Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 9-ին ժամը 18-ին ,,Մարդը կարիքի մեջ» իրավապաշտպան կազմակերպության Պրահայի ,,Լանգհանս» կենտրոնում  Չեխիայի Քաղաքացիական հասարակության կենտրոնի հովանու ներքո տեղի ունեցավ Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված քննարկում։ Այն վարում էր կենտրոնի ծրագրեի տնօրեն Իգոր Բլաժեւիչը։   

Քննարկմանը մասնակցեցին եւ ներկաների բազմազան հարցերին հմտորեն պատասխանեցին  Հայաստանի քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչները ՝ ,,Ալիք Մեդիայի» համահիմնադիր եւ գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, ,,Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը եւ Գյումրիի համայնքի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Լեւոն Բարսեղյանը։

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում, որո՞նք էին հեղափոխության նախադրյալները, ի՞նչպես է ընդունում հասարակությունը անցած մեկ տարվա բարեփոխոմւները, ինչպիսի խնդիրների ու մարտահրավերների առջեւ են կանգնած հեղափոխության առաջնորդները, ի՞նչ վիճակում է Ղարաբաղի հարցը,- այս եւ այլ հարցերի պատասխանները ոչ միայն հետաքրքիր էին, այլեւ բովանդակալից ու փաստավորված։ Հպարտության զգացում ես ապրում, երբ երկիրդ ներկայանում է կրթված ու գիտակ քաղաքագետներով, որոնք մեկը մյուսին փոխլրացնում էին իրենց տեսակետներով։

Քննարկմանը ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանության դիվանագետները՝ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ։ 

Բանախոսների հետ ՕՐԵՐ-ի հարցազրույցները կներկայացնենք մեր ամսագրի առաջիկա համարում։ 

 

ՕՐԵՐ