Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ապրիլի 6-ից հունիսի 16-ը ներկայացնում են «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսը՝ 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Ցուցադրությունը ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Կանալետտոյի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Պիետրո դա Կորտոնայի, Բեռնարդո Ստրոցցիի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեիի, Գվերչինոյի, Բեռնինիի, Բատոնիի մեծարժեք գործերը հնարավորություն են տալիս դիտողին ավելի լայն պատկերացում կազմելու տարբեր դարաշրջանների իտալական գեղանկարի հարստության ու բազմազանության մասին:
Ցուցադրվող մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին: Ֆրանչեսկո Կապելլան, Նիկոլա Գրասսին, Բարտոլոմեո Ռամենգին ստեղծել են կտավներ, որոնք արտացոլում են ժամանակի միտումներն ու ճաշակը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ ապրիլի 5-ին, ժամը 18:30