Պրահայում լույս է տեսել « PARRESIA» գիտական ամսագրի 2021 թվականի թվով 15-րդ համարը, որը նվիրված է Արեւելյան Քրիստոնեության թեմաներին։ 426 էջանոց գիտական ամսագիրը հրատարակվում է Չեխիայի գրական հիմնադրամի աջակցությամբ եւ անդրադառնում է քրիստոնեական աշխարհի տարբեր թեմաներին։
Ամսագրի խմբագիրներ Միխալ Ռոուտիլն ու Պավել Միլկոն քանիցս անդրադարձել են հայկական թեմաների` հրատարակելով հայագիտական տարբեր ուսումնասիրություններ։
Այս համարում էլ մոտ 100 էջ տրամարդել են հայ- չեխական հարաբերություններին։ Այս բաժնում լույս են տեսել ՕՐԵՐ ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանի գիտական հոդվածները։ Նրա դոկտորական ատենախոսության թեման Հայ-չեխական հարաբերություններն են։ Առաջին հոդվածում Աննա Կարապետյանը ներկայացնում է չեխ հայտնի ճանապարհորդ եւ գրող Կարել Հանսային, ով 1923 թվականին Հայոց ցեղասպանության մասին առաջին վկայությունն է հրատարակել «Արեւելքի սարսափները» գրքում։ Հեղինակը նորահայտ արխիվային վկայությունների հիման վրա բացահայտել է Հանսայի գործունեության տարբեր ոլորտները, հայ որբերի օգնության նրա հիմնադրամի մասին մանրամասները։ Անգլերենով 50 էջանոց հոդվածը ուղեկցվում է նաեւ բացառիկ լուսանկարներով, որոնց մեծ մասը հրատարակվում է առաջին անգամ։
Աննա Կարապետյանի հաջորդ հոդվածը նվիրված է Չեխիայի պատմության մեջ հայտնի երկու ճանապարհորդներին՝ Յիրժի Հանզելկային եւ Միրոսլավ Զիկմունդին, ովքեր եղել են նաեւ Հայաստանում։ Նրանք իրենց կյանքի ինը տարիներն անցկացրել են ճամփորդությունների մեջ, եղել են հինգ մայրցամաքներում, 125-ից ավելի երկրներում։ 1947 թվականի ապրիլի 22ին նրանք իրենց ավտոմեքենայով դուրս են եկել Պրահայից եւ 1290 օր ճամփորդելուց հետո, 1950 թվականի նոյեմբերի 1-ին վերադարձել են տուն։ Բայց Հայաստան մեկնել են Չեխոսլովակյան պաշտոնական պատվիրակության հետ 1954 թվականի հոկտեմբերին, մեկ շաբաթվա ընթացքում ունեցել են բազմաթիվ հանդիպումներ, նաեւ իրենց արխիվում թողնելով մի քանի տասնյակ լուսանկարներ, ու թեեւ 20 ամիս անցկացրել են Խորհրդային Միությունում, սակայն նրանց այդ ճամփորդության մասին ոչինչ չեն հրատարակել։ Աննա Կարապետյանը ուսումնասիրելով Զլինում գտնվող նրանց արխիվը, գրում է ոչ միայն չեխ ճանապարհորդների տպավորությունների մասին, այլեւ ներկայացնում այդ ճամփորդության ընթացքում արված բացառիկ լուսանկարները, որոնք այսօր պատմական նշանակություն ունեն։
Այս համարում լույս է տեսել նաեւ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի աշխատկից, դոկտոր Ալյոնա Սարկիսյանի հոդվածը՝ նվիրված բյուզանդական պատարագին։
Ամսագրում տեղ են գտել քրիստոնեության հետ առնչվող տարբեր թեմաներին նվիրված այլ հեղինակների հոդվածներ։
Parrésia ամսագիրը կարելի է ձեռք բերել հետեւյալ կայքէջից՝ Parrésia časopisy | Nakladatelství Pavel Mervart
Aktuální číslo | Parrésia - Ročenka pro východní křesťanství (parresia.cz)
Orer.eu