Համացանցային հայրենասիրություն. կարծիք Գերմանիայից
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական խմորումները ստիպեցին բոլորին զբաղվել քաղաքականությամբ՝ անկախ տարիքից, մասնագիտությունից ու համապատասխան կրթությունից։<<Փորձառու քաղաքական գործիչներ>> են բոլորը՝ սկսած հալալ քրտինքով իր ապրուստը վաստակող բանվորից, վերջացրած ամբողջ կյանքը ուրիշի հաշվին ապրող վերջին պորտաբույծից։ <<Քաղաքական գործիչներ>> են բոլորը՝ թե՛ բանվոր, թե՛ իշխանավոր, թե՛ խանութպան և թե՛ տաքսու վարորդ, և արդյունքում թե՛ մամուլում, թե՛ համացանցում քաղաքական մտքերի ու վերլուծությունների պակաս չունենք։ ԵՎ հետաքրքիրն այն է, որ զարմանալիորեն բոլորը շատ լավ գիտեն, թե կառավարությունը ինչ պիտի անի, ինչպես պիտի անի և երբ պիտի անի, և երբ կառավարության որևէ որոշում այսպես թե այնպես դիպչում է որևէ մեկիս անձնական շահին, մենք մոռանում ենք ընդհանուրի օգուտը, և սկսվում է քննադատությունների շարանը առ <<երախտամոռ իշխանությունների, որոնք, մեր օգնությամբ հեղափոխություն անելով, այսօր հանդգնում են մեզ հարկային դաշտ բերել>>։ Բոլորս սիրում ենք խոսել հայրենասիրությունից, ազգից ու հայրենիքից, բայց երբ բանը հասնում է իրականության մեջ դրսևորելուն, գործում ենք միայն մեր անձնական օգուտից դրդված։
Ես ապրում եմ հեռավոր Գերմանիայում և ուշիուշով հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։ Անկեղծ ասած՝ ես ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում, որ այս պատասխանատու պահին իմ հայրենակիցների կողքին չեմ, և հասկանում եմ նաև, որ իմ մտքերը ոմանց համար կարող են թվալ որպես առոք֊փառոք ապրողի տաք֊տաք ճառասացություն, բայց հավատացեք, որ ես քաջ գիտակցում եմ, որ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր երկիրը հզորանա, եթե ուզում ենք ավելի ապահով երկիր ունենալ, ապա պետք է մեր հայրենակիցների կողքին լինենք, մեր կրթությունը, մեր ներուժը ծառայեցնենք ի նպաստ մեր հայրենիքի, և վերջապես պետք է մեր հայրենասիրությունը համացանցային ոլորտից տեղափոխենք իրական կյանք իրական գործերով, հակառակ դեպքում մեր երազանքները այդպես էլ կմնան լոկ պարապ ուղեղի մտմտուքներ։
Կարծում եմ, որ ինձ հետ կհամաձայնեն շատ ու շատ ինձ բախտակիցներ, որ օտարության մեջ ապրող հայերիս մեծամասնության մոտ հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է ճոխ սեղանների մոտ կենացներ ասելով ու հայրենասիրական երգեր լսելով։ Բոլորը այդ պահին խմում են << Առյուծ տղերքի>> կենացը, հայրենիքի կենացը, իրենց վերադարձի ու հայրենիքը շենացնելու իրենց վեհ առաքելության կենացը( ակամայից հիշեցի Պետրոս Կամսարյանին)։ Բայց.... ավաղ, այսքանը միայն։ Հաջորդ պահին, երբ ավարտվում են սեղանային վիճակները, և մարդիկ մտնում են իրենց առօրյա կյանքի եռուզեռի մեջ, այստեղ ավարտվում է հայրենասիրությունը, և նույն այն մարդիկ, ովքեր բաժակ էին բարձրացնում հայրենի հողի և նրա պաշտպանի կենացը, ամեն ինչ անում են, որ իրենց տասնյոթնամյա որդին հանկարծ չլինի, որ վերադառնա հայրենիք ու ծառայի բանակում։ Բոլորը սպասում են ինչ֊ որ հրաշքի, որը պիտի տեղի ունենա իրենց հայրենիքում՝ մոռանալով, որ հրաշագործները հենց ինքներս մենք ենք, և ոչ ոք այդ հրաշքը չի գործի մեր հայրենիքում մեր փոխարեն։
Սիրելի՛ իմ բախտակիցներ, այդ երկիրը մենք պիտի կառուցենք մեր միահամուռ ջանքերով՝ մեր մտահոգություններով, մեր ապրումներով, մեր սրտացավությամբ և վերջապես մեր նիստուկացով, որովհետև ինչի է նման այն, երբ Ապրիլի 24֊ ին նվիրված երթին տեսնում եմ մի երիտասարդի, ով խոսում էր թուրքերեն, և հարցիս արդյոք թու՞ րք է, պատասխանում է, որ մայրը պոլսահայ է, հայրը՝ Հայաստանից, բայց տանը խոսում են թուրքերեն։ Շատ բան ասել չեմ ուզում, հետևությունները թողնում եմ ձեզ։
Վերջում կուզեի ավելացնել, սիրելի՛ հայրենակիցներ, որ եկեք չդառնանք ճառ ասողներ, այլ զանգ կախողներ, ասել է թե, եկեք մեր հայրենասիրությունը ստատուսային վիճակից դուրս բերենք իրական կյանք
ՍՈՆԱ ԿՈՊԱԼԻԱՆԻ
ԳԵՐՄԱՆԻԱ