Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Սիրելի հայրենակիցներ,

2021 թվականը անցնում է պատմության գիրկը իր հետ տանելով հայ ժողովրդի համար փորձությունների եւ արհավիրքների հսկայական պաշար:

Անցնող տարում հայ ժողովուրդը դարերի խորքից ժառանգած ապրելու եւ գոյատեւելու իր անկոտրում ձգտումի շնորհիվ կարողացավ ցուցաբերել մեծ զգոնություն  եւ  խոհեմություն՝ որի արդյունքում  հերթականորեն չեզոքացվեցին բազմաթիվ  արկածախնդրական ու հակապետական ներքին ու արտաքին խժդժություններ Հայաստանում:

Հեղափոխությանը հավատարիմ ուժերի, ինչպես նաեւ իշխանությունների համբերատար պատասխանատվության շնորհիվ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով որոշակիորեն հաղթահարվեցին պատերազմի արդյունքում առաջացած բազմաբնույթ ճգնաժամերը: Եվ այսօր, թեկուզ ոչ լիարժեք, ունենք ավելի անվտանգ եւ ապահով երկիր կառուցելու հնարավորություն: Դանդաղ բայց հաստատուն երկիրը շարժվում է դեպի առաջ:

Փորձությունները եւ անհեռանկար ու անմիտ ներքին առճակատումները դեռեւս շարունակվում են, սակայն  հույսով ենք եւ վստահ որ գալիք 2022 թվականը կդառնա այն տարին, երբ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բոլոր ուժերը ժողովրդավարական պայմաններում օրինականության ու օրինապահության կարգախոսի ներքո իրենց ողջ ներուժը կհամադրեն՝ ապահովելու հայության ներկա ու գալիք սերունդների երջանիկ ապագան:

Կարեւոր է նորովի մոտենալ բոլոր հին ու նոր հարցերին, թողնել երեւակայական վերամբարձ անպտուղ լոզունգները եւ փոխարենը ցուցաբերել գիտակից ու առարկայական մոտեցումներ, քանզի դա է իրավունքներին եւ նպատակներին հասնելու ճիշտ ճամփան:

Կարեւոր է աչքի լույսի պես պաշտպանել ու զարգացնել ժողովրդավարությունը, լավագույն կերպով ապահովել երկրի անվտանգությունը, արտաքին թշնամական ուժերի դեմ անվերապահորեն լինել միասնական, ներքին քաղաքական գաղափարական տարաձայնությունները լուծել օրենքի ու օրինականության սահմաններում:

Հարկավոր է անտարբերությունը դնել մի կողմ եւ յուրաքանչյուրը իր կարողությունների եւ ընդունակությունների սահմաններում իր մասնակցությունը բերի պետականաշինության եւ հայրենիքի ու ազգի զարգացման գործին: Բավական է գլուխը դնել բարձին ու մտածել արտագաղթելու մասին, կարավանները  պիտի բռնեն տուն դարձի ճամփան, ուրիշ ելք չկա:

Եվրոպայի հայերի համագումարը  որպես սփյուռքյան կազմակերպություն աշխատում է եւ  աշխատելու է սփյուռքի նորովի կազմակերպման ու համախմբման ուղղությամբ, այս գործում մեր ամանորյա մաղթանքն է, որ սփյուռքի առաջադեմ եւ մտավորական ուժերը եւ անհատները գիտակցորեն մոտենան այս հարցին:

 

Հայաստան–Սփյուռք գործակցության դաշտում առանձին անհատների անմնացորդ գործունեությունը գնահատելով հանդերձ  շեշտում ենք, որ այստեղ եւս կազմակերպվածությունը եւ ուժերի համախմբումը հաջողության միակ գրավականն է:

Առջեւում դեռ չլուծված շատ խնդիրներ կան: Ներքին ասպարեզում տնտեսությունը զարգացնելու, երկրի անվտանգությունը ամրապնդելու, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու եւ այլն եւ այլն...  Իսկ միջազգային ասպարեզում ունենք մեր երկրի ու ազգի շահերը պաշտպանելու հսկայական խնդիրներ:

 Այսօր խաղաղապահ ուժերը եւ հայկական բանակը ապահովում են Արցախի անվտանգությունը, իսկ վաղը մենք պիտի կարողանանք մեր սեփական ուժերով պաշտպանել ոչ միայն Հայաստանի սահմանները այլ եւ Արցախի անվտանգությունն ու ազատ ապրելու իրավունքը:

 Հարկավոր է մշակել եւ ցուցաբերել  Արցախի հարցի միասնական մոտեցում եւ անել հնարավոր եւ անհնար բոլոր ջանքերը, որպեսզի չեզոքացվեն տարիների ընթացքում բանակցություններում ծլած ու ամրագրված  հակահայկական բոլոր որոշումները:

Հայ–թուրքական շփումներում հարկավոր է առարկայական բազմակողմանի վերլուծություններով քննարկել դրական եւ բացասական բոլոր պարագաները եւ վարել գիտակցված ու ճկուն քաղաքականություն:

Աշխարհաքաղաքական նոր եւ բարդ վերաբաշխումների պայմաններում ոտքի տակ տրորվում են փոքր երկրներն ու ազգությունները: Հարկավոր է համազգայնորեն այնպիսի խորքային եւ խելամիտ մոտեցում եւ քաղաքականություն, որպեսզի հայոց նավը  զարնվելով քարաժայռերին չխորտակվի, այլ կարողանա անվնաս դուրս գալ դեպի լայն տարածություններ:

Կրկին անգամ շնորհավորում ենք բոլոր հայրենակիցների Նոր Տարին եւ Ս. Ծնունդը մաղթելով խաղաղություն եւ երջանկություն:

Հույսով լի դիմավորենք 2022 թվականի գալիք նոր տարին եւ մաղթենք, որ իրականություն կդառնան մեր բոլոր իղձերը:

Եվրոպայի հայերի համագումար

29 դեկտեմբեր 2021

Շվեդիա