Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 14-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարեց Ծաղկազարդի տոնին նվիրված ժամերգություն, որի ավարտին իր խոսքում ներկաներին բացատրեց Ծաղկազարդի և  Քրիստոսի  Երուսաղեմ մուտքի խորհուրդը։ Այնուհետեւ Հայր Բարսեղը օրհնեց ուռենու ճյուղերը եւ բաժանեց ներկաներին։ 

Ինչպես հայտնի է, Ծաղկազարդը նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են  ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն եւ Անդաստանի  կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում և այլն։ Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)

Վերջում Հայր Բարսեղը ներկայացրեց նաեւ  արարողությանը ներկա ,  ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Էլլադա Չախոյանին, նրան ընկերակցող, լրագրող Մարիկա Միրաքյանին, ինչպես նաեւ օրերս Հայաստանից ժամանած, ՀՀ դեսպանության նոր աշխատակից, երկրորդ քարտուղար Հակոբ Սարգսյանին։ 

Նշենք նաեւ, որ եկեղեցական արարողությանը ներկա էր Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

ՕՐԵՐ