Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել իսպանալեզու Armenia Hoy կայքին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն տարբերակը։
 
- Պարոն Բաբայան, նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույցի։ 44 - օրյա պատերազմը օրակարգեր փոխեց, մենք կորցրինք Արցախի 70%-ից ավելին, և այս օրերին լրացավ եռակողմ հայտարարության մեկ տարին։
 
- Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ են առաջացել այսօր: Արցախյան երրորդ պատերազմն իսկապես արմատապես փոխել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը մեր տարածաշրջանում, ստեղծել է լուրջ մարտահրավերներով լի նոր իրականություն։ Միևնույն ժամանակ, կան նաև հնարավորություններ՝ արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի շնորհիվ հաղթահարելու այդ մարտահրավերները և ապահովելու երկրի անվտանգությունը։ Այս պահի դրությամբ առաջնային է հետևյալ երկու հարթություններում աշխատանքների իրականացումը՝ Աշխարհաքաղաքական, ինչը ենթադրում է Արցախի սուբյեկտայնության պահպանում, որտեղ բացառվում է Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա մեզ համար կարմիր գիծ է։ Սոցիալ-տնտեսական, որտեղ անհրաժեշտ է առաջին փուլում ապահովել բազմաթիվ փախստականների և տեղահանված անձանց սոցիալ-կենցաղային պայմանները, իսկ այնուհետև վերանայել տնտեսական զարգացման ռազմավարությունը՝ հաշվի առնելով մեզ պատճառված վնասը՝ մարդկային և տարածքային կորուստները։
 
-  Տարիներ շարունակ օրակարգային էր Հայաստան - Սփյուռք - Արցախ եռամիասնությունը, և շատ համազգային հարցեր լուծվում էր այդ հարթակում։ Ի՞նչ է այսօր փոխվել:
- Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եղել է, կա և կմնա մեր պետականաշինության և արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։ Այստեղ առանցքային գաղափար է Արցախի՝ որպես հայության համար գերագույն արժեի գիտակցումը։ Եռամիասնության ամրապնդումը և Արցախի տեղի ու դերի պահպանումը կարևոր է թե՛ բարոյահոգեբանական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյուններից։
 
- Ի՞նչ պիտի անի այսօր Սփյուռքը, ի՞նչ առաջնահերթ գաղափարներ և ծրագրեր պետք է իրականացնի, որպեսզի կարողանա սատարել Արցախին։ Կարո՞ղ եք թվել այդ խնդիրները։
- Անելիքները շատ են։ Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել մի քանի խմբի՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական։ Բոլոր հարթություններում էլ անհրաժեշտ է Սփյուռքի հետ կապերի ամրապնդում՝ Արցախի պահպանման, շենացման և զարգացման գործում Սփյուռքի ակտիվ ներգրավմամբ։ Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Սփյուռքը երբեք չպետք է դիտարկվի որպես զուտ նյութական աջակցության աղբյուր։ Դա կարժեզրկի Արցախը, կթուլացնի մեր միասնականությունը և Հայրենիք-Սփյուռք կապը, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ թե՛ Հայրենիքի, թե՛ Սփյուռքի համար։
 
- Թեկուզ մեկ տարի առաջ հաստատվել է հրադադար, այսօր էլ Բաքվի բերդում շարունակում են գերության մեջ մնալ հայ զինվորներ, կան անհետ կորած քաղաքացիական անձինք, ու ադրբեջանական կողմի կրակոցներից զոհվում, կամ վիրավորվում են խաղաղ բնակիչներ։ Ո՞վ է այսօր Արցախի հայության երաշխավորը:
- Մեր անվտանգության և ապագայի երաշխիքները կարելի է դասել երկու խմբի։ Առաջինը մենք ենք, յուրաքանչյուր արցախցի, յուրաքանչյուր հայ թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Այստեղ որպես այդ երաշխիքի բաղադրիչներ են մեր հայրենասիրությունը, պարկեշտությունը, սկզբունքայնությունը, պրոֆեսիոնալիզմը։ Երկրորդ խումբը դա, բնական է, ռուս խաղաղապահ առաքելությունն է, որը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հանդիսանում է խաղաղության և կայունության պահպանման առանցքային գործոն։ Ակնհայտ է, որ եթե Արցախում չլինի ռուս խաղաղապահ զորքը, Ադրբեջանը, Թուրքիան և միջազգային ահաբեկիչների մի ստվար հատված կրկին լայնածավալ հարձակում կձեռնարկեն մեր երկրի և ժողովրդի դեմ։
 
-  Այսօր քի՞չ է խոսվում Արցախի կարգավիճակի և անկախության մասին, թե տարվու՞մ է որոշակի դիվանագիտական աշխատանք, որ այնքան էլ պետք չէ հայտնի՞ լինի հանրությանը:
-Մեր հարցազրույցի սկզբում արդեն նշվել են մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ընդգծվել կարմիր գծերը։ Իհարկե, Արցախի ինքնիշխանությունը և անկախությունը շարունակում են մեր առաջնահերթությունը լինել։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտում տարվող աշխատանքներին, ապա այստեղ առաջնորդվում ենք «քիչ խոսել, շատ գործել» սկզբունքով։
 
- Մադրիդյան սկզբունքների հիմքում դրված է ուժի չկիրառման ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ձեր կարծիքով ինչո՞ւ Մինսկի խումբը 44-օրյա պատերազմի ժամանակ չբարձրաձայնեց այս փաստերի մասին, որ Ադրբեջանի կողմից կոխկրտվում է այս երկու հիմնարար դրույթը:
 
- Ձեր նշած հիմնարար դրույթները հանդիսանում են նաև միջազգային իրավունքի հիմնասյուներից, բայց և այնպես ոտնահարվում են գրեթե ամենուր։ Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է նաև Թուրքիան, որն ուղղակիորեն և բացահայտ կերպով ներգրավված է եղել Արցախի դեմ պատերազմին՝ տարածաշրջան տեղափոխելով հազարավոր միջազգային ահաբեկիչների և վարձկանների։ Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ միջազգային հանրությունը, այդ թվում նաև Մինսկի խումբը, բավականին այլակազմ են, այնտեղ ներգրավված երկրները ունեն տարբեր շահեր, նպատակներ ու հնարավորություններ։ Դրանից բացի, միջազգային իրավունքը, դժբախտաբար, հաճախակի ստորադասվում է աշխարհաքաղաքական շահին։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել Մինսկի խմբի եռանախագահության դերակատարությունը պատերազմը կանգնեցնելու և խաղաղ բանակցային գործընթացի վերականգնումն ապահովելու գործում։ Եռանախագահության անդամ Ռուսաստանի Դաշնության ուղղակի միջնորդության շնորհիվ կանգնեցվել է պատերազմը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվում է խաղաղություն ու կայունություն։ Պատերազմը կանգնեցնելու կոչերով հանդես են եկել նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն։
 
- Ո՞րն է կարգավիճակի մասին այն փոխզիջումային տարբերակը, որին կհամաձայնվի Արցախի հայությունը։
- Կարգավիճակը վերացական հասկացություն չէ։ Կարգավիճակը, առավել ևս արցախահայության համար, հանդիսանում է նրա ֆիզիկական անվտանգության և բնականոն զարգացման երաշխիքը։ Այս համատեքստում ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ մեզ համար կտրականապես անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, և այստեղ որևէ փոխզիջում հնարավոր չէ։