Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, համագործակցելով Հայաստանում քարտեզների հրատարակության գործում մասնագիտացած «Կոլաժ» հրատարակչության հետ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։ Սա Մայր Աթոռի հրատարակչության առաջին փորձառությունն է առանձին քարտեզ հրատարակելու, սակայն վանքերի և եկեղեցիների տեղագրման խտության տեսանկյունից նախադեպը չունի։
Քարտեզները բացառիկ են նաև սահմանագծման տեսանկյունից, քանի որ երեք տարբեր գծագրումով նշված են Արցախի, ԼՂԻՄ և ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020 թ-ին բռնազավթված տարածքների սահմանները, որի միջոցով հնարավոր է հստակ տեղորոշմամբ տեսնել այն վանքերը, եկեղեցիները և պատմա-կրոնական նշանակություն ունեցող հուշարձանները, որոնք մնացել են գերության մեջ։ Քարտեզը, վստահաբար, օգտակար կլինի թե՛ պատմաբանների, թե՛ հուշարձանագետների, թե՛ միջազգայնագետների և թե՛ թեմայով հետաքրքրվող այլ անձանց։