Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Կինոռեժիսոր Արամ Մանուկյանի  դեբյուտային «Թույլ տվեք» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, տասնյակ մրցանակներ ստանալուց հետո,  արժանացել է Կաննի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի մրցանակին։ Մրցույթի ընդունված 20 երկրի 100 ֆիլմից «Թույլ տվեք»ը (Let Me) գլխավոր մրցանակ է ստանցել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Մրցանակին ուղեկցող գնահատանքի խոսքում նշվում է, որ «սա իսկապես հրաշալի աշխատանք է, որը գերել է մեր ժյուրիին իր յուրահատկությամբ և իր ուղերձի ինքնատիպությամբ»:

 

Սա Արամ Մանուկյանի առաջին ֆիլմն է, որը սակայն արդեն ցուցադրվել է մոտ 40 միջազգային տարբեր կարգերի փառատոններում ու արժանացել նույնքան  մրցանակների։ Այժմ ֆիլմը ցուցադրության է ներկայացված 2022-ի մայիսին կայանալիք Կաննի Միջազգային 75րդ կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրին։ 

 

Ա. Մանուկյանը պարզաբանում է, որ ֆիլմի վերնագիրը պատահաբար չի ընտրվել, որ ինքն այդ կերպ արտոնություն է խնդրում հորից, իրենից և ողջ հանրությունից՝ այս պատմությունը պատմելու համար։ Իսկ ֆիլմը պատմում է նկարիչ և քանդակագործ Գեորգի Մանուկյանի ու ընթացքի մեջ գտնվող նրա ծավալուն աշխատանքի մասին։ Գեորգին իր ոչ մեծ արվեստանոցում այժմ կերտում է իր վրա մեծ ազդեցություն թողած հանրահայտ Տրեվիի շատրվանի արձանախումբը, մուրճի ամեն հարվածի հետ իրեն պատկերացնում այնտեղ՝ Հռոմում։ Համաշխարհային համաճարակը դառնում է այդ երազանքի միակ, սակայն պատնեշող արգելք, ինչը քանդակագործը հաղթահարվում է մտքի ու կամքի միաձուլմամբ, ստեղծագործ իր ավյունը փոխանցելով նաև որդուն։ Ֆիլմին մեծ հմայք են հաղոդում նրբաճաշակորեն ընտրված երաժշտությունն ու Հայաստանի վաստակավոր դերասան Բաբկեն Չոբանյանի հավասարակշիռ, թավշյա ձայնը։

 

Ֆիլմի սցենարի կառուցվածը լիովին ենթարկվում է Էկզյուպերիի յուրօրինակ աղոթքին, որ ժամանակ առ ժամանակ հնչում է ֆիլմում, ու դրա տրամաբանությանն ու ռիթմին. «Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար:  Ուղղորդիր, սովորեցրու օրերի միապաղաղության մեջ լինել հետևողական և պատրաստակամ հուզմունքի ու բացահայտումների փորձի առջև կանգնել»։  Հուզմունքի ու բացահայտումների փորձը հեղինակին բերել է հաղթանակի բերկրանք ու կանգնեցրել նոր փորձությունների առջև, որ բերելու են նոր ֆիլմերն ու նոր փառատոնները։

 Ա.Կ.

 orer.eu