Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:
Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորել է երկրների առաջնորդներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանում:
Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ջերմորեն ողջունել բոլոր հյուրերին և հույս հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կհաղորդի մասնակից պետությունների միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: ՉԺՀ նախագահը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջև ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը իրավահավասարության և փոխադարձ շահերի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո Նախագահ Սի Ծինփին,
Պետությունների և կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում և մասնակցել այս կարևոր իրադարձությանը:
Ըստ իս, բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը: Բազմազանությունը ծնում է երկխոսություն, իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման և փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար:
Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար:
Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» - մեջբերման ավարտը: Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում:
Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին: Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում:
Բացախոսությունը, երկխոսությունը և միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջև ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու ճշմարիտ ուղին են:
Հարգելի մասնակիցներ,
Այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը և ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ:
Չինաստանն իր պատմության այս կարևորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով՝ տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց:
Արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհին:
Հարգելի մասնակիցներ,
Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը:
Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար:
Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:
Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից բազմակարծ հասարակություն:
Միևնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ:
Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ:
Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:
Խաչաձևվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանին այս կարևորագույն իրադարձությանը հրավիրելու համար և խորհրդաժողովին մաղթել լիակատար հաջողություն:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
Տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև «Մետաքսե ճանապարհ»-ի արդյունքն է: «Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը:
Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
ՉԺՀ նախագահի խոսքով` հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: ՉԺՀ նախագահը միաժամանակ հավելել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:
ՉԺՀ վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նա ընդգծել է երկկողմ դարավոր կապերի փաստը ու հավելել, որ այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար: «Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում` հաշվի առնելով մեր երկու երկրների ընդհանրությունները: Դրա համար առկա է ամուր քաղաքական հիմք»,- ընդգծել է Լի Քեցյանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալութուն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ։ «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովը շատ կարևոր է մեզ համար: Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության հարցերը։ Ես շատ ուրախ եմ այդ հնարավորության և համաժողովի շրջանակներում Ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Լի Քեցյանը ևս կարևորել է երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը` նշելով, որ չինական կողմի մոտեցումները համընկնում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած ոլորտային առաջնահերթությունների հետ:
Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսութան ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և Հայաստանում այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը: Լի Քեցյանը շեշտել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է ներգրավվել նշված ծրագրերում:
Կողմերը քննարկել են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, մասնավորապես, ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում ծրագրերի իրականացմանը:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չինաստանի պետական խորհրդի նախագահը հայ-չինական տնտեսական հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են ճաշի ընթացքում:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանի արտաքին գործերի նախարար և Արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները: