Առաջին անգամ Պրահայում այն ղեկավարել է Հովհաննես Չեքիջյանը՝ 1979 թվականի մայիսին
Մայիսի 15-ին Պրահայի Սմետանայի անվան դահլիճում ,,Պրահայի գարուն,, միջազգային փառատոնի շրջանակում կհնչի հանճարեղ Հեկտոր Բեռլիոզի երաժշտությունը՝ նվիրված նրա մահվան 150-ամյակին։ Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի անվանի դիրիժոր, Բեռլիոզի երաժշտության հայտնի մեկնաբան Ջոն Նելսոնը։ Երգչախմբերը կլինեն երկուսը՝ Սլովակիայի ֆիլհարմոնիկի երգչախումբը եւ Պրահայի Կուհնուվի երգչախումբը։
Ի դեպ առաջին անգամ Պրահայի փառատոնի շրջանակներում ,,Տե Դեումը,, հնչել է 1979 թվականի մայիսի 31-ին՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ եւ Հայաստանի ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ։
Բրիտանական ու գերմանական մամուլում Նելսոնին համարել են Բեռլիոզի երաժշտության մեր ժամանակների լավագույն մեկնաբանը։ Ինքը՝ Ջոն Նելսոնը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Բեռլիոզի երաժշտությունն ամենահեղափոխականն է երաժշտության պատմության մեջ։ ,, Նա առաջին կոմպոզիտորն է, որ նման հետաքրքիր ձեւով է գրել նվագախմբի համար,,- ասաց դիրիժորը։ Նրա ասելով Բեռլիոզին լսելիս նախ զարմանում ես, իսկ հետո՝ արտասվում։ Սակայն իր համար առաջին տեղում մնում է Բախը, այնուհետեւ Շումանը, հետո՝ Բեռլիոզը։ Իհարկե, այս շարքը լրացնում են նաեւ Չայկովսկին, Բեթհովենը, Մոցարտը եւ այլ կոմպոզիտորներ։
Ջոն Նելսոնի ասելով, Պրահայում կատարվող ,, Հարոլդը Իտալիայում,, եւ ,,Տե Դեումը,, շատ գեղեցիկ ծրագիր է, քանի որ իր մեջ ներառում է եւ՛ աշխարհիկ, եւ՛ հոգեւոր երաժշտություն։ Ինչ վերաբերում է Բեռլիոզի Ռեքվիեմին, ապա այն հզոր գործ է։
Ջոն Նելսոնը նաեւ հիացած էր Պրահայով, առաջին անգամ այստեղ եղել է 1981 թվականին, եւ սովետական ռեժիմի օրոք իրեն ազատ չի զգացել, նույնիսկ հյուրանոցի համարներում չի կարողացել խոսել։ Իսկ այժմ հիացած է Պրահայի գեղեցկությամբ եւ համարում է Եվրոպայի եւ նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը։
Ավելացնենք միայն, որ երեկ Սմետանայի դահլիճում հնչեց հանրահայտ ,,Իմ երկիրը,, ՝ գերմանական Բամբերգի սիմֆոնիկի կատարմամբ եւ դիրիժոր Յակուբ Հրուշայի փայլուն եւ ինքնատիպ ղեկավարությամբ։ Դահլիճում երկար ժամանակ չէին դադարում ծափահարությունները։ Իսկ դրանք ուղղված էին նաեւ մեր հայրենակից, Բամբերգեր սիմֆոնիկի երկորդ ջութակահար Գեւորգ Բուդաղյանին։ Նրա հետ մեր հարցազրույցը կկարդաք ՕՐԵՐ ամսագրում։ Գեւորգի պապը՝ Գեւորգ Բուդաղյանը 1929-1932 թվականներին եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը, իսկ 1932-1958 թթ. եղել է Երեւանի օպրեային թատրոնի դիրիժորը։
Նշենք նաեւ , որ արդեն հայտնի են նաեւ ֆլեյտայի եւ հոբոյի մրցույթների հաղթողները։ Ինչպես նշեց մեզ հետ զրույցում ֆլեյտայի մրցութային ժյուրիի անդամ Անդրաշ Ադորյանը, այս անգամ բավականին ուժեղ երիտասարդներ էին մասնակցում եւ դժվար էր ընտրություն կատարելը։ Հոբոյի մրցույթում առաջին մրցանակը տրվել է Չեխիայի ներկայացուցիչ Մարտին Դանեկին, երկրորդ տեղին արժանացել են Ֆրանսիայի եւ Հարավային Կորեայի երաժիշտները։
Հ.Ասատրյան
ՕՐԵՐ