Շաբաթ, 6 Նոյեմբեր 2021-ին, Քէօլնի Domforum հանդիսահրահում, Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի կազմակերպութեամբ համերգային գեղեցիկ ծրագրով նշուեց 20-րդ դարի հայ մեծագոյն երգահաններից մէկի` Առնօ Բաբաջանեանի, ծննդեան 100-ամեակը:
Յանուն Առաջնորդարանի համերգի բացումը կատարեց ու Առնօ Բաբաջանեանի համառօտ կենսագրականը ներկայացրեց Թեմական Խորհրդի ատենապետ պարոն Սերովբէ Օդաբաշեանը:
Համերգին առաջին բաժնում Քեօլնի Հայ Համայնքի «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ (խմբավարուհի Անուշ Նազարեան, դաշնակահարուհի` Իռենէ Թաբաքէր) հնչեցին հայ երգահանների մի շարք ստեղծագործութիւններ, ի շարս որոց Ռոմանոս Պետրոսեանի` «Մուսա լեռան կարօտը», Էդգար Յովհաննիսեանի «Սարդարապատ»ը, Առնօ Բաբաջանեանի «Ազգ փառապանծ»ը, Ալեքսանդր Յարութիւնեանի «Հայրենիքիս հետ»ը:
Համերգի երկրորդ բաժինը ստանձնել էին Գերմանիայում ապրող եւ ստեղծագործող հայաստանցի երաժիշտներ Գուրգէն Բաւեյեանը (բարիտոն) եւ դաշնակահարուհի Դիանա Սահակեանը: Տաղադաշատ երաժիշտները հնչեցրեցին Առնօ Բաբաջանեանի մի շարք գործեր, ինչպէս օրինակ` «Մեղեդի», «Էլեգիա», «Վաղարշապատի պար» դաշնամուրային գործերը, ինչպէս նաեւ Բաբաջանեանի սիրուած երգերից` «Верни мне музыку», «Սիրոյ երգ», «Իմ Երեւան», «Սերենադ» («Երեւանի սիրուն աղջիկ») ստեղծագործութիւնները: Համերգի ընթացքում հնչեցին նաեւ Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարեանի ստեղծագործութիւններից:
Երաժիշտների փայլուն կատարումներն արժանացան հայ եւ գերմանացի շուրջ 80 հադիսականների ջերմ եւ երկարատեւ ծափահարութիւններին (Թագաժահրի պատճառով տեղերը սահմանափակ էին): Ներկաներն ուրախ էին եւ շնորհակալ, որ թագաժահրով պայմանաւորուած երկար ընդմիջումից յետոյ կրկին ունկնդիրն եղան բարձրակարգ համերգային ծրագրի:
Համերգը վայելում էր Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեանի հովանաւորութիւնը, ով անձնապէս նոյնպէս ներկայ էր համերգին: