Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Փետրվարի 2-3-ին Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Դուբրովնիկ քաղաքի տոնին՝ Սուրբ Վլախի (Սուրբ Վլասիուսի) հոբելյանական 1050-րդ Փառատոնին, որի բացմանը ներկա էին Խորվաթիայի նախագահը, բազմաթիվ նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, քաղաքապետեր, քաղաքական, մշակութային և եկեղեցական էլիտան, տասնյակից ավելի դեսպաններ: Այս  մասին հայտնում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ 
Սուրբ Բլասիուսը (Վլասիուսը, Վլախը)՝ Սեբաստիա քաղաքի 4-րդ դարի սկզբի հայ եպիսկոպոս էր, որը նահատակվելուց հետո, հռչակվեց համաքրիստոնեական սուրբ: Հայազգի եպիսկոպոսը դարեր հետո դարձավ Դուբրովնիկի հիմնական սուրբը, քաղաքի պահապանը, այն պատկերված է քաղաքի դրոշի վրա, նրա քանդակները տեղադրված են քաղաքի բոլոր անկյուններում: Դուբրովնիկի Սուրբ Վլախ եկեղեցում են այսօր պահվում հայ սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը։ Քաղաքում բոլորը գիտեն, որ նրանց սուրբ Վլախը՝ հայ էր:
 
ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Դուբրովնիկի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին, Փառատոնի բացման արարողությանը, հանդիսավոր պատարագին և թափորին, Դուբրովնիկի քաղաքապետի կողմից տրված ընդունելությանը, որի ընթացքում կարճատև զրույցներ ունեցավ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի, մի շարք նախարարների և քաղաքապետերի, արվեստագետների հետ:
 
orer.eu