Ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ “Չլսվող Ձայներ” ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության Ազգագրության Ինստիտուտի Բանավոր պատմության կենտրոնի կրթական ծրագրի շրջանակում իրականացրած հետազոտությունների ամփոփումն է:
Հատորում ընդգրկված հոդվածները բարձրացնում են տարբեր խմբերի (կանանց, փախստականների, ուսուցիչների, ցեղասպանության երկրորդ և երրորդ սերունդների, պատերազմին մասնակցած զինվորների, Հայաստանում բնակվող ինքնությամբ թուրքերի) կամ իրադարձությունների (Ապրիլյան պատերազմ, Թավշյա հեղափոխություն) և երևույթների (խորհրդային շրջանում կրոնական պատկերացումների ու ծեսերի) հետ կապված մինչ օրս գրեթե չբարձրաձայնած խնդիրներ, որոնց միավորում է հետազոտության հիմնական մեթոդը՝ բանավոր պատմությունը:
Յուրաքանչյուր հոդվածի հաջորդում է այդ խնդրի շուրջ գրանցած բանավոր պատմության մեկ սղագրություն: Գիրքը նախատեսվում է բանավոր պատմությամբ ու հիշողության ուսումնասիրություններով զբաղվող սոցիալական տարբեր գիտաճյուղերի մասնագետների, ինչպես նաև այդ հարցերով հետաքրքրվողների լայն շրջանակի համար:
Գիրքը ստեղծվել և հրատարակվել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) աջակցությամբ: Գրքի գլխավոր խմբագիրն է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության ազգագրության ինստիտուտից Լևոն Աբրահամյանը, խմբագրական կազմում են տնօրեն Պավել Ավետիսյանը, Հյուսթոնի համալսարանից Ստելլա Գրիգորյանը, Տնտեսագիտության և քաղաքաշինության Լոնդոնի համալսարանից, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Ազգագրության ու Հնագիտության ինստիտուտից պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանը:
Գրքի ձևաորողն ու դիզայները Մկրտիչ Մաթևոսյանն է: Գիրքը բաղկացած է չորս գլխից,որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հետազոտություններ և դրանց համար հիմք ծառայած մեկական հարցազրույց: Հեղինակներն ունեն տարբեր հետազոտական փորձ,ոմանց համար սա առաջին հրատարակվող աշխատանքն է,ոմանք էլ արդեն հասցրել են հեղինակել գիտական հոդվածներ,ինչպես նաև մենագրություն: Հեղինակներն ունեն տարբեր սոցիալական և հումանիտար կրթություն: Եվ չնայած աշխատանքները գրվել են որպես բանավոր պատմության նմուշներ, հեղինակներից և ոչ մեկը պատմաբան չէ, և բարձրացված խնդիրներն ավելի շատ դիտարկվում են մարդաբանական տեսանկյունից:
Մի քանի խոսքով ներկայացնենք գրքի գլուխների բովանդակությունը: Եվ այսպես՝առաջին գլուխը բաղկացած է երկու հետազոտությունից և համապատասխանաբար՝երկու հարցազրույցից: Երկրորդ գլխում հավաքված են այն հոդվածները, որոնց հիմնական թիրախը հիշողությանն առնչվող խնդիրներն են: Երրորդ գլխում ընդգրկված են երկու աշխատանք,որտեղ հեղինակները լսելի են դարձնում իրենց զրուցակիցները ձայները: Ժողովածուն ավարտվում է Գայանե Շագոյանի նյութերի վերաբերյալ կարծիքներով:Գիրքը բաց տեքստ է,այստեղ ոչ միայն վերլուծություններ են,այլև առանձին մարդկանց կենսագրություններ, ըստ էության՝նյութեր,որ կարելի է օգտագործել այլ հետազոտությունների համար, անել նոր հարցադրումներ ու վերակենդանացնել՝փոխադրելով այն ձևաչափերի՝ֆիլմի, թատրոնի, գրականության և այլն: Ընթերցելով ժողովածուն ինձ համար ամենատպավորիչ նյութը դարձավ Ազգագրության ու Հնագիտության ինստիտուտի ասպիրանտ, հետազոտող Մանանա Մովսեսյանի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի անհայտ մնացած մասնակիցների հետ զրույցն էր, որտեղ նա փորձել է բարձրացնել պատերազմի և խաղաղ կյանքի միջև հայտնված զինվորների խնդիրները,նրանց զգացումներն ու գնահատականը: Այս հարցազրույցը կարող է լիովին փոխել շատ կարծրատիպեր, թե ինչն է մարդուն մղում առաջին գիծ կամ դարձնում հերոս, արդյոք իրական մարտադաշտում հայրենասիրական հռետորաբանությունն ու պրոպագանդան որևէ դեր ունեն:Այս նյութը ստիպում է բացարձակապես այլ աչքերով նայել ցանկացած զորակոչիկի:Նշենք,որ նրա հարցազրույցի հերոսներն ու զրուցակիցների անուն ազգանունները պայմանական կամ անանուն են:
Մեջբերենք այդ հարցազրույցներից մի հատված:
“Լիքը վախկոտ հրամանատարներ կային: Էտ օրերից շատ բան չեմ հիշում էլ Ինձ հետո պատմում էին,որ սնարյադը գալիսա,մեր հրամանատարն ինձ խրամատից քաշել գցելա իրա վրա, որ պաշտպանվի: Իսկ կամդիվը վապշե շելի մեջից դուրս չեկավ: Բայց մարդիկ էլ կային, որ անլուրջ էի վերաբերվում,էդ օրվանից հետո սկսեցի լուրջ վերաբերվել իրանց պահվածքի համար: Ամեն ինչ թողած իրանց պարտականությունն էին կատարում: Մեկի ոտքը դուրս էր ընկել տենց,վնասվել, պառկած հաշվարկ էր անում,որ կրակեինք: Դրանից հետո աչքս մտավ: Բուժկետից եկան ասեցին՝քեզ տանենք,տեղդ ուրիշ մարդ բերենք,չհամաձայնեց,կաղալով ամիս, ամիս ու կես մնաց: Տենց մի հատ սերժանտ ունեինք”-հիշում է 21 տարեկան Կարենը: Ի վերջո նշենք,որ հոդվածում փորձ է արվում վեր հանել 2016 թվականի ապրիլին ՛՛Քառօրյա պատերազմ՛՛ անուն ստացած հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին մասնակցած հայկական բանակի զինվորների հիշողություններն ու կարծիքները կատարվածի շուրջ:
Զինծառայողների հետ անանության պայմանով անցկացված կենսագրական հարցազրույցները հնարավորություն տվեցին որոշակի պատկերացում կազմելու պատերազմական իրավիճակում հայտնված զինվորների սեփական դերի, պայքարելու հիմնական շարժառիթների,հրամանատարական կազմի հետ փոխհարաբերությունների, վերջիններիս նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոխակերպումների և մի շարք այլ խնդիրների մասին: Շնորհանդեսը վարում էր, ինչպես նաև բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ժողովածուի խմբագիրներից ու ծրագրի համակարգող Ազգագրության ու Հնագիտության ինստիտուտից պատմական գիտությունների թեկնածու ժողովածուի գիտական խմբագիր Գայանե Շագոյանը:Նա մի քանի խոսքով ներկայացրեց ժողովածուն՝ հույս հայտնելով,որ նմանատիպ ձեռնարկները կլինեն շարունակելի,մեր երիտասարդների ուսումնասիրությունները ներկայացնելով համայն աշխարհով մեկ:
Ելույթներով հանդես եկան ժողովածուի լեզվի խմբագիր Սոնա Մնացականյանը, գրախոսներ Գոհար Ստեփանյանը, DVV international (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) կազմակերպության հիմնադիր ու պատասխանատու Լուսինե Խառատյանը՝նշելով ,որ գրքի կազմարական ու հավաքագրական աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի,ինչպես նաև գրքում ընդգրկված հարցազրույցների հեղինակներ ու ուսումնասիրողներ Մանանա Մովսեսյանը, Նելլի Մանուչարյանը, Էլեն Ստեփանյանը, Հասմիկ Գրիգորյանը, Աննա Բաբայանը, Աշխեն Հակոբյանը, Արմենուհի Նիկողոսյանը,Աիդա Պապիկյանը, Էվիյա Հովհաննիսյանն,ովքեր իրենց տպավորություններով կիսվեցին ներկաների հետ ու երախտիքի խոսքերն ուղղեցին բոլոր աջակիցներին ու շնորհանդեսի կազմակերպիչներին: Վերջում շնորհակալական ու ամփոփիչ ելույթով հանդես եկավ Գայանե Շագոյանը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի