Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես տեղեկանում ենք  Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից, հոկտեմբերի 30-ին բացվել է ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ»ը՝  Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության վերջին փակ դուռը՝ Կինոյի տան գլխավոր մուտքը Խանջյան փողոցից:

««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայրի» սկիզբն այլևս իրականություն է…
«2021 թ., հոկտեմբերի 30» ամսաթիվն այսուհետ պատմական է լինելու Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության ու Կինոյի տան հարուստ մշակութային պատմության մեջ:
Այս խոստումը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տվել էր դեռևս չորս տարի առաջ, երբ ընտրվում էր միության նախագահի պաշտոնում:
Այս իրադարձությամբ ոչ միայն վերաբացվում է ավելի քան երկու տասնամյակ առաջ Կինոյի տան վաճառքից ու ճակատային մասի քանդումից հետո մշակութային օջախի փակված գլխավոր մուտքը, ոչ միայն վերականգնվում է դեպի Կինոյի տան մեծ դահլիճ տանող ճեմասրահն ու արվեստային միջավայրը, ոչ միայն կինոգործիչներին ու մեր հանդիսատեսին է վերադարձվում հիշողություն ու մեր կինոարվեստին վայել հարգանք, այլև, ազդարարվում է հայկական կինոթանգարանի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային- զբոսաշրջային միջավայրի» բաղկացուցիչ մաս հանդիսացող կենտրոնի գործունեության սկիզբը:
Այս մեծածավալ նախագծի հիմնական նպատակներից մեկն այն է, որ կինոթանգարանային տարածքը ծառայի որպես կրթական ինքնատիպ հնարավորություն՝ կինոկրթությունը դարձնելով առօրյա ինչպես դպրոցականների, այնպես էլ բոլոր նրան համար, ովքեր ցանկություն կունենան ծանոթանալու հայկական կինոյի հարուստ պատմությանն ու ժամանակակից հայ կինոյի զարգացումներին:
Կինոթանգարանային կոնցեպտը բոլորին ծանոթացնելու է հայկական կինոյի ժառանգությանը, էպոխային դրվագներին՝ բացառիկ մանրամասներով և քիչ հայտնի իրադարձություններով՝ ներկայացնելով հայ կինոարվեստը, այն ստեղծողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայ կինոյի ստեղծման, զարգացման, տարածման գործում, ովքեր կայացնում են այսօրվա կինոն:
Իսկ այս ամենի արդյունքում Կինոյի տան մեծ դահլիճ են վերադառնալու հայկական կինոպրեմիերաները, ամենօրյա կինոցուցադրումները, կինոհանդիպումներն ու քննարկումները, փառատոներն ու մրցանակաբաշխությունները:
Եվ սա դեռ ամենը չէ:
Նորաբաց տարածքը որպես բազմաֆունկցիոնալ հարթակ իր ծառայություններն է մատուցելու ամենատարբեր իրադարձությունների՝ ցուցահանդեսների, կինոցուցադրությունների, գիտաժողովների, շնորհանդեսների, քննարկումների և այլնի համար, որոնց կազմակերպիչները կգերադասեն մինիմալիստական լուծումներով ժամանակակից միջավայրը՝ յուրահատուկ էսթետիկայով և ոճավորմամբ:
Դեռ ժամանակ կունենանք հանգամանորեն պատմելու իրականացվելիք նախագծերի մասին:
Իսկ հիմա ուղղակի ասենք, որ այս մեծածավալ նախագծի ստեղծումը, այս ժամանակակից մշակութային տարածքի կայացումը հնարավոր է դարձել բազմաթիվ մարդկանց ու ընկերությունների մեծ ջանքի, նվիրյալ գործի շնորհիվ և ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքում:
 
Շնորհակալ ենք՝
TripleA ընկերության ողջ անձնակազմին՝ հրաշալի միկրոցեմենտային դեկորատիվ հատակի համար: Ժամանակակից աշխարհի այս նորույթը՝ շնորհիվ այս ընկերության, այսօր նաև Կինոյի տանն է՝ բացառիկներից մեկը մշակութային միջավայրում:
Black orange՝ ընկերությանը բոլոր նյութերի բարձրակարգ տպագրության և դիզայն կոնցեպտի մտահղացումն իրականություն դարձնելու համար:
Penta Paint ընկերությանը՝ ժամանակակից բարձրորակ ներկերի համար, որոնք հնարավորություն տվեցին իրականացնել էսթետիկ միջավայր ստանալու մեր ցանկությունը:
«Պլանկա» ընկերությանը՝ դիզայն կոնցեպտի մաս հանդիսացող փայտային էլեմենտների մշակման, նախագծման ու իրականություն դարձնելու համար:
Ճարտարապետ Արինէ Քեշիշիին՝ խորհրդատվության և անշահախնդիր գործակցության համար:
Դիզայներ Սամվել Մելքոնյանին՝ գիշերներով անտրտունջ ստեղծագործելու համար:
Եվ ընդհանրապես՝ շնորհակալ ենք բոլոր վարպետներին, շինարարներին, կամավորներին, բոլոր մեզ օգնողներին, որոնք հնարավորություն տվեցին հոկտեմբերի 30-ին, ժամը 19-ին բացել Կինոյի տան վերջին փակ դուռն ու կարմիր գորգով ներս հրավիրել Կինոթանգարանի ու Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխության հյուրերին:
Վստահ ենք, որ բոլորը ներս մտան հուզմունքով, գոհունակությամբ և արժևորված:
 
orer.eu