Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ավստրիայի Հանրապետությունը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և շարունակելու է հոգ տանել ու դրսևորել իր նվիրումը տարածաշրջանին և Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Ավստրիացի նախարարն ընդգծեց, որ Ավստրիան խրախուսում է տարածաշրջանում հակամարտությունների և առկա հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր երկխոսությանը: Շալենբերգի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ ռեգիոնի համար:

 
 

«Մենք պետք է աշխատենք լարվածությունը թուլացնելու, վստահություն կառուցելու համար տարածաշրջանում: Ըստ իս՝ շատ հետաքրքրական է այն տարրը, որ գիտակից քայլեր են արվում ձեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, որը մեծ քայլ կլինի ողջ ռեգիոնի և Հայաստանի ժողովրդի համար», - ասաց Ավստրիայի արտգործնախարարը:

Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:

 Այսօր՝ փետրվարի 2-ին, Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ալեքսանդր Շալենբերգը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավստրիայի արտգործնախարարի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև Հայաստանի վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ:

 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցրեին Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Ես քիչ առաջ խոսեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին և ուզում եմ այժմ մանրամասնել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ձևաչափն է, որը ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար: Ահա, հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում․ կրկնում եմ, քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է և այդպիսի պայմանագիր մշակելը և, ըստ այդմ նաև՝ կնքելը:
Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և, մասնավորապես, ինքնորոշման իրավունքը։ Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՝ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու: