Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Այսպիսի քաջորդիներից է Հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Արկադի Տեր-Թադևոսյանի արմատները տանում են դեպի պատմական Կարս։ Նրա համար դա սրբավայր է։ Կոմանդոսի ընտանիքում միշտ պատմություններ են պատմել հայրենի հողի մասին, ու նա մեծացել է հայրենասիրական մթնոլորտում։ Արցախյան գոյամարտն իր սրբագրումներն է արել։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Արկադի Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմական գործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։ Պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։
«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,-հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է գնահատել իր ավանդը Արցախյան պատերազի հաղթանակի ամենակարկառուն հերոսներից մեկը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Ես միշտ մտածել եմ` ով շատ է, նա էլ պետք է հաղթի։ Սակայն այդ տարիներին հասկացա, որ կարևորը մարտական ոգին ու գաղափարն է, որ ունեին մեր տղերքը։ Մեր զինվորներին մի քիչ էլ բան սովորեցնես, լրջագույն հաջողություններ կունենան»,- ասաց Կոմանդոսը։
«Կոմանդոս» անունը կապված է ամերիկյան ծովային հետեւակի հետ: Հատկանշական է, որ Տեր-Թադևոսյանը չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը և ջանացել է իր ուսանողներին հեռու պահել զանգվածային ցույցերից՝ ի տարբերություն իր տիկնոջ՝ Հասմիկ Միխայիլովնայի, ով շարժման ամենասկզբից հանուն անկախության պայքարի ամենաակտիվ մասնակիցներից է եղել: Արկադի Տեր-Թադևոսյանի՝ առաջին անգամ Ստեփանակերտ մեկնելը ստացվել է ավելի քան պատահական. իրավիճակը այնտեղ ծանր էր ու անհրաժեշտ էր, որ համալսարանի զինվորական դասախոսներից մեկը ուղեկցեր Երևանից բուժօգունություն և բժիշկներ տեղափոխող ուղղաթիռը: Ամբիոնի մյուս աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ռուսներ էին ու առանձնապես հետաքրքրված չէին Արցախի դրությամբ, հրաժարվում են աջակցել:
Այդ գործն իր վրա է վերցնում Կոմանդոսը, ով Ստեփանակերտից վերադառնալուց հետո սեփական աչքերով տեսած սարսափելի տեսարանների ազդեցության տակ շտապ զեկուցում է իրավիճակի մասին իր վերադասներին ու դիմում «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարությանը՝ խնդրելով իրեն ընդգրկել՝ որպես խորհրդական: Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո:
Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները: 1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան:
Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը: Նշենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ուսանողների ու լրագրողների հետ հանդիպումների ժամանակ հաճախ է համեստորեն շրջանցում իր մարտական ուղու վերաբերյալ հարցերը՝ հաղթանակի կերտման գործում կարևորելով բացառապես ժողովրդի միասնականությունը, հիշեցնելով Չարենցի հայտնի խոսքերը՝ «Ո՜վ, հա’յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», և հավելելով՝ «Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին…»: Նա չի սիրում խոսել նաև այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով առաջնորդվել են ռազմական գործողութունների ժամանակ:
Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում:
Գարիկ Ավետիսյան