Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Մայիսի 4-ին Վիեննայի Մխիթարյան վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում  հանդես եկավ Պրահայի Կարոլինյան համալսարանի նվագախումբը՝ ղեկավարությամբ մաեստրո Հայկ Ութիջյանի։ Երեկոն նվիրված էր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին։  Իբրեւ մենակատար հանդես եկավ վիեննաբնակ սոպրանո Թեհմինե Զարյան Շեֆֆերը։

Նվագախումբը կատարեց Սարգիս Ասլամազյանի մշակմամբ Կոմիտասի հայկական երգերն ու պարերը, Նարեկացու ,,Հավուն արթնացյալը,, Կոմիտասի մշակմամբ եւ Կոմիտասի ու Զարեհ Սահակյանցի պատարագի նվագաշարը։

Նշենք, որ Պրահայի Կարլի համալսարանի նվագախումբն ու երգչախումբը հիմնվել են 2000 թվականին  Հայկ Ութիջյանի ջանքերով։  Նվագախումբն ու երգչախումբն անցած գրեթե 20 տարիների ընթացքում մեծ համբավ են ձեռք բերել ոչ միայն Չեխիայի երաժշտական կյանքում, այլեւ արտերկրում՝ հյուրախաղերով հանդես եկել եվրոպական մի շարք երկրներում։  Հայկ Ութիջյանն  արժանացել է միջազգային մրցանակների, այդ թվում՝ Հայաստանի սփյուռքի նախարարության  ,,Կոմիտաս,, եւ Ազգային գրադարանի ,,Հակոբ Մեղապարտ,,  մեդալներին։

Սոպրանո  Թեհմինե  Զարյան  Շեֆֆերը թեեւ ապրում  է Վիենայում, սակայն ելույթներ է ունենում նաեւ եվրոպական տարբեր երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Չինաստանում եւ Ռուսաստանում։  Հատկապես հաջողության է հասել  Գիշերային թագուհու դերերգով՝ Մոցարտի ,,Կախարդական սրինգ,,  օպերայում։

Հատկանշական է, որ այս տարի  ապրիլի 24 ին Կարլի համալսարանի նվագախումբն  ու երգչախումբը մաեստրո Ութիջյանի ղեկավարությամբ  համալսարանի գլխավոր դահլիճում՝ Կարոլինիումում  հանդես եկան համերգային ծրագրով՝ կատարելով Ֆրանց Շուբերտի, Լիլի Բոուլանգերի, Կոմիտասի եւ Զարեհ Սահակյանցի ստեղծագործությունները։  Մեներգերով հանդես եկան սոպրանո Ագնեշկա Միշոնովան, տենոր Ստանիսլավ Միստրը, բաս Հայկ Ութիջյանը։ Երգեհոնը նվագեց  Միխալ Սվոբոդան։

Հատկանշական է, որ Չեխիայում որեւէ այլ նվագախումբ կամ երգչախումբ  երբեք այսքան հաճախակի չի կատարել  հայ կոմպոզիտորների եւ հատկապես Կոմիտասի ստեղծագործությունները, որքան Կարլի համալսարանի նվագախումբն  ու երգչախումբը Հայկ Ութիջյանի  հմուտ ղեկավարությամբ։ 

Մայիսի 14-ի երեկոյան  Պրահայում Կարլի համալսարանի երգչախումբն ու նվագախումբը հանդես կգան  Չեխիայի Երաժշտության թանգարանի մեծ սրահում։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Tomas Bazika, The Prague Music Connection