Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Գիտական մակարդակում դեռևս գնահատական չի տրվել 2020թ.-ի պատերազմին, իսկ որքան մենք հեռանում ենք պատերազմի օրերից՝ դա անելն ավելի է բարդանում»,- պնդում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայությանսոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Գուրգեն Սիմոնյանը: Նա մեկն է այն համարձակներից, ով կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին և հոկտեմբերի 6-ից եղել Ջրականում։

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ղազանչյանը  պատմում է, որ Գուգեն Սիմոնյանին սահմանից հետ պահելու հորդորները ապարդյուն էին. «Նրա համար օրինակ է եղել հայրը, ով արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորագրվել է և որպես ռազմական բժիշկ անցել մարտական ուղի»:

Գուգեն Սիմոնյանը քաղաքական գիտությունների թեկնածու է,  ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող և դոկտորանտ: Դոկտորական ատենախոսության թեման է «Ազգային շահերի սիներգիայի հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետությունում, պետականաշինության և ռազմավարական քաղաքականության հայեցակարգային կառուցակարգման և իրացման համատեքստում»։

Ատենախոսության թեմայի շրջանակներում հրապարակել է շուրջ 20 հոդված՝ հայաստանյան և ռուսալեզու ամսագրերում: Նշում է, որ նպատակ ունի անգլալեզու հրապարակումներով հանդես գալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում:

Գիտական արդյունքի միջազգայնացման վերաբերյալ:  Երիտասարդ քաղաքագետն առաջ է քաշում 2020 թ.-ի պատերազմի վերաբերյալ հատկապես միջազգային մակարդակում գիտական գնահատականներ ձևակերպելու անհրաժեշտությանը՝ նշելով. «Նույն կերպ՝ հայաստանյան գիտական կազմակերպությունների կողմից միջազգային մակարդակի գիտական գնահատական չի տրվել նաև վերջին 100 տարիների ընթացքում հայ ազգին պատուհասած պատմական իրողություններից և ոչ մեկին՝ սկսած 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից:  Հայաստանից դուրս գործող հայագիտական կենտրոններն ավելի լուրջ աշխատանք են իրականացնում և ավելի ճշգրտորեն ներկայացնում պատմական վերոնշյալ ժամանակաշրջանը, քան Հայաստանի ներսում պարփակված կենտրոնները»:     

Գտնում է, որ 2020թ.-ից հետո միջազգային հանրությունը փորձում է հնարավորինս մեղմ տարբերակով անդրադառնալ այն հանգամանքին, որ Արցախյան խնդիրը [1] սկսվել է ոչ թե Արցախյան առաջին պատերազմից [2], այլ նախընթաց՝ 100 տարվա իրողություններով [3]: Նկատում է. «Դա արվում է ծայրահեղ զգուշությամբ»։

Աշխարհայացքը. «Կարևոր է հայրենաճանաչությունը և ցանկացած պահի հնարավոր պատերազմին պատրաստվածությունը»: Իր գիտակրթական գործունեությունն ամբողջությամբ ուղղված է հայրենաճանաչությանը, իսկ ինչպե՞ս է ինքը նախապատրաստվել պատերազմին:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տասը տարի անց՝ 2018թ.-ին դարձել է ՀՀ զինված ուժերի ինժեներային զորքերի պահեստազորի լեյտենանտ: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին [4] նշանակվել է Ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ Պատերազմի բուն ընթացքից խոսել չի ցանկանում: Պատերազմի ծանրագույն ավարտից հետո դրա ընթացքի վերաբերյալ խոսքեր շռայլելը համարում է ավելորդ: Ընդունելի է համարում գիտության ոլորտում ասելիք ունենալը:

Աշխատանքային գործունեության ընթացքից հատկանշականն այն է, որ քաղաքագիտությունը համատեղել է ռազմական կրթական հաստատություններում աշխատանքի հետ՝ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարան [5], Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն [6]: Մասնակցել է Պաշտպանության նախարարության կազմակերպած մի շարք դասընթացների և վարժանքների:

2020թ.-ի պատերազմին Գուրգեն Սիմոնյանը կամավորագրվել է առանց հարազատների հետ խորհրդակցելու և սահման է հասել առանց նրանց իմացության: Երբ հորն այդ մասին տեղեկացրել են, նա կրկին հավաքել է հին ջոկատի մարտական ընկերներին: Մեկնել են ռազմաճակատ: Նրանց ուղին հասել է մինչև Շուշի:

Հերմին Օհանյան

Ծանոթագրություններ

  1. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: ՀՀ արտաքին գործերին նախարարության կայք՝ https://www.mfa.am/hy/nagorno-karabakh-issue/
  2. Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտպատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի,Վիքիպեդիա, https://hy.wikipedia.org/wiki/Արցախյան_ազատամարտ
  3. Հայկական տարածքների կցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին՝ https://168.am/2021/09/14/1577704.html
  4. Հայ-ադրբեջանական 3-րդ պատերազմի սկիզբը՝ 2020թ. սեպտեմբերի 27:
  5. ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
  6. Հիմնադրվել է 1994թ.-ին ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի կողմից՝ արժանանալով հայաստանյան և Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը:

 Yerepouni Daily News (yerepouni-news.com)