Փետրվարի 1-ին Մատենա միջազգային դպրոցը ազդարարեց ղեկավարների համար նախատեսված իր առաջին կրթական ծրագրերի մեկնարկը։ Մատենադարանի դահլիճում անցկացված միջոցառմանը ներկա էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտի ներկայացուցիչներ, քանի որ դպրոցը միտված է երկու ուղղությունների զարգացմանը՝ տարբեր կազմակերպություններում աշխատող թիմերի հմտությունների բարձրացման միջոցով: Անցկացման վայրի ընտրությունը խորհրդանշական է. հենց մատեան («գիրք») բառից է սերում դպրոցի անվանումը, որն արդեն հասցրել է մեծ ուշադրություն հրավիրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Դպրոցը հայտարարել է երկու միջազգային ծրագրերի մեկնարկի մասին․
- «Փոփոխությունների առաջնորդում. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր»
- «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում. համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիր»
Համաշխարհային մակարդակի ծրագրերը, որոնք մշակվել են ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի հետ համատեղ, կանցկացվեն Դիլիջանում, Երևանում և Մոսկվայում։ Դասավանդման լեզուներն են ռուսերենն ու անգլերենը, իսկ հայերեն համաժամանակյա թարգմանությունը կապահովվի։ Ծրագրի փորձագետներն առաջատար մասնագետներ են, որոնք ղեկավար աշխատանքի և դասավանդման բազմամյա փորձ ունեն: Նրանց թվում են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, հիմնադրամների խորհրդատու, Shell ընկերությունում 35 տարվա աշխատանքային փորձ ունեցող Րաֆֆի Բաղջյանը, Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և խորհուրդների զարգացման կենտրոնի համահիմնադիր և հետազոտող Լարա Չոլաքյանը, Յանդեքս ընկերությունների խմբի տնօրեն Տիգրան Խուդավերդյանը և այլք: Փորձագետների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ www.matena.am կայքում։
Մատենան մշակել է կորպորատիվ ֆինանսավորման հատուկ համակարգ, որի շնորհիվ գործընկեր ընկերությունների մասնակիցները կկարողանան համաշխարհային մակարդակի կրթություն ստանալ շահավետ պայմաններով: Դպրոցն աստիճանաբար ընդլայնում է իր դոնորների և կորպորատիվ գործընկերների ցանցը, ինչն իր հերթին հնարավորություն կտա ավելի շատ մասնակիցների կրթաթոշակներ տրամադրել՝ Մատենայում սովորելու համար:
Մատենան ընդլայնում է իր նախաձեռնությունների շարքը․ առաջիկա ամիսներին կառաջարկվեն նոր ծրագրեր նրանց համար, ովքեր ձգտում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները՝ միջազգային և տեղական առաջատար մասնագետների շնորհիվ։ Բացի այդ, կկազմակերպվեն անվճար դասընթացներ երիտասարդների, ուսանողների, ինչպես նաև հասարակության ավելի լայն շրջանակի համար՝ օգտագործելով միջազգային և տեղական գործընկերների հսկայական ցանցը։