Ես կցանկանայի փարատել որոշ թյուրիմացություններ՝ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի վերաբերյալ:
Որոշ զեկույցներում լուրը ճշգրտորեն նկարագրվեց որպես ներկայացված օրինագծի պարզապես առաջին ընթերցում: Ուրիշները դա խեղաթյուրեցին որպես Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչում: Որոշ վերլուծաբաններ, ավելի հեռուն գնալով, սխալ եզրակացություն արեցին, որ բրիտանական կառավարությունը որոշել է այս հարցում սատարել հայերին՝ Թուրքիային դաս տալու համար...
Սա Միացյալ Թագավորության պատմության մեջ առաջին դեպքն է, որ Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է Համայնքների պալատում՝ Մասնավոր անդամների օրինագծի միջոցով։ Նախկինում թեման բարձրացվել է Օրվա առաջարկությունների միջոցով, որոնք անարդյունավետ են ճանաչման հասնելու համար:
Ահա ներկայացված թիվ 190 58/2 օրինագծի ամբողջական տեքստը՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը» վերնագրով։
«Օրինագիծ, որը պահանջելու է Նորին Մեծության կառավարությունից պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը. և առնչվող նպատակների համար:
«Հաստատել Նորին Գերազանցություն Թագուհու կողմից, հոգևոր, աշխարհիկ և համայնքների լորդերի խորհրդով և համաձայնությամբ, ներկայիս հավաքված Խորհրդարանում և նույնի իշխանությամբ, հետևյալ կերպ.
«1. Ցեղասպանության ճանաչում. Նորին Մեծության կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում հայերի սպանությունները ցեղասպանություն էին:
«2. Ոգեկոչում և կրթություն. ա) Պետք է լինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա ոգեկոչում, որը կարող է մաս կազմել ցեղասպանությունների ավելի լայն ոգեկոչման. բ) Պետքարտուղարը պետք է խրախուսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին կրթությունն ու հանրային ըմբռնումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության առնչությունը մարդկության դեմ գործած ժամանակակից հանցագործություններին և ռազմական հանցագործություններին:
«3. Մեկնաբանություն. Սույն օրենքում «ցեղասպանություն»-ը ունի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում և Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ հոդվածում տրված նշանակությունը. «Մարդկության դեմ հանցագործություն»-ը ունի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածում տրված նշանակությունը. «պատերազմական հանցագործություններ»-ը ունեն այն նշանակությունը, որ տրված է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածում։
«4. Տարածումը, մեկնարկը և կրճատ անվանումը. ա) Սույն օրենքը տարածվում է ամբողջ Միացյալ Թագավորությունում. բ) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից»:
Օրինագիծը ներկայացվել է 2021 թ․ նոյեմբերի 9-ին՝ տասը րոպեանոց կանոնակարգով, խորհրդարանի պատգամավորի կողմից։ Թեև ցանկացած այլ անդամ իրավունք ունի դեմ արտահայտվել օրինագծի ներկայացմանը, սակայն ոչ ոք դա չարեց: Օրենսդրության ընդունման գործընթացը երկար է ու բարդ։
Հայաստանի համար համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, խորհրդարանի անդամ Թիմ Լոութոնի ընտրական շրջանում հայեր չկան։ Մասնավոր անդամների օրինագիծը, որը նա ներկայացրել էր, ուներ 15 համահեղինակ վեց տարբեր քաղաքական կուսակցություններից՝ Պահպանողական կուսակցություն, Լեյբորիստական կուսակցություն, Լիբերալ-դեմոկրատներ, Շոտլանդիայի ազգային կուսակցություն, Դեմոկրատական միութենական կուսակցություն և Ուելսի կուսակցություն (Plaid Cymru): Իր խոսքում Լոութոնը շնորհակալություն հայտնեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբին և նրա նախագահ Անետ Մոսկոֆյանին՝ «նրա օգնության ու աջակցության համար՝ ինչպես Հայաստանի համար համակուսակցական խորհրդարանական խմբին, այնպես էլ օրինագծի նախապատրաստման համար»: Նա նաև շնորհակալություն հայտնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանին. «Ուրախ եմ տեսնել և կարող եմ հաստատել նրանց երկուսի ներկայությունը Այցելուների սրահում»։
Հաջորդ քայլը՝ օրինագծի երկրորդ ընթերցումն է, որը կարող է տեղի ունենալ 2022 թ․ մարտի 22-ին։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք այս օրինագիծը կընդունվի այդ ժամանակ, քանի որ այն կառավարության կողմից աջակցություն չունեցող օրինագիծ է։ Հաջորդ տարի նախատեսվում է նմանատիպ օրինագիծ ներկայացնել Լորդերի պալատ։
Սույն օրինագիծը հիանալի հնարավորություն է տալիս Մեծ Բրիտանիայում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքական կառավարությունն ու լրատվամիջոցները հրապարակային առարկություն չեն արել այս օրինագծի ներկայացմանը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարությունը, հավանաբար, լոբբինգ կիրականացնի դրա ընդունումն արգելափակելու համար: Արդեն իսկ թուրքերն ու կիպրացի թուրքերը, որոնք օրինագծի հովանավորներից մեկի՝ պատգամավոր Յան Դունկան Սմիթի ընտրողներն են, իրենց վրդովմունքն են հայտնել նրա աջակցության կապակցությամբ։ Համայնքների պալատում օրինագծի առաջին ընթերցումից ընդամենը օրեր առաջ թուրքական ռեստորանում նրա համար դրամահավաքի ընթրիք է կազմակերպվել, որին մասնակցել են բազմաթիվ թուրքեր։ Միջոցառումը մասամբ հովանավորվել է Turkish Airlines-ի և Cyprus Paradise-ի կողմից, որը «ամենախոշոր զբոսաշրջային կազմակերպողն է դեպի [Թուրքիայի կողմից գրավված] Հյուսիսային Կիպրոս»։ Թուրքական համայնքի անդամներն ասել են, որ ապագայում չեն աջակցելու Դունկանին։
Ներկայացված բոլոր օրինագծերը պետք է երեք ընթերցում անցնեն խորհրդարանի երկու պալատներում: Օրինագծերը պետք է անցնեն երեք փուլ՝ հանձնաժողով, հաշվետվություն և քննարկում: Հենց որ օրինագիծը հաջողությամբ անցնի այս բոլոր փուլերը, այնուհետև այն կուղարկվի թագավորական համաձայնության:
Հակառակ տարբեր հայ փորձագետների սխալ վերլուծությունների՝ այս օրինագիծը չունի բրիտանական կառավարության աջակցությունը։ Դա պարզապես Թիմ Լոութոնի և մի քանի այլ պատգամավորների նախաձեռնությունն է: Երբ գա օրինագծի ընդունման ժամանակը, բրիտանական կառավարությունը հավանաբար կփորձի արգելափակել այն։ Ինչպես Լոութոնը հիշեց իր խոսքում, 1999 թվականին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ամոթալի կերպով հայտարարեց. «Հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական, առևտրային) կարևորությունը… [Հայոց] ցեղասպանության ճանաչումը գործնական օգուտ չի բերի Մեծ Բրիտանիային»:
Բրիտանական կառավարությունը չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իրականում, Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ անցյալ տարի 25 միլիարդ դոլարի առևտրային գործարք կնքելով Թուրքիայի հետ։
Հուսով ենք, որ այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատումը կխթանի Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աջակցությունը։
Բրիտանական կառավարությունը, որը լիովին տեղյակ էր Հայոց ցեղասպանության վայրագություններին, երբ դրանք տեղի էին ունենում, պետք է ոչ թե վերջին, այլ առաջին պետությունը լիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Այնուամենայնիվ, լավ է ուշ, քան երբեք: Բարի կամքի տեր բոլոր մարդիկ պետք է ճնշում գործադրեն բրիտանական կառավարության վրա՝ փոխելու իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրանք պետք է հեղեղեն պատգամավորների աշխատասենյակները հաղորդագրություններով՝ կոչ անելով աջակցել ներկայացված օրինագծին։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի