ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկը շատ չի տարբերվում նախկինում ռուսական կողմի արած առաջարկներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանի՝ արդեն 4-րդ առաջարկությունը բովանդակությամբ տարբերվում է 2021 թվականի մայիսի 12-ից հետո արված նախկին երեք առաջարկներից և ի՞նչ փուլում է այդ գործընթացն այդ պահին:
«Երբ մենք ասում ենք, որ այդ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք դրանով ոչ թե ձևականորեն, այլ իրականում ի ցույց դնել, որ ցանկանում ենք գնալ լուծումների»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը նախկինում հանդես էր եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ինչից հետո ՌԴ-ն առաջարկներ էր արել, որը լիարժեք չէր համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը: «Ռուսաստանը փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել: Այս առումով ուզում եմ բարձր գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը, պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության ջանքերը»,- հայտարարեց վարչապետը:
«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին: Այսպիսի բան հնարավոր չէ: Ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ որտեղով է անցնելու սահմանը, և որ դա արվելու է տվյալ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա:
«Սահմանազատումն ու սահմանագծումն այնքան բարդ գործընթաց է… Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են աշխատանքները. ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա հենվի: Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի»,- հայտարարեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այսօր հայկական կողմը միլիմետրի ճշտությամբ գիտի Խորհրդային Հայաստանի՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում:
«Կարող է հնչել հարց և քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է ՀՀ-ն այդ տարածքով»,- ասաց Փաշինյանը:
Լեռնային Ղարաբաղի մասին
Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային հարց է և միայն Հայաստանի դիրքորոշումներով այն հնարավոր չէ լուծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունների օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: «Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում օր առաջ վերականգնվի բանակցային գործընթացը: Պետք է հասկանանք՝ Ղարաբաղի ճանաչումն ինչ կտա: 30 տարի հարցը քննարկվել է, և որոշում այդպես էլ չի կայացվել, որովհետև բոլորը հասկացել են, որ Հայաստանն առնվազն առաջինն ու միակը չպետք է լինի, որ նման որոշում կայացնի: Պետք է հասկանանք՝ դա ինչ է տալու»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ հայկական կողմի մեծագույն խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերաբերյալ մեր դիրքորոշումները հաղորդակցության մեջ դնել միջազգային դիրքորոշումների հետ: «Խնդիրը պետք է հաղորդակցության մեջ լինի միջազգային նորմերի, դիրքորոշումների և ընկալումների հետ, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը վաղուց լուծել էր այդ հարցը: Եվ սա մեր մեծագույն խնդիրն է և եղել է միշտ»,- նշեց վարչապետը:Անդրադառնալով հարցին, թե արդյոք դիտարկում է Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի մաս ճանաչելը՝ ասաց. «Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք, պատերազմ չէր սկսվի»:
Ադրբեջանը տարածաշրջանը վերածում է ջունգլիների
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ երկրի դեմ օգտագործի: Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնեց առցանց ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
«Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն, և մեր խնդիրն է, բոլոր միջազգային լծակները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Մեծ հաշվով վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվել, իսկ պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել, և մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարություններին, թե «վերադարձել են Զանգեզուր», «Զանգեզուրը իրենցն է», «Հայաստանը իրենցն է»՝ Փաշինյանը նշեց, որ այդ ամենը նմանվում է միջազգային խուլիգանության: «Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների: Եվ մենք պետք է ի ցույց դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի, ինքնիշխանության, պետականության անկախության և ժողովրդավարության: Ժողովրդավարության գագաթնաժողովին ես սա եմ ի ցույց դնելու, որ տարածաշրջանում կան ուժեր՝ ի դեմս Ադրբեջանի, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների: Միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի»,- հավելեց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ նաև սա է պատճառը, որ Հայաստանը գնացել է Հաագայի դատարան, և այնտեղ բավական հաջող ներկայացվել է հայցն ընդդեմ Ադրբեջանի: Հիմա սպասում ենք դատարանի նախնական որոշմանը: Շատ կարևոր է այս դատական գործընթացը, որը կարող է հակամարտության կարգավորման առումով նոր հենք ստեղծել Հայաստանի և Արցախի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Նոր պատերազմի հավանականության մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե կա՞ արդյոք Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ:
Նա հավելեց, որ հավանականություն կա, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ դեմ առ դեմ քննարկում լինի, և ինքը պատրաստ է այդ քննարկմանը: «Բայց ես ասել եմ, որ այդ քննարկումը պետք է ունենա կոնկրետ թեմա: Առաջին թեման պետք է լինի ընդհանուր իրադրության շուրջ գնահատականները և այդ քննարկման ընթացքում պետք է պարզվի՝ ի վերջո, ով է շահագրգիռ իրավիճակի ապակայունացմամբ: Եթե պարզվի, որ ոչ ես, ոչ ինքը շահագրգիռ չենք, իսկ ես կարող եմ երաշխավորել, որ մենք շահագրգիռ չենք, շատ ավելի լավ»,- նշեց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ. նրա կարծիքով սա պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանն, ըստ էության, պատերազմից հետո լինելով հետպատերազմյան էյֆորիայի մեջ՝ փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որ ժամանակակից աշխարհում գոյություն չունի: Եվ ընդհանրապես մենք շատ համբերատար, հետևողական, փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որ տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց կարծում եմ, որ մենք բոլորս պիտի արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հստակ հետևի, որովհետև հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում: Օրինակ՝ Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր: Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում և ի՞նչ է դա նշանակում, և ինչ է նշանակում միջանցքային տրամաբանություն: Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ դա չի նշանակում, թե Հայաստանը որևէ կերպ հրաժարվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից: Ընդհակառակը, Հայաստանն է, գուցե, ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Եվ միջանցքային տրամաբանությունը, իմ կարծիքով, Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման հանել օրակարգից: Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչքան էլ նենգափոխվի, դրա 9-րդ կետում շատ հստակ ասված է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները, իսկ հունվարի 11-ի հայտարարության մեջ ավելի մանրամասն է ձևակերպված, թե ինչպես է դա տեղի ունենում: Եվ այս իրավիճակը պետք է ավելի ու ավելի միջազգայնանա, որովհետև սա արդեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարց չէ, սա միջազգային իրավունքի և աշխարհակարգի հարց է: Ադրբեջանի նախագահը հայտարարում է որտեղ ուզենք կկանգնենք: Սա ի՞նչ է նշանակում: Մենք պետք է հասկանանք՝ նոր աշխարհակա՞րգ է գործում, որտեղ ով որտեղ ուզենա կկանգնի: Այսինքն, սա նշանակում է, որ միևնույն կերպ որևէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզենա կկանգնի՞, կամ Ադրբեջանը, եթե նման հռետորիկա է կիրառում մի հարևանի նկատմամբ, սա նշանակում է, որ իր բոլոր հարևաններին հայտարարում է, որ որտեղ ուզենա կկանգնի՞, կամ սա նշանակում է, որ միջազգային իրավունքի նոր էջ է բացվո՞ւմ, և նախկինում գոյություն ունեցող ՄԱԿ-ի կանոնադրությունը, մյուս միջազգային փաստաթղթերը գոյություն չունե՞ն, և ով երբ, որտեղ ուզի կկրակի՞, կսպանի՞, կներխուժի՞: Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա: Այսինքն` վարձկանների ներգրավումը դառնո՞ւմ է նոր իրավունք»,- հարցադրում արեց վարչապետը:
Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ Հայաստանն այսօր այս հարցերի քննարկման մի քանի հարթակ է օգտագործում, այդ թվում՝ Հաագայի միջազգային դատարանը: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքը ավելի ու ավելի լայնորեն պիտի դառնա քննարկման առարկա, ոչ միայն եռակողմ ֆորմատում, ոչ միայն ՀԱՊԿ-ում, ոչ միայն ՄԱԿ-ում, ոչ միայն Հաագայում, ոչ միայն ՄԻԵԴ-ում: Ես առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել ժողովրդավարության գագաթնաժողովին, որն առցանց է տեղի ունենալու, նաև այնտեղ եմ պատրաստվում այս հարցը բարձրացնել: Այն, ինչ անում է Ադրբեջանը դա նրա և նրան քաջալերող երկրների կողմից հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, անկախության և հիմա կարող եմ ասել՝ նաև ժողովրդավարության վրա: Մենք այս հարցը պատրաստվում ենք հետապնդել միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, և մենք մեզ չենք սահմանափակելու»,- եզրափակեց Փաշինյանը:
Միջանցքի մասին
Հայաստանն է որոշում, թե ինքն ինչ ճանապարհով է ապահովում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի հաղորդակցությունը. միջանցքային տրամաբանություն գոյություն չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված անխոչընդոտ երթևեկություն արտահայտությունը կիրառելով՝ պնդում է, թե սա հենց սուվերեն միջանցք է նշանակում:
Փաշինյանն արձագանքեց. «Եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ՝ «սուվերեն միջանցք»: Մանավանդ, որ այդ նույն փաստաթղթի մեջ «միջանցք» բառն օգտագործված է՝ Լաչինի միջանցք ձևակերպմամբ, և գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ: Ավելի տրամաբանական է ասել՝ այդ նույն ձևակերպումը նշանակում է «չմիջանցք», այսինքն` միջանցքի բացառում»:
Հայտարարության 9-րդ կետի ի կատարումն ընդունվել է 2021-ի հունվարի 11-ի հայտարարությամբ: Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, Ադրբեջանի մասնակցությամբ, արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այսինքն, ճանապարհը, որն անցնում է, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո: Եվ ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով: Այսինքն՝ կա երկու հարց, առաջինը՝ սուվերենության հարցը, որը ՌԴ-ն ինքն արդեն հայտարարել է: Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից «միջանցք» արտահայտություն չենք լսել: Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրվել է, որ չկա: Երկրորդը՝ ինչո՞ւ մեզ համար պետք է ընդունելի լինի այն, ինչ չկա, մենք դա ընդհանրապես ինչո՞ւ պետք է քննարկենք»,-ասաց վարչապետը:
Վարչապետը խոսեց Ադրբեջանի շանտաժի քաղաքականության մասին. «Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում է, որ եթե միջանցք չտա ՀՀ-ն, ինքը պատերազմով այդ միջանցքը կստանա: Հայաստանը պետք է այս փաստը դնի միջազգային հանրության աչքի առաջ: Եվ Հայաստանը պետք է սա ի ցույց դնի՝ որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»:
Միևնույն ժամանակ Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասով՝ նշելով, որ ՀՀ-ն 30 տարի գտնվում է շրջափակման մեջ, և սա ապաշրջափակման հնարավորություն է: «Հաջորդ խնդիրը երթուղիների խնդիրն է, որը նույնպես բավականին նրբություններ է պարունակում: Եվ, եթե սուվերենության շրջանակներում է տեղի ունենում, և ՀՀ-ն ասում է, որ պատրաստ է ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, Հայաստանն է որոշում, թե ինքն ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը, հակառակ դեպքում՝ ի՞նչ սուվերենություն: Այսինքն՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է որոշի, թե ինքն ինչպես մտնի, ինչպես դուրս գա. չի լինելու այդպիսի բան»,-վստահեցրեց ՀՀ վարչապետը:
Մյուս կողմից, Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային, ավտոմոբիլային կապերը վերականգնվեն: «Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ՝ ավտոմոբիլային և երկաթուղային: Տվյալ դեպքում Նախիջևանի մասին չէ իրականում խոսքը, տվյալ դեպքում Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է խոսքը, այսինքն՝ մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը:Կարծում եմ, որ այդտեղ էլ ՀՀ-ն շահագրգռվածություն ունի: Երբ նայում ենք Ադրբեջան-Նախիջևան, թվում է, թե դա Ադրբեջան-Նախիջևան կապն է, բայց դա իրականում նոր միջազգային ճանապարհի մասին է: Եվ, բնականաբար, ՀՀ-ն պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ չի հասկանում, թե ինչու ՀՀ-ն պետք է հրաժարվի ճանապարհ տալուց՝ հավելելով, որ այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհները, երկաթուղիները, գազամուղները, նավթամուղերը անցնեն իրենց տարածքով, ընդհանրապես՝ բեռները հնարավորինս շատ տարանցվեն իրենց տարածքով: Ընդհակառակը, Փաշինյանի խոսքով, ՀՀ-ն շահագրգռված է, որ Թուրքիայի երկաթուղին բացվի, ուզում է, որ Կարս-Գյումրի երկաթուղին բացվի և ավելի մեծ կոնտեքստ ստանա, որից ՀՀ-ն նույնպես օգտվի, գնա ոչ միայն ՌԴ, այլ նաև՝ Եվրոպա, երկաթուղային կապ ստանա Եվրոպայի, ՌԴ-ի, Իրանի հետ: «Ադրբեջանը հասկանում է, թե սա ինչ է նշանակում: Դրա համար էլ անընդհատ փորձ է անում, այդ թվում՝ ՀՀ-ի ներսում նյարդային մթնոլորտ ստեղծել, որ ստացվի, որ ՀՀ-ն ինքն իր ապաշրջափակմանը դեմ է արտահայտվում: Հասկանու՞մ եք աբսուրդն ուր է հասել: Եվ այսօր Ադրբեջանը հստակ օգտագործում է որոշ ուժերի, չգիտեմ որտեղից հրահրվող տրամադրությունը, թե ճանապարհ պետք է չտալ»,-ասաց վարչապետը:
Վարչապետը նկատեց, որ մյուս կողմից Ադրբեջանը զարգացնում է միջանցքային տրամաբանություն, ու շեշտեց, որ չկա միջանցքային տրամաբանություն, ուղղակի գոյություն չունի:
3+3 ձեւաչափի մասին
Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «3+3» ձևաչափի ձևավորման հարցում ո՞ րն է Հայաստանի դիրքորոշումը ,
ասել է, թե 3+3»-ը չպետք է կրկնի գոյություն ունեցող ձևաչափերը:
Փաշինյանը շեշտեց ևս մի հանգամանք` կառավարության ծրագրում ընդգրկված՝ տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման հարցը: Նա նշեց, որ Հայաստանի համար կարևոր են հարաբերությունները Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ, սակայն, ցանկություն կա ավելի ակտիվացնելու տարածաշրջանային քաղաքականությունը:
«Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերությունները ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա, միգուցե և քննարկենք այդ հնարավորությունը: Այս պահին է սա է մեր դիրքորոշումը, հետագայում կերևա»,- եզրափակեց Փաշինյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված այդ նախաձեռնությունը ենթադրում է նոր հարթակ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի 3 երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ու նրանց 3 հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
Ուղիղ շփումների մասին
Ընդհանուր իրողությունից բխում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումները լինեն ավելի հաճախ, որպեսզի հնարավոր լինի կարգավորել իրադրությունն ու գտնել լուծումներ՝ փորձելով խուսափել ճգնաժամերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Երևանն ու Բաքուն որոշել հանդիպման նպատակով օգտագործել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից:
«Ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ինչպես գիտեք, ԱԳ նախարարներն այդ ֆորմատով արդեն հանդիպումներ ունեցել են: Մենք ակնկալում ենք և սպասում ենք, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում: Մեր արդեն նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով դեկտեմբերի 15-ի Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին, նա նշեց, որ դա նորություն չէ, քանի որ Եվրամիության նախագահ Շառլ Միշելը դեռ ամռանը տարածաշրջան կատարած այցի շրջանակում այդպիսի գաղափար էր առաջ քաշել՝ ասելով, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է տեղի ունենալու և առաջարկել էր կազմակերպել նման հանդիպում: «Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ՝ ասելով, որ դեկտեմբերին մոտ ավելի կհստակեցնենք: Արդեն հայտնի հանգամանքներում նա զանգահարել է և՛ ինձ, և՛ Ադրբեջանի նախագահին, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունը և՛ ԱլԳ գագաթնաժողովին, և՛ գագաթնաժողովի շրջանակում պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել»,- ասաց Փաշինյանը:
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն որ իրավիճակում կարող է դիտարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը:
«Չեմ կարծում՝ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է: Որպես նախագահող երկիր՝ պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- ասաց Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը Թուրքիայի հետ թյուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին, ինչը իրողություն է, որը չի կարող որևէ ազդեցություն չթողնել: «Հաջորդ իրողությունն այն է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է: Ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է արձանագրենք նաև, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնուամենայնիվ Ադրբեջանի թշնամին չէ, այլ բարեկամ ու դաշնակից է»,- ասաց գործադիրի ղեկավարը: Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն օգտագործեն քաղաքական լծակները՝ փոխադարձ ճանաչված իրավունքները պաշտպանելու նպատակով:
«Մյուս կողմից, Հայաստանն ինքն իրեն չի սահմանափակելու միջազգային ամենատարբեր ատյաններում ու օղակներում: Փորձ է արվում հակադրել Բրյուսելի ու Սոչիի հանդիպումները: Դրանց մեջ չկա որևէ հակադրություն կամ հակասություն, որովհետև մենք չենք կարող հրաժարվել՝ աջակցելու որևէ գործընկերոջ առաջարկից»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետք է օգտվեն այլ կողմի փորձից և աջակցությունից՝ կայունացնելու իրավիճակը: