Գալուստ Գյուլբենկյան հաստատության հովանավորությամբ ապրիլի 5֊6֊ին Լիսաբոնում հնչեցին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Ապրիլի 5-ին Գյուլբենկյան նվագախմբի և երգչախմբի կատարմամբ Սան Ռոկ եկեղեցում հնչեց Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Համերգային կատարումը ղեկավարում էր էստոնիացի դիրիժոր Տոնու Կալյուստեն ( Tõnu Kaljuste)։
Հաջորդ օրը Գյուլբենկյան հիմնադրամի կենտրոնակայանում տեղի ունեցավ հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ, որը վարում էին Միգել Սիդը և Մարինա Դելլալյանը։ Այնուհետև հնչեցին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները։ Նախ Դելլալյան Տրիոն կատարեց Մանսուրյանի 5 Բագատելները եւ Ագնուս Դեի ստեղծագործությունը՝ կլարնետահար Էստեր Ջորջիի մասնակցությամբ։ Հայտնի է, որ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի անունը կրող երաժշտախմբի անդամները նրա դուստրերն են ջութակահար Նարինե Դելլալյանը եւ դաշնակահարուհի Մարինա Դելլալյանը, ինչպես նաեւ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Մուրադյանը։ Իսկ Լիսբոն կամերային համույթը, որը կազմում են ջութակահարներ Բին Չաոն եւ Ժորժ Տեիշերան, ալտահար Լու Զենգը և թավջութակահար Վարուժան Բարթիկյանը։ Քառյակը կատարեց Մանսուրյանի Թիվ1 Կվարտետը և «Կտակ» ստեղծագործությունը։ Ունկնդիրը հոտնկայս, երկար ծափահարություններով ողջունեց կատարումները։ Հիշեցնենք, որ Մանսուրյանական ստեղծագործությունների համերգները տեղի ունեցան Գալուստ Գյուլբենկյանի 150֊րդ տարելիցին նվիրված հանդիսությունների շրջանակներում։
Պորտուգալական մամուլը լայնորեն լուսաբանել էր համերգների սկիզբը՝ անդրադառնալով Մանսուրյան կոմպոզիտորի ստեղծագործությանը։
ՕՐԵՐ