Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայտնի դարձան Թեքեյանական 9-րդ օլիմպիադայի հաղթողները: Ամենամյա մրցույթն իրականացվում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից սկսած 2010թ-ից: Այն ընդգրկում է երեք առարկա՝ մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզու/գրականություն, եւ խրախուսում է բարձր առաջադիմությունը, ոգեւորություն է հաղորդում աշակերտներին, հնարավորություն է ընձեռում առողջ մրցակցության պայմաններում դրսեւորել իրենց գիտելիքներն ու արժանանալ մրցանակների, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

 

Այս տարի եւս մրցույթում իրենց ուժերը չափեցին Հայաստանի՝ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբի գյուղի, եւ Արցախի՝ Բերձորի, Վ. Թեքեյանի անվան դպրոցների, ինչպես նաեւ Հայաստանի սիրիահայ համայնքի 8-րդ դասարանի աշակերտներ: Ձեռնարկի մասնակիցների ընդհանուր թիվն էր 85:

 

Մրցույթից հետո, մինչ մասնագիտական հանձնախումբը կամփոփեր արդյունքները, մասնակիցներին առաջարկվեց հյուրասիրություն եւ մշակութային ծրագիր Թումանյանական տարվա շրջանակներում` «Շունն ու կատուն» ներկայացումը Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այնուհետեւ միջոցառումը կրկին տեղափոխվեց Թեքեյան Կենտրոն, որտեղ տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակաբաշխության արարողությունը, եւ հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվեցին խրախուսական մրցանակներ՝ Հ. Թումանյանի բանաստեղծությունների եւ քառյակների ժողովածուներ եւ այլն:

 

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը /Լոնդոն/, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ եւ այլք:

 

Ձեռնարկը մեկնարկեց երգ ու պարով, ասմունքով՝ մասնակից դպրոցների աշակերտների կատարմամբ: Այնուհետեւ հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին, նա կարեւորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը: Տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնախմբին ծավալուն եւ անկողմնակալ աշխատանքի համար:

 

Այնուհետեւ օլիմպիադայի մրցութային հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը /հայոց լեզու եւ գրականություն/, ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը /անգլերեն լեզու/ եւ Մ. Գալշոյանի անվ. թիվ 148 դպրոցի փոխտնօրեն Ա. Գեւորգյանը /մաթեմատիկա/, մասնագիտական կարծիք արտահայտեց եւ գովաանագրեր, պատվոգրեր եւ մրցանակներ՝ տեխնիկա, գրքեր,  հանձնեց բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին:

 

Թեքեյանական 9-րդ օլիմպիադայում առաջին մրցանակի՝ եռօրյա ուղեւորություն դեպի Արցախ եւ Հայաստան երկու անձի համար, արժանացան`

 

«Հայոց լեզու եւ գրականություն» - Արմանուշ Մարգարյան /Բերձոր/

«Մաթեմատիկա» - Աշխեն Շահբազյան /Երեւան/

«Անգլերեն լեզու» - Սագո Պազարճեան /Սիրիա/