Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 10-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպեց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն, դեսպան Ալեքսանդր Մարշիկի (Alexander Marschik) հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը:

Ալեքսանդր Մարշիկը շնորհակալություն հայտնեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով հանդիպում նախաձեռնելու համար:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական հարթակում առկա է հարաբերությունների բարձր մակարդակ՝ վստահություն հայտնելով, որ երկկողմ հարաբերություններում առկա զարգացման դրական դինամիկան կունենա իր շարունակականությունը: Վահագն Մելիքյանը նշեց, որ Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևորվում է այդ երկրի տնտեսական ներուժի, ԵՄ անդամ լինելու, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության հանգամանքով: Կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը ԵՄ անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Ավստրիայի կողմից:

Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, միջխորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

Ալեքսանդր Մարշիկն իր հերթին կարևորեց բարձրաստիճան այցերի կազմակերպման, ինչպես նաև տնտեսական համագործակցության և գործարար համաժողովների գումարման անհրաժեշտությունը և հայտնեց ավստրիական կողմի աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների սերտ զարգացման հարցում:

Վահագն Մելիքյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին և իրականացվող բարեփոխումներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի և այս առումով կարևորեց երկու երկրների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով խորհրդարանական կառավարման ոլորտում Ավստրիայի հարուստ փորձը:

Վահագն Մելիքյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է համապատասխան գործնական քայլեր ձեռնարկել Ավստրիայի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, տնտեսական կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվեց Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեությունը: Նա նաև գոհունակություն հայտնեց Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աջակցության համար:

Հանդիպման վերջում Վահագն Մելիքյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ԵՄ, Հայաստանի հարևան, ինչպես նաև տարածաշրջանային երկրների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններին:

orer.eu