Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ապրիլի 6ին Պրահայի Ազգային փոքրամասնությունների տանը անցկացված  Հրեական փառատոնի շրջանակներում մենահամերգով հանդես եկավ սլովակահայ երգչուհի Կարինե Սարգսյանը։ Նա եւ նվագում էր դաշնամուր եւ երգում՝ դահլիճին հրամցնելով հրեական հայտնի ժողովրդական երգերն ու մեղեդիները, իսկ վերջում նաեւ կատարեց Կոմիտասի եւ հայկական ժողովրդական մի քանի երգեր։ Դահլիճի լռությունն անընդհատ ընդհատվում էր ջերմ ծափահարություններով ու հիացական բացականչություններով։ Կարինե Սարգսյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան եւ 1993 թվականից ապրում եւ աշխատում է Սլովակիայում։

Ձեռնարկի բացում ը կատարեց ,,Օպերացիա Էսթեր» հասարակական կազմակերպության նախագահ Մարթա Սրբովան, ով իր խոսքում հիշատակելով հրեական Հոլոքոստը, նաեւ հիշեց հայկական ցեղասպանությունը, որին նվիրված ձեռնարկ էին կազմակերպել դեռեւս 2015 թվականին։ Նա խոսեց նաեւ հայ եւ հրեա ժողովուրդների պատմական նմանությունների մասին, իսկ Վարդան Մալխասյանն էլ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, խոսեց հայերի ու հրեաների մշակութային եւ ավանդական առնչությունների մասին։ Պոետիկ ելույթ ունեցավ նաեւ Պրահայի րաբբի Դավիթ Բոհբոտան, իր խոսքը եզրափակելով՝ ,,Մենք հիշում ենք հրեական շոուան եւ հայկական եղեռնը» խոսքերով։

Համերգից հետո Կարինե Սարգսյանը նշեց, որ հիանալի էր նաեւ ապրիլի 5-ին Պրահայի Ակրոպոլիս պալատում կազմակերպված Սոնգֆեստ 2019  չինական փառատոնի շրջանակներում իր ելույթը։ ,,Ծրագիրն ինքս էի կազմել։ Հիմնականում ներկայացրեցի հրեական հայտնի երգեր եւ նաեւ երեք հայկական  երգ՝ Կոմիտաս եւ երկու ժողովրդական»,- ասաց Կարինեն մեզ հետ զրույցում ։

Սլովակիայում նա նույնպես մասնակցում է տարբեր համերգների եւ փառատոնների իբրեւ հրավիրյալ երգչուհի։ ,, Ակտիվ նաեւ ստեղծագործում եմ, քանի որ Երեւանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինն եմ ավարտել։ Այժմ  տարբեր ազգերի, հիմնականում հայկական ժողովրդական երգերի երաժշտական ձեւավորումներ եմ կատարում»,- պատմում է նա։

Համերգի ավարտից հետո հանդիսականները շրջապատել էին նրան եւ շնորհակալանքի ու հիացմունքի խոսքեր էին փոխանցում։

,,Պրահայի համերգից շատ գոհ եմ։ Նման ընդունելություն չէի սպասում։ Վաղուց նման զգացմունքներ չէի ունեցել»,- անկեղծացավ մեզ հետ զրույցում Կարինե Սարգսյանը։

Վերջում ներկաներին ճաշակեցին հայկական ու հրեական խոհանոցի խորտիկներ, հայկական կոնյակ ու գինի։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Լուսիան Փափազյանի