ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ ընթերցողի սեղանին է դրվել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,սիրված մտավորական Ռուբեն Սաֆրաստյանի <<Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.)>> մենագրությունը:
Այն նվիրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի գործունեությանը 1919-1921 թթ.,որի նպատակն էր մահացու հարված հասցնել Հայաստանի Հանրապետությանը: Գրքում հեղինակն անդրադարձել է նաև Աթաթյուրքի գաղափարական հայացքների և քաղաքական գործունեության այն կողմերին,որոնք հնարավորություն են տալիս առավել հիմնավոր պատկերացում կազմել նրա քաղաքականության իրավական շարժառիթների մասին:
Գիրքը գրված է թուրքական սկզբնաղբյուրների մանրակրկիտ քննության հիման վրա: Այն նախատեսված է թուրքագետների, արևելագետների, պատմաբանների և ընթերցող լայն շրջանակների համար:Գրքի մասին գաղափարն ու մտահաղացումը հեղինակի մոտ ուսանողական տարիների ընթացքում, անցյալ դարի 70-ական թթ.: Մոսկվայից պարտադրվող Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի գործունեության աղավաղված և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը բխում էր քաղաքական դրդապատճառներից: Խորհրդային Միությունը, շահագրգռված լինելով հարևան Թուրքիային տեսնել մի այնպիսի երկիր, որը գտնվում էր ազդեցության ոլորտում,այլ ոչ թե դաշնակցում է ԱՄՆ-ին և անդամակցում ՆԱՏՕ-ին, ամեն կերպ փորձում էր սիրաշահել նրա պաշտոնական շրջանակներին:
Այդ քաղաքականության մաս էր կազմում նաև թուրքական պաշտոնական պատմագրության կողմից ստեղծված Աթաթյուրքի կողքին և մի շարք առասպելներին կուրորեն հետևելը: Արդեն այն ժամանակ պարզ էր,որ անհրաժեշտ է իրականացնել անաչառ, սկզբնաղբյուրների վրա հիմնված Մուստաֆա Քեմալի գործունեությանը և հայացքներին, որոնց թիրախը հայ ժողովուրդն էր: Այդ գաղափարը փորձեցինք իրականություն դարձնել նշված գրքով՝հիմնվելով Մուստաֆա Քեմալի հեղինակած կամ իր ստորագրությունը կրող փաստաթղթերի,այդ թվում նաև գաղտնի և հույժ գաղտնի, ինչպես նաև ներգրավելով նրա ելույթները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստերում,այդ թվում նաև գաղտնի, և նրա հրապարակային ելույթներն ու հարցազրույցները:
Օգտագործել ենք նաև նրա հուշագրությունները, նոթատետրերի գրառումները և այլն: Այստեղ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում թուրքական բանակի Գլխավոր շտաբի կողմից հրատարակվող <<Ռազմական պատմության փաստաթղթեր>> խորագիրը կրող պարբերականի հատորները: Այդ սահմանափակ հրատարակված պարբերականից գրքում օգտագործվել են 1950-ական թթ. լույս տեսած մի շարք հատորներ:Կարևոր է եղել թուրքական բանակի Գլխավոր շտաբի կողմից հրատարակված բազմահատորյակի այն հատորը,որը հատուկ նվիրված է Հայաստանի դեմ պատերազմին:Գրքում ընդգրկված են նաև մի շարք հուշագրություններ,որտեղ հուշագրավ նյութ է պարունակվում Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի, նրա կենսագրության առանձին դրվագների մասին:
Մեծ դժվարություններով հաջողվել է ձեռք բերել և գրքում ընդգրկել նաև Զինադադարի և ու քեմալական շարժման տարիներին Կոստանդինոպոլսում բրիտանացի հետախույզ Ջոն Բենեթի հուշերը, որտեղ կան մի շարք ուշագրավ անդրադարձներ՝կապված Աթաթյուրքի հետ: Գրքում կարևոր տեղ է գրավում նաև այն հատվածը,որը նվիրված է 1918թ. վերջերից մինչև 1919թ. մայիսն ընդգրկող ժամանակաշրջանին,երբ Մուստաֆա Քեմալը գտնվում էր կայսրության մայրաքաղաքում և փորձում էր իրականացնել վաղեմի երազանքը՝հասնել իշխանության բարձունքներին: Քննության առնելով նրա գործունեության այդ սակավ ուսումնասիրված էջը և ներգրավելով թուրքական սկզբնաղբյուրներ՝հեղինակն անդրադառնում է Քեմալի կենսագրությանն առնչվող հարցերի մի շարք կարևոր հարցերի:
Մասնավորապես, նրա ուշադրության կենտրոնում են Մուստաֆա Քեմալի անդամակցության խնդիրները երիտթուրքական կուսակցությանը և <<Թեշքիալյաթ-ը Մահսուսա>> գաղտնի կազմակերպությանը: Ցույց է տրվում,որ նա անդամակցել է այդ հանցավոր կազմակերպություններին և ոչ միայն միանգամայն կիսել է նրանց հայատյաց ցեղասպան քաղաքականության մոտեցումներն ու գործելակերպը,այլ նաև յուրացրել է դրանք, փորձել բարենպաստ պայմանների առկայության դեպքում օգտագործել իր գործունեության մեջ:
Փաստեր են բերվում նաև այն մասին,որ Քեմալը սերտորեն համագործակցել է մեկ այլ երիտթուրքական գաղտնի կազմակերպության հետ,որը կրում էր <<Քարաքոլ>> անվանումը, ինչպես նաև փորձել է համագործակցել բրիտանական հետախուզության հետ: Այսպիսով՝հեղինակը հույս ունի,որ գիրքը կնպաստի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հայացքների ու գործունեության այն հատվածների պարզաբանումներին,որոնք առնչվում են հայ ժողովրդի պատմության շրջադարձային փուլերից մեկին ու կնպաստի նրա կերպարի ավելի խորը և բազմակողմանի ըմբռմանը:
Ի վերջո նշենք, որ գրքի եզրահանգումները կարևոր են ոչ միայն Հայաստանի նկատմամբ Մուստաֆա Քեմալի որդեգրած քաղաքականության իրական նպատակները բացահայտելու տեսակետից, այլ նաև նախադրյալներ են ստեղծում ժամանակակից Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի խորն ըմբռնելու համար:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի