Երեքշաբթի օրը՝ 2021թ․ դեկտեմբերի 28ին, տեղի ունեցավ Ազատագրական շարժման մամուլի ասուլիսը, որի ժամանակ շարժման ներկայացուցիչներ Արա Զոհրաբյանը, Նաիրի Հոխիկյանը, Վազգեն Պետրոսյանը և Սևակ Հակոբյանը ներկայացրին շարժման ծրագիրը, նպատակները և ռազմավարությունը։
Կից ներկայացնոմւ ենք Ազատագրական շարժման ռազմավարության բովանդակությունն ամբողջությամբ։
Ազատագրական շարժման ռազմավարությունը
I ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ազատագրական շարժումը Հայաստանի քաղաքական ու հասարակական ուժերի, անհատների ինքնաբուխ միավորմամբ ստեղծված քաղաքացիական նախաձեռնություն է, որի առաքելությունն է փրկել հայկական պետականությունը (ինքնիշխանությունը)։
II ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻՆ արտաքին 1. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ. Այս գործընթացում, Հայաստանի ներկա իշխանությունների գլխավորությամբ, սահմանազատման և սահմանագծման իրականացման վտանգը կայանում է նրանում, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթով Հայաստանը պետական մակարդակով կարող է հրաժարվել հայկական տարածքներից, այդ թվում ՝ Նախիջևանից և Արցախից, ներառյալ՝ Քարվաճառը, Քաշաթաղը, Սանասարը, Կովսականը։
Ազատագրական շարժումը գտնում է, որ՝ տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման նախապայմանը՝ • հզոր և ինքնիշխան պետություն ունենալն է. • հարևան պետությունների հետ գոյակցելն է՝ զավթման բացառման, պատմական արդարության պահպանման և փոխադարձ հարգանքի սկզբունքներով: Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք չի եղել միջազգայնորեն ճանաչված պետական սահման, իսկ Արցախը և Նախիջևանը 1918-1920թթ. միջազգայնորեն ճանաչված քարտեզներով համարվում են Հայաստանի տարածքներ, ոչ թե՝ Ադրբեջանի։ Հետագայում ՝ 1921թ. Խորհրդային իշխանությունների ապօրինի և անարդար որոշումներով Ադրբեջանին հանձնված՝ ինքնավար մարզի կարգավիճակով Արցախն ու Նախիջևանը միջազգային ոչ մի նորմով չեն համարվում Ադրբեջանի տարածք, իսկ 1991թ. Ադրբեջանի անկախության հռչակագրով Ադրբեջանը հայտարարել է 1918թ. սահմաններով անկախության հռչակման մասին և չի ընդունել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունը։ 09.11.2020թ. Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունները բազմիցս խախտվել են ի վնաս Հայաստանի:
Մասնավորապես, հայտարարության 1-ին կետով սահմանված յուրաքանչյուրի՝ իր զբաղեցրած դիրքում մնալու պայմանավորվածությունը Ադրբեջանը բազմիցս խախտել է, հրահրել է ռազմական բախումներ, կան նոր զոհեր և նոր ռազմագերիներ: Չի կատարվել նաև ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու Ադրբեջանի պարտականությունը:
2. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. Ազատագրական շարժումը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկվող՝ Սյունիքի մարզի տարածքով նախատեսվող հնարավոր ճանապարհները, որոնք պետք է կապեն Ադրբեջանը Նախիջևանի հետ, իրենց էությամբ միջանցք են, քանի որ դրանց նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու են երրորդ երկրի զինված ուժերը։ Ի դեպ, Ադրբեջանի իշխանություններն իրենց հանրային ելույթներում օգտագործում են միջանցք եզրույթը: Այս պարագայում փաստացի Հայաստանը զրկվելու է իր ինքնիշխան (սուվերեն) տարածքի մի մասից, ինչն անթույլատրելի է և խիստ վտանգավոր։ Հայաստանը կարճ ժամանակում կորցնելու է Սյունիքի ամբողջ մարզի նկատմամբ վերահսկողությունը, դրանից բխող հետևանքներով հանդերձ:
3. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԱԽԱՊԵՍ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ. Ադրբեջանում պահվում և տանջանքների են ենթարկվում մեծ թվով հայ ռազմագերիներ և պատանդներ, Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ կրակում է Արցախի և ՀՀ խաղաղ բնակչության վրա, ահաբեկում է Շուշիի մոտով անցնող ճանապարհով երթևեկող հայերին, Հայաստանի և հայերի նկատմամբ պետական մակարդակով ատելության շարունակական քարոզչություն է իրականացնում իր բնակչության շրջանում: Այս պայմաններում, հնարավոր չէ Ադրբեջանի հետ քննարկել խաղաղ զարգացման ժամանակաշրջանի հարց։
4. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԺԽՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՏԱՊՆԴԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ. Ազատագրական շարժումը համարում է, որ Հայաստանի իշխանությունները չունեն բարոյական իրավունք առանց նախապայմանների բանակցություն սկսել Թուրքիայի հետ, քանի դեռ չունեն թուրքական յաթաղանից մազապուրծ եղած իրենց պապենական տարածքները և ունեցվածքը կորցրած հայության (այդ թվում ՝ սփյուռքահայության) մանդատը: Ազատագրական շարժումը չի վստահում Թուրքիային, քանի դեռ Հայոց Ցեղասպանության կապակցությամբ Թուրքիան շարունակում է վարել ժխտման, հերքման և ուրացման քաղաքականություն՝ փորձելով կեղծել պատմությունը: Ազատագրական շարժումը պահանջում է Հայաստանի իշխանություններից Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի և նրանց սերունդների ապրելու իրավունքի մարդկային արդար դատի իրավապաշտպանը լինել: Հայաստանի իշխանությունները չեն կարող հրաժարվել Թուրքիայի կողմից զավթված Հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող նյութական և տարածքային իրավունքների հատուցման պահանջից, կամ իրենց գործողություններով այդպիսի պայմաններ ստեղծել: ներքին
5. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՊԱՐՏՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ. Ազատագրական շարժումը համարում է, որ Հայաստանի կառավարությունը և նախագահն առնվազն վերջին 3 տարվա ընթացքում պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ 2020թ. պատերազմի ժամանակ ձախողվել են բոլոր ոլորտներում: Պատերազմից հետո Հայաստանը տանում են ոչ թե վերակառուցման և ժողովրդավարական ազգային պետության, այլ բռնատիրական ռեժիմի հաստատման ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո առ այսօր չի այցելել Արցախ, Ազգային ժողովի ամբիոնից խոստովանել է, որ 2020թ. դեկտեմբերին Սյունիքում զորքերը հետ քաշվելու հրամանն ինքն է տվել, նույն ամբիոնից հայտարարել է, որ 2016 թվականից հետո տեսականորեն և գործնականորեն բացառվել է Արցախը Արդբեջանի կազմից դուրս թողնելու հնարավորությունը, դրանով իսկ ակնարկելով իր քաղաքականության նպատակը: 2021թ. կառավարության ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու փոխարեն, տեղ են գտել թշնամության հաղթահարման և տարածաշրջանում ապաշրջափակման մասին դրույթներ: Հատկանշական է, որ իշխանության կողմից փորձ է արվում պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա, մինչդեռ փաստ է, որ բանակը չի պարտվել: Հայաստանի երեք բանակային կորպուսներից միայն մեկ կորպուսն է անհաջողություն արձանագրել, այն էլ՝ հանրության համար դեռևս չպարզված մարտերի կազմակերպման, զինվորների համալրման և կազմակերպչական այլ հարցերում քաղաքական իշխանության բացթողումների պատճառով: Ազատագրական շարժումը գտնում է, որ այսօրվա իշխանությունները գործում են 8 հուլիսի 1992 թվականի ՀՀ Գերագույն խորհրդի որոշման 2-րդ կետի պահանջին հակառակ, ըստ որի՝ որոշվել է՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը հանդիսանում է պետության գլուխը և պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը: ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, որը գործում է 2018թ. փետրվարի Ազգային ժողովի կողմից տրված մանդատով, բազմիցս դրսևորել է անգործություն և չի կանխել Սահմանադրության նորմերի խախտումները: Ավելին, Արմեն Սարգսյանի նոր պետության՝ «Չորրորդ Հանրապետություն» բնութագրով, կառուցման թեզը կարող է վտանգել Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման հիմքում դրված Հայաստանի անկախության մասին հռչակագրի, այդ թվում ՝ Արցախի վերամիավորման և Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատարելու, պայմանների կիրառումը: Ազատագրական շարժումը համարում է նաև, որ Հայաստանի կառավարությունը չի կատարում որևէ գործնական քայլ՝ ապահովելու համար Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունը և լուծելու կենսական կարիքները։ Այս պայմաններում պարարտ հող է ստեղծվում արտագաղթի համար, ինչն էլ իր հետ բերելու է Հայաստանի և Արցախի հայաթափման։
6. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ. 2018 թվականից ի վեր հետևողականորեն թիրախավորվել են ազգային կարևորագույն ինստիտուտները, մասնավորապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց բանակը և Ընտանիքը: Թիրախավորվել են նաև ազգային կրթությունը և ազգային մշակույթը: Այս թիրախավորման հետևանքով տուժել է ազգային դիմադրողականությունը և միասնականությունը, ինչն էլ պատերազմի ժամանակ, առավելություն է տվել թշնամի պետություններին: Ազատագրական շարժումը ստանձնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց բանակի, Ընտանիքի, ազգային արժեքների պաշտպանությունը:
III ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Հայկական պետականությունը (ինքնիշխանությունը) փրկելու համար, Ազատագրական շարժումը նպատակ ունի՝ 1.Հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականներին: Այս նպատակին հասնելու համար Ազատագրական շարժումը պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի և անհատների հետ, անկախ նրանից քաղաքական կամ այլ հարցերում տարընկալումներ ունեն, թե՝ ոչ: 2. Հասնել նոր ընտրությունների կամ ազգային միասնության և համերաշխության անցումային կառավարության ձևավորմանը: Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է երկու լուծում ՝ Ա) Անցկացվում են նոր ընտրություններ, որոնք չպետք է կազմակերպվեն գործող իշխանությունների կողմից. Այս դեպքում, ստեղծվում է ընտրությունների կազմակերպման ժամանակահատվածում գործող ժամանակավոր կառավարություն, որը գործելու է մինչև ընտրությունների ավարտը: Բ) Առնվազն մեկ տարի ժամկետով ձևավորվում է անցումային կառավարություն, որը մշակում և իրականացնում է երկրի վերականգնմանն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև կազմում է Սահմանադրության փոփոխությունների փաթեթը, կազմակերպվում է հանրաքվե և ընտրություններ: Ա և Բ տարբերակներում ժամանակավոր և անցումային կառավարությունները պետք է ձևավորվեն ազգային միասնության և համերաշխության կարգով, ինչպես նաև կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխան և կրողը լինեն հետևյալ 7 (յոթ) սկզբունքներին՝ 1. Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում. 2. Արցախի ինքնորոշման ճանաչում.
3. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում.
4. Հայոց բանակի հզորացում.
5. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում.
6. Ազգային արժեքների պահպանում.
7. Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում: Սույն գլխի 2-րդ կետի իրագործման նպատակով Ազատագրական շարժման համար ընդունելի են լինելու այն քաղաքական ուժերը և անհատները, որոնք չեն հատելու վերոհիշյալ 7 (յոթ) կարմիր գծերը