնումը, ինչին պատրաստ է ծառայեցնել իր գիտելիքները և փորձը:
Նրանք, ովքեր հանդիպեցին պարոն Դավթյանի հետ ,լիահույս են, որ ապագայում նույնպես այս հրաշալի հայորդու հետ հանդիպելու հնարավորություն կունենան, քանզի ծանոթությունը վերածվեց բարեկամության:
Անի Երկնափեշյան