2022-ի փետրվարի 26-ին, ժամը՝ 14:00-ին Կիևյան –10 հասցեում տեղի ունեցավ հանրահայտ սոպրանո, Հայաստանի ժողվրդական արտիստ Արաքս Դավթյանի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ճանաչված մշակութային, պետական և հասարակական գործիչներ, երգչուհու արվեստի երկրպագուներ:
Ինչպես նշեց բացման խոսքում մեծանուն երգչուհու մտերիմ, բժիշկ Վահան ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ, Արաքս Դավթյանը յուրահատուկ դյութիչ ձայնի տեր անձնավորություն էր, որ հիացնում էր բոլորին ոչ միայն իր կատարողական բարձր արվեստով, այլեւ կենսախինդ ու կենսուրախ կերպարով։ Նա վերհիշեց, թե ինչպիսի բարձր գնահատական է տվել Արաքս Դավթյանին դիրիժոր Օհան ԴՈՒՐՅԱՆԸ, համարելով նրան ոսկե ձայն եւ ոսկե հոգի ունեցող ամենամեծ երգչուհին։ Նա շնորհակալություն հայտնեց հուշաքարի ստեղծողներին, նախաձեռնողներին ու կազմակերպիչներին, ներկաներին, եւ հատկապես Արաքս Դավթյանի նվիրյալ աշակերտուհի Լուսինե Ազարյանին, որը համառ հետեւողականությամբ կարողացավ հասնել հուշաքարի տեղադրմանը։ Ելույթներ ունեցան ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, խմբավար , Կոմիտասի Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, երգչուհի Լուսինե Ազարյանը, կոնսերվատորիայի դասախոս , խմբավար Դավիթ Ղազարյանը։
Հուշաքարր -հուշատախտակի բացմանը ներկա էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
Ավելացնենք, որ դեռեւս 2009 թվականին, Արաքս Դավթյանի ծննդյան 60 ամյակի առիթով ՕՐԵՐ եվրոպական ամսագրում ծավալուն հարցազրույց էինք հրապարակել անզուգական երգչուհու հետ, որտեղ նա անդրադարձել էր իր ընտանիքին, անցած ճանապարհի ուրախ ու տխուր դրվագներին, հաջողություններին ու ապագա ծրագրերին։ Այդ հացազրույցում, մենք նրան համարել էինք «Հայկական Մոնսերատ Կաբալյե» եւ Վերդիի «Ռեքվիեմի» բացառիկ կատարող։ Մոտ ապագայում, ՕՐԵՐ ի նոր կայքէջի գործարկելուց հետո, այդ հարցազրույցը կհրապարակենք նաեւ համացանցում։ Ցավում ենք, որ անզուգական երգչուհին կյանքին հրաժեշտ տվեց մեր հանդիպումից մի քանի տարի անց։
orer.eu
Լուսանկարները՝ Վահան Վարդապետյանի ֆեյսբուքյան էջից