Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 12-ին Կատալոնիայի Սանտա Կոլոմա քաղաքում տոնախմբություն էր։ Այս տարի քաղաքապետարանը միջոցառմանը հրավիրեց նաև ազգային փոքրամասնությունների մի շարք համայնքների ներկայացուցիչների՝ մասնակցելու համերգային ծրագրին, որի նպատակը բազմազգ Կատալոնիայի բնակչության էլ ավելի մերձեցման միտումն էր։

Միջոցառումը տեղի ունեցավ զբոսայգում, որտեղ առավոտվանից տիրում էր տոնական տրամադրություն։ Որպես կանոն հայկական համայնքը միշտ էլ մասնակցում է նմանատիպ միջոցառուների և այնպիսի ծրագրերի, որտեղ հատկապես ներկայացվում է ազգային մշակույթը։ Հայկական մասում Սանտա Կոլոմայի ՛՛Արարատ՛՛ասոցիացիայի ԱՅԲ Մեսրոպատառ կիրակնօրյա դպրոցի սաներն էին և հայկական համայնքի բազում ներկայացուցիչներ։

Դպրոցը ներկայացրեց հայերեն խմբակային մի երգ՝ ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանի ղեկավարությամբ։ Այնուհետ ելույթ ունեցավ նաև ուսուցչուհին և հայկական մեղեդին թևածեց զբոսայգում։

Հաջորդը դպրոցի սան Մանե Ալեքսանյանի ելույթն էր, որը ջութակով կատարեց Մոցարտի ստեղծագործություններից մեկը և արտասանեց հայրենասիրական բանաստեղծություն։ Սակայն ամենահուզիչը դեռ առջևում էր։ Բեմ բարձրացան հայուհի կանայք եւ աղջիկներ և պարուսույց Մերի Մանուկյանի գլխավորությամբ պարեցին ՛՛Լորկե՛՛ ազգագրական պարը․․․ Զուռնայի հզոր ձայնը և դհոլի ռիթմիկ զարկի տակ հայկական հաղթական պարը հայ համայնքին մեկ անգամ ևս ընձեռնեց հաղթողի բերկրանքը։

ժաննա Դավթենց

Հատուկ ՕՐԵՐ-ի համար