Այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունեց "Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ" վերտառությամբ բանաձևը: Այս մասին հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում։
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:
Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերզմում:
Բանաձևի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև:
Հ.Գ. Բանաձևի նախաձեռնման համար շնորհակալություն ենք հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի բոլոր պատգամավորներին։ Այս կարևոր նախաձեռնությունը հաջողությամբ առաջ մղելու համար հատկապես երախտապաևտ ենք Կոստիս Էֆստաթիույին (Սոցիալ դեմոկրատների շարժում), Խարալամբոս Թեոփեմպտույին (Բնապահպանների շարժում – Քաղաքացիների համագործակցություն), ինչպես նաև Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատ
Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ
Դատապարտող Բանաձև
Ներկայացուցիչների պալատը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի մեկ տարին լրանալուց հետո
-հաշվի առնելով նախորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաքում Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակման իր բանաձևը,
-հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևը,
-հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի (III) կոնվենցիան,
-հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 9-ի ծանուցումը,
-հաշվի առնելով Մարդու Իրավունքների դիտորդական առաքելության 2021 թվականի մարտի 19-ի զեկույցը
-հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հազարավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, ճնշող մեծամասնությամբ հայեր, զոհվել կամ վիրավորվել են և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվել,
-հաշվի առնելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված Եռակողմ զինադադարի հայտարարության 8-րդ կետը նախատեսում է ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների դիակների փոխանակում,
-հաշվի առնելով, որ հայ ռազմագերիների մի թվաքանակ դեռ ազատ չի արձակվել, զոհվածների դիակները չեն վերադարձվել, իսկ հարյուրավոր հայ գերիների ճակատագիրն անհայտ է,
-հաշվի առնելով, որ շարունակվում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները և գործողությունները Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ,
-հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը շարունակում է տուժել հակամարտության հետևանքներից (տեղահանումներ, մարդասիրական օգնության կարիք, մշակութային ժառանգության ոչնչացում, ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության ջրամատակարարման բոլոր աղբյուրների օկուպացիայի պատճառով ջրի խիստ սակավություն),
Ներկայացուցիչների պալատը քվեարկելով
1.Դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի վրա։
2.Դատապարտում է ինչպես թուրքական ռազմական անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի բացահայտ ներգրավվածությունը,
3.Պահանջում է Ադրբեջանին ի կատար ածել զինադադարի մասին հայտարարութան դրույթները, որը նախատեսում է բոլոր գերիների ազատ արձակում, մահացածների դիակների վերադարձ ու անհայտ կորածների ճակատագրի պարզում:
4.Կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի բնակչությանը, աջակցություն ցուցաբերել տարածքի վերականգնման գործին, փախստականների վերադարձին ու Արցախի տարածքի հայերի կրոնական և մշակութային ժառանգության հուշակոթողների պաշտպանությանը:
5.Անհանգստություն է հայտնում ականների, կասետային ռումբերի ու այլ չպայթած զինամթերքի առկայության կապակցությամբ, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների և հատկապես երեխաների առօրյա կյանքը տարածքում:
6.Կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ: