Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հրատարակել է նույն ինստիտուտի Հայ գաղթավայրերի և Սփյուռքի պատմության ավագ գիտաշխատող Արծվի Բախչինյանի և չեխաբնակ լրագրող, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի «Հայերը Չեխիայում և Սլովակիայում (սկզբից մինչև մեր օրերը)» համատեղ աշխատությունը (247 էջ)։

Ուսումնասիրությունը ներկայացնում է Չեխոսլավակիայում հայության ներկայության պատմությունը, հայերի և չեխերի ու սլովակների միջև եղած պատմամշակութային կապերը։ Նախատեսված է պատմաբանների, բանասերների և ընթերցող լայն շրջանների համար։

Ինչպես հատորի առաջաբանում նշել են հեղինակները. «Հայ ժողովրդի զավակները տարբեր դարերում փոքր ու մեծ համայնքներ են կազմել Արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր շրջաններում, իսկ Չեխոսլովակիայում գրեթե չեն եղել։ Սակայն չեխերն ու հայերը որոշ չափով ճանաչել են միմյանց ՝ շնորհիվ մինչև 20րդ դարը եղած սակավադեպ և պատահական առնչությունների, որոնք մինչ օրս մեծ մասամբ գրեթե անհայտ են մնում նույնիսկ պատմաբաններին։ Այդ բացը լրացնելու ցանկությունը, ինչպես նաև վերջին տարիներին Չեխիայում և Սլովակիայում հայկական համայնքների ստեղծումը և չեխ-հայկական միջպետական կապերի զարգացման միտումները մղեցին մեզ զբաղվել սույն թեմայի հետազոտմամբ: ....Սույն աշխատությամբ մենք ցանկանում ենք ոչ միայն համակողմանիորեն լրացնել հայ համայնքներից մեկի պատմության վերաբերյալ ուսումնասիրության բացը, այլ նաև մերօրյա չեխահայերին իրազեկ դարձնել այդ երկրում հայկական ներկայության՝ ցարդ գրեթե չուսումնասիրված պատմությանը: Չեխ-հայկական կապերը նոր փուլում են, այնպես որ նրա պատմությունը ճանաչելը միայն դրականորեն կնպաստի այդ կապերի ապագա զարգացումներինե:

Ուսումնասիրության առաջին մասը («Հայ-չեխական կապեր. սկզբից մինչև 1990-ականներ) ամփոփված տեղեկատվությունը (հեղինակ՝ Արծվի Բախչինյան) մեծ մասամբ հիմնված է հայ մամուլում և գրականության մեջ Չեխոսլովակիայի հայ բնակիչների և հայ-չեխական կապերի մասին առկա փաստերի վրա։ Այն բաժանված է ինը ենթագլխի («Միջնադար և 19-րդ դար», «Հարաբերություններ երկու նորանկախ հանրապետությունների միջև», «Առաջին հայերը Չեխիայում. Կարել Հանսա», «Պրահայի հայ ուսանողները», «Ուշագրավ դեմքեր Պրահայի հայ ուսանողներից», «Համայնքը և հայ-չեխական կապերը 1930-ական թթ.», «Հայերը Չեխոսլովակիայում 1940-ական թթ.ե, «Հայագիտությունը սոցիալիստական Չեխոսլովակիայում և Չեխիայում»)։

Երկրորդ և երրորդ մասերում («Չեխիայի նոր համայնքը», «Հայերը Սլովակիայում», հեղինակ՝ Հակոբ Ասատրյան) ներկայացված են 20-րդ դարի վերջից մինչ օրս Չեխիայի և Սլովակիայի հայերի համայնքային կյանքը և այդ երկրների տարբեր բնագավառներում քիչ թե շատ աչքի ընկած հայերը։ Առաջին մասում առանձին գլուխներ են կազմում «Պրահայի հայերը» գլուխն իր ենթագլուխներով («Արմենիա ակումբը», «ՙՀայ-չեխական ընկերությունը» և այլ միությունները», «Հայ առաքելական եկեղեցին Չեխիայում», «Հայկական դպրոցը», «Օրեր» եվրոպական ամսագիրը, orer.eu կայքէջը և չեխահայ մամուլը»), որին հաջորդում են «Հայ-չեխական հարաբերությունները նորագույն փուլում», «Հայոց ցեղասպանությունը և Չեխիան», «Բռնոյի հայերը», «Յիհլավայի հայերը», «Օստրավայի հայերը», «Ուստի նադ Լաբեմի հայերը», «Մշակութային դեմքերը», «Այլ մասնագիտությունների անձինք», «Մարզիկները», «Գևորգ Ավետիսյանը և «Մառլենկայի» հրաշքը» և «Համայնքի ապագան. երիտասարդությունը, լեզուն և ինքնությունը» գլուխները։

Երրորդ՝ Սլովակիայի հայությանը ներկայացնող գլուխը կազմված է «Սլովակիան և Հայոց ցեղասպանությունը», «Միջպետական հարաբերություններ», «Հայերը և եկեղեցին», «Համայնքային դեմքերը», «Հայերը սլովակյան մշակույթում», «Համայնքային այլ գործիչներ» և «Երիտասարդները և համայնքի ապագան» ենթագլուխներից։

Աշխատությունը եզրափակվում է չեխերեն ամփոփումով, օգտագործված աղբյուրների և գրականության, անձնանունների և տեղանունների ցանկերով։

Այսպիսով, ինչպես նշել են հեղինակները, սույն աշխատությամբ առաջին անգամ փորձ է կատարվել տալ հայ գաղթականության և Սփյուռքի պատմության անծանոթ մնացած մի հատվածի հնարավորինս ամբողջական պատկերը՝ բացահայտելով Եվրոպայի այդ անկյունում հայ տարրի առկայության և հատկապես 20-րդ դարի եվրոպահայության պատմության մի անծանոթ երեսը:

 

orer.eu