Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Փառատոնի ընթացքում կհնչի նաեւ Ալեքսանդր Հարությունյանի կոնցերտը

Մայիսի 12-ից հունիս 4-ը Պրահայում կանցկացվի հանրահայտ Պրահայի գարուն 74-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Այս տարի փառատոնին զուգահեռ կանցկացվեն ավանդական դարձած  ֆլեյտայի եւ հոբոյի մերիտասարդ կատարողների մրցույթ։ Արդեն իսկ հայտնի են դարձել մրցույթների դափնեկիրները, որոնց թվում են Չեխիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները /McKenna Niamh, Německo / Irsko, Talácková Anna, Česká republika, You Chaeyeon, Korejská republika, Yu Yuan, Čína)։  

Ինչպես նախորդ տարիներին , այս տարի էլ 74րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը կատարվեց Սմետանայի հանրահայտ ,,Իմ երկիրը,,  ստեղծագործությամբ։  Այս տարի այն կատարեց Բամբերգի սիմֆոնիկ նվագախումբը՝ Յակուբ Հրուշայի ղեկավարությամբ։  Մայիսի 13-ին այն երկրորդ անգամ կկատարվի Հանրային տան Սմետանայի անվան մեծ դահլիճում։  Նշենք նաեւ, որ Բամբերգի նվագախմբի երկրորդ ջութակը հայ ջութակահար Գեւորգ Բուդաղյանն է, ով 2002 թվականից  անդամակցում է նվագախմբին։ Այս նվագախումբը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Պրահայի նվագախմբից տեղափոխված գերմանացի երաժիշտների մասնակցությամբ։ 

Հատկանշական է, որ այս տարի ,,Պրահայի գարուն,, փառատոնում հանդես կգա ավստրիահայ տաղանդավոր ջութակահար Էմանուել Ճգնավորյանը։ Նա հանդես կգա Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ հայտնի դիրիժոր Ալեքսանդր Վեդերնիկովի գլխավորությամբ։  Համերգի ընթացքում կհնչեն Սիբելիուսի կոնցերտը եւ Պրոկոֆեւի Ալեքսանդր Նեւսկի կոնտատայից  մեցցո-սոպրանոյի համար հատվածը, որը կկատարեն մեցցո-սոպրանո Լուցիե Հիլսխերովան եւ Պրահայի ֆիլհարմոնիկ երգչախումբը։

Իսկ հունիսի 2-ին Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը մեքսիկացի դիրիժոր Ալոնդրա դե լա Պարրայի ղեկավարությամբ կկատարի ոչ միայն Դմիտրի Շոստակովիչի Տոնական օվերտյուրան, այլեւ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի եւ նվագախմբի  համար կոնցերտը։ Կհնչի նաեւ Իգոր Ստրավինսկու  ,,Պետրուշկան,,։  Շեփորը կնվագի Մանուել Բլանկոն։  Հայտնի է, որ Հարությունյանի այս գործի առաջին կատարումը տեղի է ունեցել 1950 թվականին եւ դարձել է շեփորի համար գրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Փառատոնի ընթացքում ելույթներ կունենան նաեւ հանրահայտ այլ նվագախմբեր, անհատ կատարողներ եւ դիրիժորներ։

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հունիսի 4-ին։ Հանդես կգա Տուլուզի Ազգային նվագախումբը՝ Տուգան Սաչիեւի ղեկավարությամբ։ Կհնչեն Դվորժակի, Ստրավինսկու եւ Դեբյուսիի ստեղծագործությունները։

 Վերջում նշենք, որ Չեխիայի ամենահեղինակավոր երաժշտական փառատոնը տեղի է ունենում նախագահ Զեմանի հովանու ներքո, եւ մշակույթի նախարարության եւ Պրահայի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնի նշանակության ու ծրագրերի մասին խոսեցին բացման մամուլի ասուլիսում փառատոնի գործադիր տնօրեն Ռոման Բելորրը, Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրիբը եւ հովանավորների ներկայացուցիչները։ 

Հ.Ա.

ՕՐԵՐ